ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել եւ տապալվել է։ Պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, եւ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Լաուրա Հունանյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը:

Հեղինե Գրիգորյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,

2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:

Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրության որոշման պետական գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 




Լրահոս