Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նպատակով 570 միավոր հողամաս հանրության գերակա շահ կճանաչվի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը նախատեսում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։
Իսկ նախագծային փաստաղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում Սյունիքի մարզի տարածքում գտնվող 570 միավոր հողամաս և առանց դրանց օտարման հնարավոր չէ այս ծրագրի իրագործումը: Ըստ կառավարության՝
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր, կստեղծվեն բարենպաստ տրանսպորտային պայմաններ հարակից բնակավայրերի բնակիչների համար, ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր, կմեծանա Հայաստանի տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների հոսքը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 30-ն է:
Ս.Հ.