Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:
Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Փորձենք հասկանալ, թե հանձնաժողովի մյուս անդամներն ովքեր են եւ ինչ գործունեություն կարող են ծավալել այս կառույցում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մինչ այս տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արտաքին գործերի նախարարությունում եւ նախարարի տեղակալ է նշանակվել միայն այս տարվա հունվարի 26-ին:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ոչ վաղ անցյալում ՀՀ ոստիկանապետն էր եւ ավելի շատ պաշտոններ է զբաղեցրել այս համակարգում:
Գրիգոր Մինասյանը եւս ոչ վաղ անցյալում է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: Նախարարության կայքում կարդում ենք. «Նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը համակարգում է նախարարության աշխատանքները նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետեւյալ բնագավառներում՝
ա. իր իրավասության շրջանակներում դատական եւ իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների եւ համապատասխան ծրագրերի մշակման եւ իրականացման ապահովման,
բ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,
գ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,
դ. Հայաստանի բոլոր մարզերում «Մեկ պատուհանի» սկզբունքով հանրային ծառայությունների միասնական գրասենյակի գործարկման»:
Մնում է հասկանալ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովում կատարվելիք աշխատանքները համապատասխանում են արդյոք իր լիազորությունների շրջանակին:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նախկինում զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը: Մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը ինչո՞ւ է հայտնվել այս հանձնաժողովում:
Կադաստրի կոմիտեից նախագահի երկու տեղակալներն են այս հանձնաժողովի կազմում՝ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարանցը: Վերջինս իր պաշտոնին նշանակվել է նախորդ տարի, իսկ Նարինե Ավագյանը՝ 2020 թվականին:
Զինված ուժերից հանձնաժողովի կազմում ներկայացված են գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը եւ ռազմատեղագրական ծառայության պետը: Ընդ որում՝ մինչեւ Կամո Քոչունցի նշանակումը հենց Առաքել Մարտիկյանի անունն է շրջանառվել որպես շտաբի պետ:
Ազգային անվտանգության ծառայությունից հանձնաժողովի կազմում են դեպարտամենտի պետն ու սահմանապահ զորքերի հրամանատարը: Արման Մարալչյանը 2020 թվականի հոկտեմբերի 26-ին հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: ԱԱԾ դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ 2021 թվականին ստացել էր մարտական ծառայության մեդալ, իսկ Մարալչյանն էլ՝ Արիության մեդալ:
Ահա հենց այս մարդիկ են ընդգրկված Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԶԿՏՈՒՄ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրում է. «Այսօրվա հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում, ու չկա որեւէ երաշխիք: Բայց տեղի ունեցողը նաեւ այն բանի հետեւանք է, որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ: Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները Գեղարքունիքում եւ Սյունիքում, զիջել են մեր տարածքային իրավազորությունը: Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո: Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը: Սեփական սխալները կոծկելու եւ դժգոհություն առաջ չբերելու, պաշտոնները պահպանելու համար լայնածավալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը: Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել աշխարհը կեղծիքներով լցնելու համար: Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը»:
ՈՐՍԻ ԺԱՄԱՆԱԿ
Նախօրեին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի եւ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդամասում նկատել են փորսուղի, եւ ինքն իր որսորդական երկփողանի ողորկափող հրացանից կրակել է կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այնուհետեւ մոտենալով կենդանուն, հրացանի փողը իր կողմը պարզած՝ խզակոթով խփել եւ սատկեցրել է, սակայն հարվածից ինքնակրակոց է եղել, ինչի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաեւ 47-ամյա տղամարդը: «ՎԱԶ-2121»-ը, հրացանը եւ սատկած փորսուղը հայտնաբերվել են:
«ԲԼԱՆՇ» ՏԵՍԱԿԻ ՈՉԽԱՐ ՊԱՀԵ՛Ք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում կոչ էր անում ոչխար պահել։ Նիկոլ Փաշինյանի կողմից մարզպետ նշանակված, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանի ղեկավարած Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, Դիլիջանի համայնքապետարանի կայքը կոչ են անում «Բլանշ» տեսակի ֆրանսիական ոչխար պահել։ Տավուշի մարզպետարանի եւ Դիլիջանի համայնքապետարանի կայքերում «Բլանշ» տեսակի ոչխարի գովազդ է։ «Բլանշ»-ը ֆրանսիական ոչխարի ցեղ է, բուծվում է Ֆրանսիայի կենտրոնական զանգվածի հարավային մասում, որտեղ գերակշռում են չորացած տարածքները, քարքարոտ եւ աղքատ հողերն ու կոշտ կլիման` ցուրտ ձնառատ ձմեռներով եւ տաք ու չոր ամառներով։
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԲԵԶՈՅԱՆԸ
ՀՀ կառավարության՝ 2022 թվականի մայիսի 19-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու վերաբերյալ որոշում է կայացվել, որով նախատեսվել է Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով, «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր՝ 40 000 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: 2021 թվականին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն տարածեց, որ իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ «Ճանապարհ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման բոլոր ձեւերի աշխատանքների ընթացքում չի պահպանել եւ չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն, գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները, արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի, «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել էր 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաեւ նշանակվել էր, ընդհանուր առմամբ, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Լինս» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրի, այնտեղ ծախսված մեծ փողերի մասին շատ է խոսվել, այդ ծրագրի ղեկավարն Էդուարդ Բեզոյանն էր, որի առանձնատան վրա տարիներ առաջ ավազակային հարձակում կատարվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Բեզոյանը շարունակում է պետական բյուջեի փողերով մեծ ծրագրեր իրականացնել, ինչպես Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում 300 միլիոն դրամանոց ծրագիրը, որը, իմ տեղեկություններով, ճանապարհաշինական նախագծին ոչ համապատասխան իրականացվեց։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ