«Այժմ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից»,- ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր նետեց՝ ասելով՝ թող վերադառնա Սերժ Սարգսյանի կետին:
-Եռակողմ հանդիպումից հետո գրառում էիք կատարել՝ ասելով, թե հաղորդագրություններից նաեւ պարզ է դառնում, որ Եվրոպական միությունը հրաժարվում է Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթից: Ինչո՞վ կբացատրեք այս ամենը: Այդ հաղորդագրության մեջ, առհասարակ, ի՞նչ եզրույթներ կային, որոնք տարօրինակ էին:
-Ոչ միայն տարօրինակ են, այլեւ հակահայկական ու հակապետական են, ու դա գալիս է Նիկոլ Փաշինյանի վարչակազմից ու նրա պետական գործունեությունից: Ամենագլխավոր խնդիրը, որը մենք այսօր ունենք, այն տխուր փաստի արձանագրումն է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվել է Արցախից, Արցախի ինքնորոշման իրավունքից: Նա մեծաբերանի նման 2018թ. ասում էր՝ երբ պետք լինի, Սերժ Սարգսյանի բանակցած կետին գրավոր կվերադառնամ, հիմա պետք է իրան ասել՝ եթե կարող ես, վերադարձի, եթե տղա ես ու իսկական գործիչ ես, ես քեզ չելենջ եմ անում, վերադարձի՛ր: Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթում հիմնարար երեք սկզբունքներ են եղել. եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, եղել է միջանկյալ կարգավիճակ ու եղել է պարտադիր հանրաքվե՝ վերջնական: Եղել է, որ Քարվաճառն ու Լաչինը պետք է մնա մերը: Եղել է, որ Շուշին ու Հադրութը երբեք չեն լինելու Ադրբեջանինը: Հիմա տղա ես՝ վերադարձի՛ր: Հիմա տեսեք, թե սա ինչ է անում: Ինքորոշման իրավունքը՝ որպես Արցախի ժողովրդի հիմնարար սկզբունք, չկա, տեղը գալիս է արցախահայության իրավունքը: Դրանք կարող են լինել կուլտուրմշակութային իրավունքներ, կիրակնօրյա դպրոց, հայոց լեզվի ուսուցում եւ նման բաներ: Փաստացի Նիկոլ Փաշինյան կապիտուլյանտի բանակցությունների արդյունքում Ղարաբաղի կարգավիճակն ավելի ցածր է: ԼՂԻՄ-ը ուներ ավելի լավ կարգավիճակ, քան այսօր Նիկոլ Փաշինյանի ժամանակ բանակցվում է: Այսինքն՝ 30 տարի շարունակ գրեթե 20.000 զոհվել է, գրեթե 50.000 մարդ վիրավորվել է, այդքան զրկանքներ տարվել են նրա համար, որ ոչ թե կարգավիճակի բարձրացում լինի, այլ նշաձողի իջեցում:
-Շառլ Միշելի հայտարարության մեջ խոսք է գնում դեմարկացիա-դելիմիտացիայի մասին, շրջանները իրար կապող ճանապարհների մասին: Այսինքն՝ դրանից հետո Հայաստան-Արցախ կապն ինչպե՞ս պետք է լինի:
-Արցախ պետք է լինի, որ Հայաստան-Արցախ լինի: Այդ փաստաթղթով Արցախ չկա, արցախահայության ինչ-որ իրավունքներ կան: Արցախ՝ որպես սուբյեկտ, չկա, նշված է արցախահայության իրավունքներ: Սա էլ է Նիկոլի մտածածը: Դեռ 2018 թվականին խոսում է Ղարաբաղի հայերի մասին: Ես միակն եմ եղել, որ ասել եմ՝ ինչ Ղարաբաղի հայեր. եթե այդպես ենք ասում, ուրեմն կան Ղարաբաղի ադրբեջանցիներ: Ուրեմն դու այս խնդիրը տանում ես համայնքային վեճի մակարդակի՞: Նիկոլն էն, ինչ անում է հիմա, Ալիեւի հերն էլ, տղեն էլ կերազեին, որ երազեին, չէին էլ մտածի, որ նման բան կարող է լինել: Ամբողջ թուրքական աշխարհը չեն երազել, որ Շուշին ու Հադրութը իրենցը կարող է լինել: Եթե այսօրվա վարչապետ կոչվածը չի խոսում Շուշիի ու Հադրութի օկուպացիայից, չի խոսում, որ Ադրբեջանը մեր 41 կմ-ը օկուպացրել է, էլ ինչի՞ մասին է խոսքը: Ասում էր՝ 1-2 ամիս հետո գերիները պետք է վերադառնան. վերադարձե՞լ են:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԴԻՄԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
«Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը»,- այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Օրեր առաջ տելեգրամյան ալիքում @ararathau անունով օգտատերը տեղադրել էր մի տեսանյութ, որտեղ արձանագրվում է Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակի ոչնչացումը. պուրակի բացակայությունը։ Իսկ, ահա, նկարում երեւում է պուրակն ու վերջինիս կառուցման մասին արձանագրությունը, համաձայն որի՝ այն կառուցվել էր՝ ի հիշատակ Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների եւ Սոկրատ Աղաբեկյանի։
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է՝ անկախ մեր խաղաղության օրակարգերի, եւ սա եւս մեկ անգամ վկայում է, որ «հարեւանները» միայն մեկ նպատակ ունեն՝ ոչնչացնել մեր հետքը, իսկ կեղծ խաղաղության քողի տակ դա իրականացնելն առավել հեշտ է, իսկ հետեւանքներն էլ՝ ավելի մեղմ։ Գրություններ եմ պատրաստում՝ միջազգային գործընկերներիս վերոնշյալ փաստերը ներկայացնելու եւ համապատասխան արձագանք պահանջելու մասին։
Հ.Գ. Հաագայի՝ 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն եւ բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաեւ ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի եւ հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը, ըստ 15-րդ հոդվածի, որակվում է որպես միջազգային հանցագործություն։
Ըստ Ժնեւի՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի՝ 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները՝ արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»»։
ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Օրակարգը կհաստատվի այսօր ԱԺ խորհրդի նիստում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 24 հարց: Օրակարգի ամենավերջին հարցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն է: Տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցության պարագայում 2022թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը էականորեն նվազեցվել է: Միջնաժամկետ հատվածում եւս տնտեսական աճը, նախորդ կանխատեսման համեմատությամբ, ավելի ցածր կլինի: Կքննարկվի նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով այսուհետ արգելվելու է բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը տերմինալներից: Ըստ այդ փոփոխության՝ այսուհետ արգելվելու է շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները, ինչպես նաեւ արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը եւ շահումների տրամադրումը կանխիկ գումարով: Եվ օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԺ ԿԳՆԱ
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները խորհրդարանում կքննարկվեն մայիսի 31-ին: Այդ օրը, ավանդույթի համաձայն, խորհրդարան կգա եւ այդ քննարկումներին բացման խոսքով հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեկ շաբաթ տեւող քննարկումների ժամանակ՝ յուրաքանչյուր օր, տեղի են ունենալու հանձնաժողովների համատեղ նիստեր, որի ժամանակ ոլորտային կառույցների ղեկավարները կգան եւ անձամբ կներկայացնեն նախորդ տարվա բյուջեի կատարողականի արդյունքները, ապա կպատասխանեն նաեւ պատգամավորների հարցերին: Հավելենք, որ ի սկզբանե Հայաստանի Հանրապետության 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվել է ՝
1) ա. եկամուտների գծով` 1,659.2 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),
բ. ծախսերի գծով՝ 2,000.6 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 341.4 մլրդ դրամ:
2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2021 թվականի բյուջեները գնահատվում են՝
ա. եկամուտների գծով՝ 149.7 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),
բ. ծախսերի գծով՝ 149.7 մլրդ դրամ:
Եվ արդեն մայիսի 31-ից պարզ կլինի, թե որքանով է բյուջեն կատարվել: