
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. մայիսի 31-ին մասնակցել է Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում կառավարության և իր անունից շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդ Թագուհուն, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և բրիտանական համագործակցության երկրների ժողովուրդներին: Նշելով, որ այս տարի տոնվում է նաև հայ-բրիտանական միջպետական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը՝ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ տարիների սերտ համագործակցության հարուստ փորձը լայն հնարավորություններ է տալիս բացահայտելու հայ-բրիտանական համագործակցության ողջ ներուժը՝ ուրվագծելով փոխգործակցության նոր հեռանկարներ և խթանելով առևտրատնտեսական հարաբերությունները: