«ՎԻՇԱՊ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ՈՒ ՀՅՈՒՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ից «Վիշապ»  գեղարվեստական ֆիլմն արդեն կինոթատրոններում է։ Ֆիլմը նկարահանվել է հայկական առաջին կոմիքսի հիման վրա: Առաջին հայկական կինոկոմիքս ֆիլմը սուպերհերոսի` Վիշապի արկածների մասին է: Հովհաննես Ազոյանը, Լիլի Մորտոն եւ այլ հայտնի աստղեր՝ նոր՝ ֆանտաստիկա ժանրի ֆիլմում: Ֆիլմը մի տղայի մասին է, որն ունի գերբնական ուժ: Ինչպե՞ս կօգտագործի նա իր ուժը, եւ ովքե՞ր կցանկանան օգտվել դրանից:

 

«Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում տիրող անարդարությունների դեմ՝ պաշտպանելով թույլերին:

Ֆիլմի բեմադրիչ ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, ռեժիսորը՝ Արման Սարգսյանը, իսկ պրոդյուսերները՝ Արման Միտոյանը եւ Ռուբեն Ջաղինյանը:

«Շատ մեծ թիմ է աշխատել այս նախագծի վրա, ընտրել ենք հենց Վիշապ անունը, քանի որ դրա հիմքում հայկական լեգենդ կա:  Մենք փորձել ենք ցույց տալ, որ եթե կյանքում կա չար ուժ, ապա դրան հաղթող բարի ուժ էլ կա: «Վիշապ»-ը Հայաստանի համար ենք ստեղծել, բայց եթե այն տարածում գտնի նաեւ մեր երկրի սահմաններից դուրս, միայն հաճելի կլինի, ի վերջո, սյուժեն հասկանալի կլինի նաեւ ոչ հայերին»,- Armlur.am-ին ասել է ֆիլմի ռեժիսոր Արման Սարգսյանը:

Ֆիլմի բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանն էլ ասաց, որ այս ֆիլմը սխալ կլինի համեմատել ամերիկյան նմանատիպ ֆիլմերի հետ.

«Նոր ու բավական դժվար ժանր էր մեզ համար, չի կարելի այս ֆիլմը համեմատել ամերիկյան արտադրանքի հետ: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ երիտասարդների համար հաճելի կլինի էկրաններին տեսնել հայ սուպերհերոսի, որը նոր էջ է բացում հայկական ֆիլմարտադրության մեջ»:

Ֆիլմի պրոդյուսերներից Արման Միտոյանը եւս հաստատում է, որ բարդ ճանապարհ են անցել.

«Ամբողջ աշխարհում կա սուպերհերոսների մասին ֆիլմ նկարահանելու ձեւաչափը, եւ մտածեցինք՝ իսկ ինչու չունենանք նաեւ մենք։ Ռուբեն Ջաղինյանի մոտ ծնվեց մտահղացումը, որից էլ փորձեցինք ստանալ ֆիլմը։ Նախագիծը դժվար եւ բարդ ճանապարհ անցավ 2020 թվականին, բայց ինչպես ասում են, մենք էլ սուպերհերոսաբար դրանք հաղթահարեցինք»:

 

 

 

 

ԱԶԱՏ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃՆՇՈՒՄ ԵՆ

«Ժողովրդավարության բաստիոնում իրենց արեւմտյան տերերի կամքը կատարող  խամաճիկներից ամեն ինչ սպասելի է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության խմբագիր Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

 

«Այդ ժողովրդավարություն ասվածը, որ Արեւմուտքը վայնասուն էր բարձրացնու՝ ի դեմս Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դեսպանների, եթե մինչեւ  2018 թվականն այն սահմանափակումների նույնիսկ մեկ տոկոսը  լիներ, ինչ-որ հիմա է նախատեսում լրատվամիջոցների նկատմամբ, այդ վայնասունն աշխարհը կբռներ, իսկ հիմա ոչ մի արձագանք չկա: Էլ չեմ խոսում մարդկանց ազատ տեղաշարժի, հավաքներ անելու իրավունքի հետ կապված, եւ շատ բնական եմ համարում, որ ամեն ինչ անելու են, որ ազատ խոսքը եւ այլակարծությունը Հայաստանում ճնշեն»-ընդգծեց նա:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել  ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ:

Այս փոփոխություններով պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը եւ պետական մարմնին եւս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ՝ «ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ»

Անգլիական «Ֆուլհեմի» եւ Պորտուգալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն հուլիսի 1-ից հանդես կգա «Լիվերպուլում»:

Կարվալյուն Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է, «Ֆուլհեմի» համակարգում է 2014 թվականից։ Անգլիական Չեմպիոնշիփի ավարտված մրցաշրջանում Կարվալյուն մասնակցել է 36 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Ֆուլհեմը» գրավել է առաջին տեղը եւ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Transfermarkt-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» Կարվալյուի տրանսֆերի համար վճարել է մոտ 6 միլիոն եվրո։

 

 




Լրահոս