ՄԱՆԴԱՏԱՎՈՐ ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ պատգամավոր Մուրադ (Վլադ) Գուլոյանը հայոց խորհրդարանում հայտնված այն պատգամավորներից է, որը օրենսդիր է դարձել իր անձնական բիզնեսին զարկ տալու համար: Նա նախորդ գումարման Ազգային ժողովում հայտնվել էր Հանրապետական, իսկ այս անգամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով:Մուրադ Գուլոյանը ԲՀԿ Գագիկ Ծառուկյանի առաջին խնամին է: Նրա որդին` Կարոն, Աբովյանի քաղաքապետն է, որին, ի դեպ, Գագիկ Ծառուկյանը ավելի շատ է ընդունում, քան իր մյուս փեսաներին (հիշեցնենք, որ Ծառուկյանի մյուս փեսաները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդիներն են): Իսկ ինքը` Գուլոյանը, խորհրդարանի ամենաչխոսկան պատգամավորներից է: Նա ծնվել է Առինջ գյուղում եւ բարձրագույն երկու կրթություն ունի: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ապա  Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը` ստանալով ապրանքագետի որակավորում: Մուրադ Գուլոյանը չնայած տարիքով այնքան էլ փոքր չէ, բայց նրա կենսագրական տվյալները շատ աղքատիկ են: Նա խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է Աբովյանի շրջկոոպում` որպես  ավագ ապրանքագետ, առեւտրի բաժնի պետ, առեւտրի կենտրոնի տնօրեն: 1993թ. եղել է «Կոտայք» ասոցիացիայի նախագահը, իսկ 2002-ից` «Միլտա» ՍՊԸ-ի նախագահ եւ վերջ: Արդեն սկսվել է նրա օրինաստեղծ կյանքը: Գործարար դաշտում տեսնելով, որ դժվարություններ կան, Գուլոյանը որոշել է «գործերն առաջ գցել»` պատգամավորական անձեռնմխելիության կարգավիճակ ստանալով: Լինելով բավականին հարուստ մարդ`  նա երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել եւ Հանրապետական կուսակցության ընտրացուցակով 2003-2007թթ. դարձել պատգամավոր: Այդ ժամանակ նա Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր. մի ոլորտ, որի հետ բացարձակ առնչություն չունի Գուլոյանը ո`չ մասնագիտական, ո`չ էլ պրակտիկ կյանքում:Ինչեւէ, հիշեցնենք, որ Գուլոյանի պատգամավորական գործունեության ընթացքում ձեւավորվեց նրա խնամի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բնականաբար, նա շտապեց անդամագրվել այդ կուսակցությանը: Երկար ժամանակ Մուրադ Գուլոյանը ե՛ւ ՀՀԿ-ում էր, ե՛ւ ԲՀԿ-ում: Այսինքն` ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ էր, իսկ խորհրդարանից դուրս` ԲՀԿ անդամ: Եւ խոսել նրա գաղափարական առանձնահատկությունների մասին, ուղղակի ծիծաղելի կլինի: Միայն նշենք, որ նա բավականին աշխատանք էր կատարում Հանրապետական խմբակցության անդամ պատգամավորներին «վերբովկա» անելու ուղղությամբ, որպեսզի վերջիններս լքեին ՀՀԿ-ն` անդամագրվելով ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում այսօրվա Կրթության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ ամբիոնից թեթեւ կսմիթներ էր հասցնում ԲՀԿ-ին, ինչը Գուլոյանը շատ ծանր էր տանում: Նույնիսկ նա փորձել էր Աշոտյանի ուղղությամբ սուրճի բաժակ նետել Գալուստ Սահակյանի աշխատասենյակում, սակայն ներկաները թույլ չէին տվել:   Եւ այսպես, Գուլոյանը 2007թ. մայիսից Ազգային ժողովում հայտնվեց հարազատ խնամու կուսակցության ընտրացուցակով: Որպես պատգամավոր, նա խորհրդարանում աչքի է ընկել բացառապես իր կրած թանկարժեք հագուստներով ու ժամացույցով: Որեւէ այլ հիշարժան բան չկա Գուլոյանի վերաբերյալ: Նա երբեւէ աչքի չի ընկել օրենսդրական որեւէ նախաձեռնության ներկայացմամբ կամ էլ ԱԺ ամբիոնից որեւէ խնդրի մասին խոսելով: Նա Ազգային ժողովում դասական կոճակ սեղմող է: Բայց երբ Ազգային ժողովը որեւէ հետաքրքիր երկիր պատվիրակություն է ուղարկում, Գուլոյանը մշտապես հայտնվում է այդ ցուցակներում եւ պետության հաշվին «ֆռֆռում» է աշխարհով մեկ: Թեեւ ասում են, որ դրսում նա լավ կապեր ունի ու կարողանում է հայ պատգամավորներին  «կարգին պատիվ տալ»:Նշենք, որ դրսում Գուլոյանը բավականին հաջողակ գործարար է. նա Բելգիայում շոկոլադի արտադրություն ունի, ինչ-որ օբյեկտներ, գործեր… Հայաստանում եւս  ինչ- որ բաներ է արտադրում ու ներկրում` օճառներ, կոսմետիկ պարագաներ, չհաջողված թռչնաֆաբրիկա ունի եւ այլն: Լինելով հարուստ մարդ, սակայն, Գուլոյանը ժլատ մարդու համբավ ունի եւ իրենից օգնություն խնդրողներին չի ընդառաջում: Խնամուց էլ օրինակ չի վերցնում եւ բարեգործություններ չի անում:   Իսկ կհայտնվի՞ Մուրադ Գուլոյանը  2012-ի Ազգային ժողովում, թե՞ ոչ, այս պահին դժվար է ասել, քանի որ ԲՀԿ-ում պատգամավոր դառնալու հավակնորդները շատ են, իսկ տեղերը` խիստ սահմանափակ: Այլ կուսակցության ձեւավորման նշույլներ էլ դեռ չեն երեւում, որպեսզի Գուլոյանը կարողանա այս անգամ էլ ուրիշ կուսակցության ընտրացուցակում տեղավորվել:ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս