ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»,- երեկ «Արմենպրես»-ի խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Հայաստանի դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել։

 

«Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում Հայաստանի ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար, եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ», – ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը:

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսով տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք որակելով դրական։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալիեւը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը։ Ադրբեջանի առաջնորդը նաեւ ասել է, թե կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։ Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։

Եռակողմ հանդիպման մասին այլ արձագանքներ եւս առկա են: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կազմակերպած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք հստակ քայլեր տեսնել, որոնք կաջակցեն կայուն խաղաղության առաջ մղման դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում հաշտեցման եւ խաղաղության հաստատման ջանքերում», – «Թվիթեր»-ում գրել է Բորելը։

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները եւս հեռախոսազրույց եւ ունեցել ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Երեւանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Չնայած հայտարարվել է խորհրդարանական աշխատանքների բոյկոտ, այնուամենայնիվ,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն օրերս խորհրդարանում հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի եւ Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։ «Հանդիպումը շատ կարեւոր էր հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին: Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող շատ հարցեր»,-գրել է Թովմասյանը։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Թերթ.am լրատվական կայքի տնօրեն Արամ Անտինյանը,  անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, ասել է, որ սա կոնկրետ խոսքի իրավունքի ոտնահարում է: «Իշխանությունն ուզում է Ազգային ժողովը սարքել զուտ իրենց լրատվամիջոցներով պայմանավորված կառույց, ու նաեւ այդ միջոցները, որ կիրառում են լրատվամիջոցների վրա վերջին օրենքներով, սա դրա տրամաբանական շարունակությունն է»,-մեզ հետ զրույցում հակիրճ նշեց նա: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս փոփոխություններով պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնել օրենսդրական բացը եւ պետական մարմնին եւս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱԽՈՅԱՆԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել եւ հիմնավորվել է, որ 2022թ. ապրիլի 24-ին Ա. Ախոյանը www.facebook.com սոցիալական կայքի իր էջում՝ հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում, նկատի ունենալով նույն օրը Երեւանի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջեւ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը: Ա. Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

 

 

ՉԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀՀ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է չտիրապետել իրավիճակին: «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 19-ի համարում գրել էր, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում էր կայացրել: Խոսքը վերաբերում է նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկային, որոնք երկուսն էլ «էկո» ապօրինի մակնշմամբ  հավկիթ էին վաճառում: Եվ ավելին՝ հանձնաժողովը հանձնարարել էր նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից, սակայն դա չի արվել: Այսպիսով, մեր հրապարակումից օրեր անց կրկին դիմել ենք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ փորձելով հասկանալ, թե ինչ է արվել, սակայն հանձնաժողովից պատասխան ստացանք, որ ընկերություններին տրված մեկ ամիս ժամկետը դեռ չի ավարտվել: Եվ հենց սա է ուշագրավը. ստացվում է՝ հանձնաժողովը վաճառքն արգելելու որոշում է կայացրել, սակայն չի հետեւում իրականացման ընթացքին՝ ասելով, թե մեկ ամիս ժամանակ կա: Իրականում այդ մեկ ամիսն արդեն բավական է, որ ընկերությունները վաճառեն ապօրինի ողջ արտադրանքը: Այս փաստից զատ, «Շիրակ» եւ «Արզնի» թռչնաֆաբրիկաներն այժմ 25 դրամով հավկիթ են վաճառում, որը հանգեցնելու է այլ ընկերությունների՝ շուկայից դուրս մղմանը: Հիշեցնենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում  է ՔՊ-ի «սրտի օլիգարխներից» մեկին՝ Նարեկ Նալբանդյանին, որը գնել է «Գոլդեն Փելիս»-ն ու Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, իսկ, ահա, «Արզնի» թռչնաֆաբրիկան պատկանում է Գեղամ եւ Արմեն Ջանվելյաններին:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 13-րդ փողոցի 21 բանկարանում ինքնասպան է եղել 37-ամյա մի տղամարդ: Տղամարդը դանակով կտրել է ձեռքերի երակներն ու  պարանոցը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տղամարդն ունեցել է առողջական խնդիրներ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

 




Լրահոս