«Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին: Նույն թվականի հունիսի 7-ին էլ նա հայտարարում էր. «Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել եւ գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի եւ պետության կողմից օգնության այլ միջոցների վրա»: Ի՞նչ ունեցանք արդյունքում. աղքատության խրախուսման քաղաքականության դեմ գործողությունը մեկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը, թե «աղքատությունը գլխում է», վե՛ր կացեք եւ գործ արե՛ք։ Արդյունքներից տեղեկություններ չկան։ Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսեւորումը եղավ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկումեջ էլ՝ «ոչխար պահեք» եւ այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատության մակարդակի վերաբերյալ նրա հայտարարությանը եւ համեմատենք աղքատության մակարդակի թվերը՝ ըստ տարիների. 2018 թվականին նա նշում էր, թե «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: 2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%, այսինքն՝ նրա կողմից ասված «շուրջ 30 տոկոս աղքատություն» բառակապակցությունն արդեն իսկ չափազանցություն է եղել եւ սուտ: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, սակայն արդեն մյուս տարիներին ունեցել ենք աղքատության թվի աճ: 2019 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%: 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%, իսկ, ահա, աղքատությունը, ըստ վերին գծի, գնահատվել է 47.6 տոկոս: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է քաղաքացիներին:
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը։ Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, միության ընդհանուր ժողովին «ՔՊ-ական համայնքապետերը մասնակցելու էին եկել, որպեսզի իրենց ցանկալի թեկնածուին ընտրեին՝ որպես միության նախագահ, բայց, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանում կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխող ՔՊ-ն համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին հանձնել։ Նա, ի դեպ, երեկվա քննարկմանն ակտիվ ելույթ ունեցողներից ու գործող կանոնադրության դեմ արտահայտվողներից էր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ժամկետների խախտմամբ ու ուշացումով, կանոնադրության մեջ փոփոխություններ անելու առաջարկներով Արտաշատի ու Արմավիրի քաղաքապետերն են հանդես եկել։ Փոփոխությունը, սակայն, ձայների ոչ բավարար լինելու պատճառով (29 համայնքապետ էր կողմ) չանցավ, միության ղեկավարի ընտրությունն էլ հետաձգվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երեկ թե՛ մինչեւ ժողովի քննարկումը, թե՛ քննարկման ժամանակ ՔՊ-ական համայնքապետերն ակտիվ բանակցություների մեջ էին գործընկեր, հիմնականում՝ ոչ ՔՊ-ական համայնքապետերի հետ, որ փոփոխությունների փաթեթն ամեն գնով կարողանան անցկացնել։ Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Վեդիի համայնքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը, հանդիպման մեկնարկից սկսած, մի քանի ժամ շարունակ չշարժվեց նստած տեղից։ Նրան, ըստ երեւույթին, կա՛մ մեր ներկայությունն էր կաշկանդում, կա՛մ էլ Դիանա Գասպարյանին (նրա կողքին էր նստած) մենակ թողնել չէր ցանկանում։
Ուշագրավ իրավիճակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով: Այսպիսով, մայիսի 3-ին Գլխավոր դատախազությունը լրագրողի եւ օպերատորի ծեծի գործը ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշելու, թե կան արդյոք հիմքեր քրեական գործ հարուցելու համար, թե ոչ: Նյութերի նախապատրաստման ժամկետը 10-օր է, եւ այն ավարտվել է մայիսի 17-ին, ուստի նախաքննական մարմինը արդեն պետք է որոշում կայացրած լիներ` հարուցել արդյոք քրեական գործ, թե մերժել քրեական գործի հարուցումը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում միջադեպի գործով: Կոմիտեի լրատվական բաժնից ի պատասխան հայտնեցին, թե տեսախցիկի մասով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, ինչի արդյունքում որոշում է կայացվել, եւ նյութերի նախապատրաստման ընթացքը երկարաձգվել է 20 օրով: Այդ ժամկետը կլրանա հունիսի յոթին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող, «Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ: Ինչ կտա 20-օրյա երկարաձգումը՝ սպասենք զարգացումներին: Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։ Տեղեկությունը նաեւ Հանրային Հ/Ը հանրային կապերի բաժնից հաստատեցին՝ նշելով, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցը որոշվել է տեղափոխել մեկ այլ օր։ «Ավելի հրատապ նյութ է եղել, իսկ հետո բովանդակությունն արդեն ակտուալ չի եղել, առաջարկվել է, որ նոր հարցազրույցի կանչեն փոխխոսնակին ավելի ուշ»,- փոխանցեցին Հանրայինից։ Մինչդեռ իրականում Հանրային Հ/Ը-յանը «կուրացիա» անող կառավարական արբանյակներն են որոշել՝ հաղորդումը եթեր գնա, թե ոչ։ Թեման հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերել, ու քաղաքական իշխանությունը, նախապես ծանոթանալով արդեն իսկ տեսագրված հաղորդման բովանդակությանը, Հ/Ը-ին եթեր չտալու հանձնարարություն է տվել, ինչն էլ, փաստորեն, կատարվել է լուռ՝ առանց քննարկելու։ Հանրայինը, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ծառայում ու կատարում է օրվա իշխանության հրահանգները։ Նիկոլ Փաշինյանն այլ խոստումներ էր տալիս. ինչպես միշտ, խաբեց: