ՏՆՕՐԵՆԸ՝ Yerevan Tech Forum 2022-Ի ԲԱՆԱԽՈՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված Yerevan Tech Forum 2022-ը: Բանախոսների շարքում էր նաեւ «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը հանդես եկավ «Կորպորատիվ կառավարումը՝ մշտապես փոփոխվող միջավայրում» խորագրով ելույթով: Ելույթը նվիրված էր բիզնեսի կառավարմանը ներկայիս առավել անկայուն, անորոշ, բարդ եւ ռիսկային միջավայրում, բազմապիսի մարտահրավերներին դիմակայելու կարեւորությանն ու անհրաժեշտությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Քովիդ-19 համավարակի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում առաջ եկած հիմնական մարտահրավերները: Բացի այդ, նա նաեւ խոսել է հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայություններ մատուցող ընկերության վերափոխվելու անհրաժեշտության եւ ընթացքի մասին:

 

«Քովիդ-19 համավարակը արագացրել է թվային վերափոխման տեմպերը բազմաթիվ տնտեսվարողների համար, այդ թվում նաեւ՝ «Վիվա-ՄՏՍ»-ի։ Փոփոխությունները չափազանց կարեւոր են. այն ղեկավարներն ու ընկերությունները, որոնք անտեսում են անընդհատ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը, տանուլ են տալիս ձեռնարկության կայուն ու երկարաժամկետ զարգացման հնարավորությունը: Տնտեսվարողները գործում են փոփոխուն եւ բարդ միջավայրում: Բիզնես միջավայրում առկա ռիսկի գործոնները, համաշխարհային միտումները, աճի հնարավորությունները ժամանակին չտեսնելը, դրանց անտեսումն անխուսափելիորեն հանգեցնոելու է ճգնաժամի»,- ասել է «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ելույթի ընթացքում ներկայացնելով միջավայրային ռիսկի գործոններն ու զարգացման առաջնահերթությունները: «Թվայնացման գործընթացը մենք սկսել ենք տեսլականից՝ անընդհատ փոփոխվող այս բիզնես միջավայրում կիրառելով հստակ ռազմավարություն եւ գործիքակազմ մեր ծառայություններն ու գործունեությունն ավելի ճկուն ու արդյունավետ դարձնելու համար: Մենք ունեինք հստակ տեսլական, այն է՝ հեռահաղորդակցության ավանդական ծառայություններ մատուցելուն զուգահեռ վերափոխվել թվային ընկերության, որը կառաջարկի թվային բազմապիսի ծառայություններ»,-հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Մայիսի 21-ին կայացել է առաջին Yerevan Tech Forum-ը, որի ստեղծման գաղափարով էլ ցանկանում եմ կիսվել։ Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` եւս։ Հայաստանը դարձավ ռելոկացիայի մեջ գտնվող բազմաթիվ բիզնես կառուցվածքների, ինչպես նաեւ մի շարք ՏՏ, կրեատիվ, մարքեթինգային ոլորտի մասնագետների, ֆրիլանսերների եւ տեխնոլոգիական ոլորտի հարակից բիզնեսների կենտրոններից մեկը։ Հայաստան ժամանեցին մեծաթիվ ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային անուն ունեցող»,- ասել է Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը: «Բնականաբար այս ամենը անդրադարձավ նաեւ մեր տեղական ՏՏ ոլորտի վրա, քանի որ առաջացան շատ հարցեր, որոնցից հիմականներն են այս գործընթացների ազդեցությունը տեղական աշխատաշուկայի, ստարտափ էկոհամակարգի եւ ներդրումների վրա։ Հնարավորությունների կողքին այս գործընթացները իրենց մեջ կրում են մեծաթիվ մարտահրավերներ։ Վերոնշյալ իրադարձություններն ու գործընթացներն էլ հիմք հանդիսացան Yerevan Tech Forum-ի ձեւավորման համար, որը կդառնա ամենամյա միջոցառում»,- հավելել է Ուսնունցը։ Yerean Tech Forum 2022-ի հիմնական թեմաները՝ ներկայացված տարբեր բանախոսների եւ ոլորտի ներկայացուցիչների կողմից, ընդգծում էին տեխնոլոգիաների, թիմային կառավարման, մատակարարման շուկայի, մարքեթինգի, տեղեկատվական անվտանգության եւ բիզնեսի փոխակերպման վերջին զարգացումներն ու փոփոխությունները: Ֆորումին մասնակցում էր ավելի քան 25 բանախոս եւ 1000 մասնակից։

Skill Event Marketing Company-ն օգնում է ընկերություններին եւ բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման եւ առաջխաղացման տեխնոլոգիաները։ 2017 թվականից սկսած #skillteam-ն իրականացրել է 400-ից ավելի տարբեր ձեւաչափերի փոքր ու մեծ միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավորություն է ունեցել ծանոթանալ 50.000-ից ավելի մասնակիցների հետ աշխարհի շուրջ 10 երկրներից։

 

 

Team-Ը ՎԵՐԱԶԻՆԵԼ Է

Team Telecom Armenia-ն բջջային կայանների վերակառուցման եւ ցանցում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում զգալիորեն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում եւ 65 համայնքներում։ Դրա համար ընկերությունը 4G տեխնոլոգիա է ներդրել մոտ 80 գործող կայաններում եւ կառուցել է տասնյակ նոր բջջային կայաններ, որոնք աշխատում են արդիական բոլոր տեխնոլոգիաներով։ «Զարգացնելով մեր թե՛ բջջային, թե՛ ֆիքսված ցանցերը՝ մենք ձգտում ենք, որ տեխնոլոգիաները տարածվեն համաչափ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Որակյալ կապը մասնավորապես թույլ է տալիս կրթվել, զարգանալ, գումար վաստակել, եւ այն պետք է հասանելի լինի բոլորին։ Լինելով հայկական ընկերություն եւ ազգային օպերատոր՝ մենք դա առաքելություն ենք համարում», – նշում է Team Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Բջջային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակներում Team Telecom Armenia-ն հզորացրել է նաեւ 3G ծածկույթը՝ վերազինելով 224 կայան Երեւանում եւ 281-ը՝ մարզերում։ Նշենք, որ 3G ցանցում ինտերնետի արագությունը հասնում է մինչեւ 40 Մբ/վ։

 

 

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ

Վերջին շրջանում նկատել եմ՝ հետիոտնային այն անցումներում հատկապես, որոնք լուսացույցով չեն կարգավորվում, վարորդները մեծ դժվարությամբ են զիջում անցուդարձ անողներին։ Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ, բայց րոպե առաջ տեղ հասնելու մտքով տարվածները կամ պարզապես հետիոտների հանդեպ քրոնիկ հակակրանք ունեցողները երբեմն անգամ այնպես են սլանում, որ ավտոմեքենայի թողած քամին ուղիղ երեսիդ է խփում։ Երեւույթը վերջերս եմ նկատել՝ այն բանից հետո հատկապես, երբ վարչապետին սպասարկող ավտոշարասյունը երիտասարդ հղի կնոջ գցեց մեքենայի տակ, ինչի պատճառով երիտասարդ կնոջ ու նրա դեռ չծնված երեխայի կյանքն ընդհատվեց։ Դեպքի առթիվ մինչեւ օրս ազատությունից զրկված որեւէ մեկը չկա, հասարակությունն էլ, ըստ երեւույթին, մտածում է, որ եթե վարչապետին ուղեկցող «կորտեժը» կարող է վրաերթ անել ու անպատիժ մնալ, ապա իրենք ինչի՞ց վախենան։




Լրահոս