Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան առեղծվածային վաճառքի հարցը հասավ Վճռաբեկ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը բողաքարկել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: ArmLur.am-ը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող 5 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը մերժել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է ուժի մեջ: Ասել է թե՝ դատարանը մերժեց դատախազի բողոքը, թե ինչպես է նախկին վարչապետի տունը կալանքից հանվել, եւ դատախազությունը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Թե ինչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը, սպասենք զարգացումներին:
Ինչպես հայտնի է, Մոնումենտում գտնվող եւ քրեական գործերով անցնող շքեղ դղյակն Աբրահամյաններին հաջողվել էր վաճառել այս տարվա մարտի 1-ին: Մինչ այդ Արգամ Աբրահամյանին հաջողվել էր առանձնատան վրայից հանել կալանքը: Կալանքը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հանել է Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կեմիտեն:
Հիշեցնենք, որ 2018 թվականին հարուցված քրեական գործով այդ դղյակը համարվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման իրեղեն ապացույց: Այս առանձնատան վաճառքը դարձավ լուրջ կռվախնձոր: Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեմայով լուրջ կռվախնձոր սարքեցին, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:
Բանը հասավ Ազգային անվտանգության ծառայությանը. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ, դատելով իրավիճակից, բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ նախաքննական մարմինը սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննել է տան գնորդ Նարեկ Նալբանդյանին, սակայն մինչ օրս հարցաքննված չեն առանձնատունը վաճառած անձինք, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ու իր որդին՝ Արգամ Աբրահամյանը:
Չի բացառվում, որ վերոնշյալ անձինք հարցաքննության չհրավիրվեն, քանի որ նախաքննական մարմինը ստուգում է առք ու վաճառքի գործողություները՝ հասկանալու համար, թե որտեղ կա ապօրինություն: Ակնհայտ է մեկ բան՝ Ազգային անվտանգության ծառայությունը դեռ քննում է վաճառքի գործընթացը, իսկ դատախազությունը կռիվ է տալիս դատական համակարգում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ
Ոստիկանությունում արձանագրվող դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջերս արձանագրվում է խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեխանիզմ։ Հանցավոր նպատակ ունեցող անձինք առուվաճառքի կայքերում գտնում են «Այֆոն» բջջային հեռախոսների վաճառքի հայտարարություններ։ Հեռախոսային ուղիղ կապով կամ բջջային հավելվածի միջոցով զանգում են վաճառողին եւ բջջային հեռախոսի աշխատունակության հետ կապված հարցեր տալիս։ Այնուհետեւ վաճառողին տրամադրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը եւ խնդրում, որ նա դրանք հավաքի իր հեռախոսում, որպեսզի գնորդը, իբր, համոզվի՝ վաճառվող հեռախոսը աշխատունակ է, թե ոչ։
Բջջային հեռախոսը վաճառող անձը, հավատալով գնորդի ազնվությանը, իր հեռախոսում հավաքում է գնորդի տրամադրած «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը, ինչից հետո գնորդը փոխում է «այքլաուդի» գաղտնաբառը՝ վաճառողին զրկելով իր հեռախոսն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավարությունից։ Բացի այդ, հանցավորը ցանկացած պահի հնարավորություն է ունենում արգելափակել բջջային հեռախոսը, ջնջել առկա տեղեկատվությունը կամ կատարել այլ վնասաբեր գործողություններ։ Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին կապ է հաստատում բջջային հեռախոսը վաճառողի հետ եւ սպառնում, որ եթե իրեն տերմինալի միջոցով չուղարկի որոշակի գումար, ապա կջնջի բջջային հեռախոսի տվյալները կամ կարգելափակի։ Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԶԱՆԳՎԱԾ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում կոնֆետների մեջ հայտնաբերել են ընդհանուր 2,12 գրամ քաշով, սուր հոտով, սեւ, կասկածելի զանգված: ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել է, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացած մարդ կա։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 43-ամյա Սիրանույշ Մ-ն էր։
Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տվյալներ են ստանում սպանություն կատարողի մասին, ու մինչ ոստիկանները փնտրում էին նրան, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի եւ հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։ Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկում ոստիկանության Մուշի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում կնոջ սպանությունից: Վեճը սկսվել է երեխաների տեսակցության հարցի շուրջ: Պարզվել է, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։ Իսկ ի՞նչն է եղել պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` տղամարդը իրավապահներին հայտնել է, որ արդեն 2 ամիս է, ինչ կնոջից բաժանված են եւ պարբերաբար ամուսնալուծությունից հետո անհաշտություն են ունեցել: Այդ օրը եկել է, երեխաներին տարել է իր մոտ եւ, ըստ էության, ուշ է բերել տուն, որը դարձել է կրկին վեճի պատճառ, ինչի արդյունքում եղել է դեպքը:
ԵՐԵԽԱՅԻ ԴԻ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ողբերգական դեպք է եղել Կոտայքի մարզի Արամուս համայնքում: Մասնավորապես, ArmLur.am-իn հասած տեղեկությունների համաձայն` մայիսի 21-ին Արամուս համայնքի տներից մեկում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 10-ամյա երեխայի դի: Ըստ նախնական վարկածի՝ նա ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել, իսկ ինչն է եղել պատճառը՝ հանգամանքները պարզվում են: