Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Թե կոնկրետ երբ եւ սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը չի բացահայտել:
«Քննարկումը բաց էր եւ արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը եւ անհետ կորածների ճակատագրերը: Հետեւյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման եւ սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», – նշեց Միշելը:
Նկատենք, որ սա Միշել – Փաշինյան – Ալիեւ ձեւաչափով արդեն երրորդ հանդիպումն էր Բրյուսելում, որը մեկնարկեց երեկ երեկոյան եւ ավարտվեց կեսգիշերն անց: Բանակցություններից հետո ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չպատասխանեցին: Կարճ հայտարարություն արեց միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաեւ տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, եւ պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, Հայաստանի տարբեր հատվածների միջեւ Ադրբեջանի տարածքով, ինչպես նաեւ, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների եւ ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների եւ տարանցման տուրքերի շուրջ», – նշեց Շառլ Միշելը:
Սահմանային հանձնաժողովների աշխատանքը
Եվրախորհրդի նախագահը տեղեկացրել է, որ «առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, կդիտարկվեն սահմանագծման հետ կապված բոլոր հարցերը, եւ թե ինչպես ամենից լավ ապահովել կայուն իրավիճակ»։
Հաղորդակցությունների ապաշրջափակում
Նրա խոսքով՝ ղեկավարները պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։
«Նրանք համաձայնեցրել են արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջեւ տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաեւ միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, հողօգտագործման սկզբունքների, ինչպես նաեւ մաքսային կանոնների շուրջ՝ միջազգային փոխադրումների համատեքստում։ Առաջիկա օրերին փոխվարչապետերը կշարունակեն այս աշխատանքը»,- ասել է նա։
Խաղաղ պայմանագիր
Միշելը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ղեկավարները պայմանավորվել են շարունակել ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը, որով կկանոնակարգվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները։
«Առաջիկա շաբաթներին արտաքին գործերի նախարարների ղեկավարած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղեգծի՝ ես նաեւ ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է լուծել Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը»,- ասել է նա։
Սոցիալ-տնտեսական զարգացում
Եվրախորհրդի նախագահը նաեւ նշել է, որ ԵՄ-ը երկու կողմերի հետ միասին առաջ կտանի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը կփորձի աջակցել տնտեսական զարգացմանը՝ ի բարօրություն երկու երկրների եւ նրանց բնակչության։
«Ես նաեւ ընդգծել եմ երկարատեւ կայուն խաղաղությանը բնակչությանը պատրաստելու կարեւորությունը։ Եվրախորհուրդը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք սերտ շփում պահպանել եւ նորից կհանդիպենք նույն ձեւաչափով հուլիս-օգոստոսին»,- ամփոփել է Միշելը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Մայիսի 23-ին տեղի ունեցավ ԵՄ պատվիրակության ղեկավարի եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ քննարկելու մարդու իրավունքների ներկա իրավիճակը։
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Հելդար Ալիեւ-2022» անունը կրող զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 26-ը։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են տանկային եւ այլ ստորաբաժանումներով:
92 ԴԵՊՔ
Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն սերտ շփման արդյունքում, օդակաթիլային եղանակով փոխանցումը հնարավոր չէ, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որեւէ դեպք չի նկատվել: Այս մասին ասել է ՀՎԿԱԿ-ի մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Վերջին տվյալներով՝ 13 երկրում, այդ թվում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 92 դեպք: Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել:
ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն՝ ստուգում են կատարել «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք. Գյումրի): Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝ արտադրամասի պատերը եւ առաստաղն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող եւ ախտահանվող չեն եղել, արտադրամասի սարքավորումների արտաքին մակերեսները՝ ժանգոտված, իսկ տորթերի եւ հրուշակեղենի ձեւավորման սեղանները անհարթ ու վնասված եզրերով են եղել: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ
«Ամեն օր նոր մարտահրավերներ են առաջ բերում մեզ համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ եւս մեկ անգամ անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս նախագծով իշխանությունը ցանկանում է արագ խնդիր լուծել. «Պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի, եւ լրագրողն իմանա, թե, օրինակ, որ դեպքում ինքը կարող է զրկվել հավատարմագրումից, հակառակ դեպքում դաշտը բաց է, եւ ցանկացած գերատեսչություն կարող է կամայականորեն որոշել եւ ազատվել ոչ ցանկալի լրագրողներից կամ գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Այսինքն՝ պետք է հստակ հիմքերը նշել, թե որ դեպքում ինչ հիմքեր կան, եւ որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից: Օրենքի որոշակիության պահանջի խնդիր կա, հիմքերը հստակ սահմանված չեն, հետեւաբար եթե հիմքերը չկան, ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկել»: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնել օրենսդրական բացըեւ պետական մարմնին եւս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: