
2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան կատարած գործարքների հանրագումարից 10%-ի չափով հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամը):
Այս մասին մեկ անգամ ևս տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու նշում, որ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական։
Համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ միջոցառմանը միանալու համար: Այս պահի դրությամբ ծրագրին արդեն իսկ միացել են «ՎՏԲ Հայաստան բանկը», «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։
Նախարարությունը վերոնշյալ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։