Անի Բայաթյանը` Արտավազդ Բայաթյանի դուստրը, հորից ժառանգել է սերն արվեստի նկատմամբ: Նա մասնագիտությամբ դերասանուհի է: Հեռուստադիտողը կհիշի Անիին «Վերվարածները» սերիալից, որտեղ նա մարմնավորում էր Համեստի կերպարը: Անին երկար ժամանակ է` չի երեւում էկրանին, բայց ինչպես ինքը հավաստիացրեց, դա չի նշանակում, որ իր մասնագիտությամբ չի զբաղվում: Զրույցից պարզ դարձավ, որ դերասանուհին փորձում է իրեն նաեւ ռեժիսուրայի բնագավառում:-Շատերն են ինձ հարցնում` ո՞ւր եմ կորել: Բայց ես չեմ կորել, պարզապես այս պահին չեմ ուզում նկարվել սերիալում: Երբ մի անգամ հարցրին` իսկ ինչո՞ւ չես նկարվում, ես կատակով ասացի` իմ չեմուլիկները շատացել են: Այնքան եմ ասել ո՛չ, որ հիմա ինձ այդ հարցով էլ չեն դիմում:-Իսկ ինչո՞ւ ես մերժում: Ի՞նչ տարբերություն` որտեղ նկարվես: Չէ՞ որ դու դերասանուհի ես:-Նախ` լավ առաջարկ չեմ ստացել: Երեւի կա ստեղծված կարծիք, որ ես, բացի բացասական դերերից, ուրիշ ոչ մի բան չեմ կարող խաղալ, սպասում են, որ այդպիսի կերպար լինի, նոր առաջարկեն: Այս պաուզան ինձ հարկավոր էր, բավականին հանգստացա: Հետո էլ իմ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ ռադիո «Արձագանք»-ում որպես լրագրող-հաղորդավար, նաեւ 11 տարի է, ինչ Պատանի հանդիսատեսի թատրոնում եմ աշխատում, հիմա էլ սցենարներ եմ գրում փոքրիկ ֆիլմեր նկարելու համար:-Դերասանությունից բացի, ռեժիսորական գործունեություն ծավալո՞ւմ ես:-Այո՛, ծավալում եմ, բայց դրա մասին բարձր չեմ ասում, բավականին շատ աշխատանքներ եմ արել այդ ուղղությամբ: Ուզում եմ նաեւ իմ ֆիլմերի շարքը նկարել, որոնց սցենարների հեղինակը ես կլինեմ:-Ովքե՞ր կնկարահանվեն այդ ֆիլմերում՝ նոր դերասաննե՞ր, թե՞ արդեն հայտնի դեմքեր:- Ե՛ւ նորերը, ե՛ւ հայտնի մարդիկ: Հիմա մի տեսակ տարածված երեւույթ է` սերիալում նկարել մարդկանց, որոնք նոր են, ոչ մի տեղ չեն երեւացել, քանի որ կարծիք կա, որ հոգնել են հին դեմքերից: Ես դրա կողմնակիցը չեմ: Իմ ֆիլմերում էլ ընտրելու եմ հետաքրքիր եւ շնորհքով մարդկանց:-Դե՞մ եք, երբ մարդիկ, չունենալով դերասանական կրթություն, հայտնվում են էկրանին:-Ես դրան բացասական եմ վերաբերվում: Չնայած, մարդը կարող է կրթություն չունենալ, բայց տաղանդավոր լինել, եւ նրա շնորհքը բացահայտվի խաղալու ընթացքում: Բայց կա մարդկանց շարք, որ փողոցից են վերցված: Յուրաքանչյուր դերասանի համար էլ ցանկալի է, որ իր դիմացինը լինի խաղացող, որ կարողանա քեզ թեկուզ օգնի ու ճիշտ մատուցի իր կերպարը:Նայում եմ` լուրջ տեսարան է խաղացվում: Այս խեղճ դերասանը տանջվում է, իսկ ոչ պրոֆեսիոնալը մի բան է ասում, այն էլ էնպես, կարծես տեքստ է կարդում: Դե նրան տվել են, ասել են` անգի՛ր արա: Երբ նայում եմ այդ դերասանին, հասկանում եմ, որ խաղընկերոջից նա կոտրվում է: Կողմնակից չեմ դերասանության հետ բացարձակապես կապ չունեցող մարդկանց նկարելուն:-Ձեր խոսքից այնպես ստացվեց, որ այսօրվա հեռուստատեսությունը լցված է ոչ պրոֆեսիոնալներով:-Այդ մասին միայն ես չէ, որ պետք է ասեմ: Ցավում եմ, որ շատ լավ դերասաններ ստիպված են գնում այդ քայլին: Գնալով մի բանում եմ համոզվում, որ ոչ պրոֆեսիոնալին նկարահանման հրապարակ բերելը շատ ավելի մատչելի տարբերակ է, եւ դա արվում է հենց այն պատճառով, որ շատ գումար չծախսվի: Հիմա մեր բոլոր հեռուստաընկերությունների մոտ ռեյտինգոմանիա է:-Կա՞ մի հեռուստաալիք, որը սիրով եք նայում:-Հիմա ես շատ քիչ եմ հեռուստացույց նայում, իմ աղջիկը հիմնականում մուլտեր է նայում է, դե ես էլ նրա հետ նույն բանն եմ անում: Բայց արանքում նայում եմ, ինձ էլ է հետաքրքիր, թե ինչ սերիալներ են նկարում, ինչ իրադարձություններ են ծավալվում:-Եւ ի՞նչ եզրահանգման եք գալիս:-Տեսնում եմ, որ կան նաեւ դերասաններ, որոնք ոչինչ չեն կարողանում անել, պարզապես դերասան են կոչվում, քանի որ երեւում են էկրանին: Չեմ ուզում լինել այն ամենի կողքին, ինչով հիմա լցված է եթերը: Դա միայն իմ կարծիքը չէ: Ես նեղվում եմ, որ «դերասաններն» անպատրաստ են գնում նկարահանման հրապարակ: Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին, միշտ պատրաստված եմ գնացել:-Իսկ հայրդ` Արտավազդ Բայաթյանը, քեզ խորհուրդներ տալի՞ս է:-Նա միշտ իմ կողքին է: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ստացա սերիալում նկարահանվելու առաջարկ, առաջին մարդը, ում հետ խորհրդակցել եմ եւ թույլտվություն ստացել, հայրս էր:-Ինչո՞վ է զբաղվում փոքրիկդ:-Աղջիկս մեծացել է, արդեն դպրոց է գնում: Մենք առաջին դասարան ենք: Հիմա աշխատում եմ ամեն ինչ անել, որ նրա հետ կրկին սովորեմ: Ստացվում է, որ ես էլ եմ աշակերտուհի:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«ԱՂՋԿԱՍ ՀԵՏ ՄՈՒԼՏԵՐ ԵՄ ՆԱՅՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ