Վագոն-տնակում հայտնված ընտանիքը հիմքից տուն է կառուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքի անդամներից երկուսի կյանքը փրկելու համար, տունը վաճառելու՝ պարտադրված քայլ, վագոն-տնակում հայտնվելու տխուր իրականություն… տուն կառուցելու համար ներդրված անօգուտ ջանքեր և 44-օրյա պատերազմից գլխի ու ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով վերադարձած զավակ: Թեև Ներսիսյանների ընտանիքի ապրած տարիները հեշտ չեն եղել, սակայն դրանք արդեն անցյալում են մնացել: Տարիներ առաջ սկսած շինարարությունն ավարտելու ցանկությունն իրականություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:

Ներսիսյանների հետ գործընկեր կազմակերպությունների ղեկավարների նախորդ հանդիպումը եղել է ամիսներ առաջ՝ շինարարության ընթացքում: Չնայած աշխատանքի մեծ ծավալին, հիմքից տուն կառուցելու գործում ակտիվ ներգրավված ընտանիքը, ձգտել է օր առաջ ազատվել վագոն-տնակից: Տան մեծ մասն իր ձեռքերով կառուցել է ընտանիքի հայրը՝ արհեստավոր Վահանը: Այժմ, երբ իր տունն արդեն կառուցված է, աշխատում է հայրենակիցների տան շինարարությունն ավարտին հասցնել: Իսկ որդու ընկերոջից վերցրած վագոն-տնակի տեղում այգի է լինելու:

«Բազում փորձությունների միջով ենք անցել ու անհաղթահարելի թվացող խնդիրներ լուծել, սակայն ամեն դժվարությունից հետո, ավելի ենք ուժեղացել: Սեփական տանիքի տակ երեխաներիս ու թոռներիս տեսնելը գերագույն նպատակ ու երազանք է եղել: Դեռ չեմ հավատում, որ դա արդեն իրականություն է»,-ասել է Վահանը:

Աջակցող կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները դարձյալ եղել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այս անգամ՝ ոչ թե աշխատանքների ընթացքին հետևելու, այլ՝ նորակառույցի բնակիչների հետ արդյունքը վայելելու համար:

«Այս ծրագիրը կարևոր արժեհամակարգ է ձևավորում և՜ իրականացնող կողմի, և՜ տան տեր դարձած մեր հայրենակիցների մոտ: Ընդ որում՝ անկախ մասնագիտությունից և կյանքում զբաղեցրած դիրքից: Օգնության ձեռք մեկնողն ու այն ստացողը սկսում են ավելի հստակ պատկերացնել զարգացման մեխանիզմն ու գնահատել ձեռքբերումը: Այդ արժեհամակարգի հիմքում միասնությունն է, խնդիրները համախմբված լուծելու և կամավորության սկզբունքներով օգտակար լինելու պատրաստակամությունը: Երբ այդ ամենը, տարիների ընթացքում նստում է մարդու ենթագիտակցության մեջ՝ հետագա քայլերն ավելի մեծ արդյունք են տալիս: Նաև այդպես է զարգանում երկիրը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բազում դժվարություների միջով անցած այս ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարկի տակ ապրելու բերկրանքը: Ուրախ ենք, որ ևս մեկ ընտանիքում երեխաները ստիպված չեն լինի ապրել տնազրկության հոգսով, կվայելեն անհոգ մանկություն ու երջանիկ ապագայի երաշխիք կունենան»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի տասնամյա գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը, առաջիկայում վերականգնելու են համավարակի պատճառով ընդհատված՝ կամավորության աշխատանքները: Դրանք կարևոր են ոչ միայն ընտանիքներին աջակցելու, այլև խնդիրները միասնաբար լուծելու՝ գաղափարը տարածելու տեսանկյունից:




Լրահոս