Նիկոլ Փաշինյանը խաբել է. ՄԱՍ 13

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի մարտի 18-ի կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվում էր, թե ինչ վիճակում է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակը: Չնայած հարցին արձագանքում է այն ժամանակվա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն այժմ պաշտպանության նախարարի պաշտոնին է, բայց Փաշինյանի հանգիստ ու հպարտ տեսքից կարելի է ենթարդել՝ Պապիկյանի, այսպես ասած, «լավ լուրը» Փաշինյանը նախապես է իմացել: «Այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի, որպես այդպիսին, քիչ կունենանք»,- ասում էր Պապիկյանը, ինչից հետո Փաշինյանը եզրակացնում էր, որ այդ տարի՝ 2021-ին, գյուղացին ջրի խնդիր չի ունենա: Մի քանի ամիս անց, սակայն, 2021-ի հունիսի 29-ին՝ նորից կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանն արդեն ահազանգում էր. «Հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին՝ ջրօգտագործման ոլորտում եւ ոռոգման ջրի ասպարեզում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք արդեն բավական երկար տարիներ արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլեւս ոչ թե առանձին վերցված մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երեւույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն պրոբլեմները, որ ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ մենք, մասնավորապես, ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, եւ գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձեւակերպում»: Փաշինյանը, փաստորեն, 4 տարվա տարբերությամբ հերքում էր իր իսկ կաբինետի վստահությունն առ այն, որ Հայաստանը ոռոգման ջրի խնդիր չի ունենալու: Սա կա՛մ իրավիճակին ու ջրային ռեսուրսներին չտիրապետել է նշանակում, կա՛մ էլ Փաշինյանն ու յուր թիմակիցները պարապ տեղը գլուխ են գովել: Վերհիշելով Փաշինյան-Պապիկյան՝ մոտ մեկ տարի առաջ երկխոսությունը՝ նկատենք՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է:

 

 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին վերջերս մի խնդրանքով է դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի խիստ հավաստի տեղեկություններով՝ Դավթյանը Ռուսաստանի գործընկերոջը խնդրել է իրեն Համագործակցության մեդալ շնորհել հետագայում այն ճիշտ տեղում ու ճիշտ նպատակին ծառայեցնելու համար: «Բացարձակ հերյուրանք է, իրականության հետ որեւէ կապ չունի»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Թեեւ հստակ չէ՝ ՀՀ գլխավոր դատախազը վերընտրվելու ցանկություն կամ հնարավորություն կունենա, թե ոչ, բայց, ըստ մեր տեղեկությունների, իշխանություններն այս պաշտոնի համար բոլորովին այլ մարդու թեկնածություն են դիտարկում: Այս տարվա հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ գլխավոր դատախազին «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով էր պարգեւատրել: Հաղորդագրությունը կարդացողներն այն տպավորությունն էին ստանում, թե Վլադիմիր Պուտինն անձամբ ու միայն Դավթյանին է պարգեւատրել, այնինչ նմանատիպ հուշամեդալներ ՌԴ նախագահն ավելի քան 3000 դատախազի է շնորհել: Դեռեւս 2021-ի ապրիլի 20-ին ՌԴ նախագահ Պուտինի կողմից ստորագրված հրամանի մեջ նշվում է՝ «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հուշամեդալով ովքեր են պարգեւատրվելու. դրանք թե՛ ՌԴ, թե՛ նախկին ԽՍՀՄ երկրների՝ համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող անձինք են: Այնպես որ, նմանօրինակ մեդալներ, Դավթյանից բացի, 3 հազարի հասնող տարբեր այլ մարդիկ էլ ունեն:

 

 

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է միայն դիտորդի կարգավիճակում հետեւել Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը մայիսի 1-ից սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների մասին:  «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ մայիսի 5-ին էր ստացել ՀՀ նախագահի պատասխանը, որում ասվում էր. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»: Հաշվի առնելով այդ պատասխանից հետո տեղի ունեցած դեպքերը, ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ իրականացված բռնության, վնասվածքների դեպքերը, զանգվածային ձերբակալութուններն ու կալանավորումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն: Այս անգամ եւս ստացանք նույնաբովանդակ պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի մեկնաբանությունը Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ անփոփոխ է. մեկ անգամ եւս նշենք. Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»: Հետաքրքիր է՝ ինչ պետք է լինի անհնազանդության ակցիաների ընթացքում կամ հետեւանքով, որ հանրապետության նախագահը վերջապես որոշի կարծիք հայտնել:

 

 

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, բայց շատ պաշտոնյաներ այդ կարեւոր գործը էլի թողել են վերջին օրերին:  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ ու գերլարված իրավիճակ է ստեղծել: Ավելին՝ թեեւ ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայտարարատու պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը: Դրա հետեւանքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը երբեմն խափանվում է: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, որն ի պատասխան հայտնեց. «Այդպես չէ, որ շատերը չեն ներկայացրել հայտարարագիրը: Բավականին թվով հայտարարատուներ ներկայացրել են արդեն, բայց սովորաբար բոլորը այդ վերջին պահին են լրացնում. այդպես չէ, որ խնդիր են ունեցել: Ծանրաբեռնվածությունը զուտ կայքի հասանելիության խնդիրն է, տեխնիկապես արդեն դժվար է սպասարկում, մեկ էլ զանգերն են շատ, բայց, նախորդ տարիների համեմատ, ավելի է կատարելագործվել գործընթացը եւ այս պահին ավելի բարվոք վիճակում է», – նշեց նա: Հավելենք, որ հայտարարագիր լրացնելը խիստ կարեւոր գործընթաց է կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, սակայն անգամ իշխանական շատ գործիչներ դրան մատերի արանքով են նայում:




Լրահոս