Այս դեպքում մենք պետք է խոսենք միայն դաժան վերաբերմունքի մասին, որը ես խստորեն դատապարտում եմ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններին:
«Խոսքը գնում է, ոչ միայն պատգամավորների, այլ բազմաթիվ մարդկանց նկատմամբ ոստիկանների կողմից առանձնահատուկ դաժան վերաբերմունքի մասին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ունի այդպիսի հոդված, որտեղ կա հստակ տարբերակում, եթե հասցվում է թեթեւ, կամ միջին ծանրության վնասված, ապա այդտեղ կա հասանելիք պատիժը: Այս առումով ես համոզված եմ, որ ոչ թե պետք է վարչական օրենսգրքով դիտարկեն այդ դեպքերը, այլ քրեական օրենսգրքով, որովհետեւ չի կարելի մտածել, որ դա եղել է ուժի ոչ համաչափ կիրառում, որովհետեւ ակնհայտ երեւում է ոստիկանների առանձնահատուկ դաժանությամբ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ»,-ասաց մեր զրուցակիցը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով այն ինչ կատարվում է այսօր խախտում է ոչ միայն Մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, քաղաքական իրավունքները եւ ազատ արտահայտման միջազգային նորմերին, այլ նաեւ կոնվեցիայի. «Ըստ կոնվեցիայի՝ սա անվանումն է կտտանքների, դաժան վերաբերմունքի անմարդկային եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի մասին»:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել «Դիմադրություն» շարժման անդամները: Նրանք շրջափակել էին Կառավարական 3-րդ մասնաշենք, ցանկանում էին ներս մտնել շենք: Քաշքշուկ եւ իրարանցում էր տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ:
Լիդա Եղիազարյան