Գործադիրն արբանյակի մասին ստույգ տեղեկություն չի հայտնում. գիտնականները չեն շտապում ուրախանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի համոզմամբ՝ միանշանակ ու ստույգ չի կարելի պնդել, թե Հայաստանն արբանյակ ունի: Ինչո՞ւ, որովհետև արբանյակ ունենալ նշանակում է ամբողջովին տիրապետել դրա կառավարմանը և հասանելիություն ունենալ տվյալներին։

ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ կարծիք ու վերլուծություն անելուց առաջ պետք է հասկանալ՝ ի՞նչ արբանյակի մասին է խոսքը, իսկ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախանարությունը որևէ տվյալ, տեղեկություն չի հայտնում:

«Այսինքն՝ նախապես ձեզ՝ մասնագետներիդ հետ ոչինչ չե՞ն հստակեցրել, չե՞ն քննարկել»,- հարցին Միքայելյանը բացասական պատասխան է տալիս ու ավելացնելով, որ դատողություններ կարող է անել, բայց քանի որ մանրամասնությունների չի տիրապետում, հետևաբար չի կարող ասել՝ դրանցի ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ:

«Տարբեր բաներ են գրում, լրագրողներից մեկն էլ գրել էր, թե նայել են, ու ոչ մի տեղ չի երևում արբանյակը: Այնպիսի մի վիճակ են ստեղծել… Ես կգերադասեի, որ հստակեցնեին, իմանանք, որ Հայաստանը արբանյակ ունի, նոր կոնկրետ խոսենք, ուրախանանք: Նորմալ, այսինքն՝ լուրջ գործառույթներ իրկանացնող երկրակայուն արբանյակները 200-250 միլիոն դոլար արժեն։ Մեր կառավարությունը երբեք որևէ գումար չի հատկացրել, որպեսզի Հայաստանն արբանյակ ունենա։ Հնարավոր է՝ արբանյակը մասնաբաժնով է հայկական, մերոնք ինչ-որ մշակումներ ունեն։ Դրա համար էլ այս ինֆորմացիան դեռ վերջնական չհամարենք, մինչև ամեն ինչ հստակ հասկանանք»,- շեշտում է նա:

Ս.Վ.




Լրահոս