ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԻ ՔՐԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսեւորելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի տրված ցուցումի պահանջների կատարման արդյունքում ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ։

 

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մարտական կարգադրությամբ պաշտպանության հարավային ուղղությամբ նշանակված է եղել զորախմբի հրամանատարի պաշտոնում։ 2020թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար եւ մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դեպքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները եւ դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։ Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Արդյունքում հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62-հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Ա?Մ?-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։

Իր հերթին ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ն ռազմական դրության պայմաններում չի կատարել վերադասի կողմից տրված՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու մասին հանձնարարականը, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում եւ միջոցներ չի ձեռնարկել ընդունված որոշման կենսագործման ուղղությամբ։ Դրա հետեւանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, եւ 2020թ. հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչեւ Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն զորամասի շտաբի պետ, տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հանձնարարել է իր վերադաս, ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի որդուն՝ պայմանագրային զինծառայողին հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Այդկերպ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ վերջինս զորամասի հիմնական կազմի հետ միասին գտնվել է մարտական ծառայությունում։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 376-րդ հոդվածի 3-րդ մասով։

Երկրորդ դրվագով ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետ եւ տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Մակարյանի գործով առաջիկայում նախաքննության ավարտ է հայտարարվելու:

 

 

 

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի տարբեր հատվածներում կատարված խուլիգանության դեպքերի մի շարք հանգամանքներ: 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երեւանի Սայաթ-Նովա փողոցում քաղաքացին խուլիգանական մղումներով, սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բարձրաձայն հայհոյելով, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գարեջրի դատարկ շշով հարվածել էր համատիրության մուտքի դռանը՝ պատճառելով գույքային վնաս: Նույն օրը՝ ժամը 06:48-ին, հաղորդում էր ստացվել նաեւ, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող սրճարանի պատուհանի ապակիները: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից, որը Երեւան քաղաքի բնակիչ է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել եւ ներկայացվել էր նախաքննական մարմնին: Վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ), որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԿՐԱԿԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է եղել, եւ հայհոյանքներ են հնչում: Ոստիկանությունից փոխանցել են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք:

Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել է հրացանը:

 

 

ԳՈՂՈՆՈՎ ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ոստիկանները հասել են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան՝ բարձված գողոնով, նշված տարածքից դուրս էր գալիս։  Ոստիկանները հրահանգել են, որպեսզի այդ, ինչպես նաեւ մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմել  են փախուստի։ Սկսվել է հետապնդում, եւ Նոր Նորքի ոստիկաններին օգնության են հասել  պարեկները։ Հետապնդումը շարունակվել է մինչեւ Դավիթ Բեկի փողոցը։  Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգել են, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակում են դիմել փախուստի։ Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդել են մոտ 4 կմ, ու ծառայողական ավտոմեքենան վարող պարեկը նախազգուշական կրակոցներ է արձակել օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակել Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ բախվել բազալտե եզրաքարերին, ապա՝ ծառերին, եւ մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվել «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղեւորն ու հետեւի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմել  են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նրանցից մի քանիսին հետապնդել եւ վնասազերծել, որոնք էլ բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որ 19 տարեկանից բարձր դատապարտյալները եւս կարողանան կրթություն ստանալ եւ ունենալ 9-րդ կամ 10-րդ դասարանի վկայական: «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը: Այս պահի դրությամբ հանրակրթության իրավունք ունեն մինչեւ 19 տարեկան անձինք, եթե, իհարկե, նրանք այդ իրավունքը չեն իրացրել ավելի վաղ: Փոխնախարարի խոսքով՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 դատապարտյալներ, որոնք, ըստ էության, չունեն հանրակրթության բավարար ցենզ, այսինքն՝ չունեն 9-րդ կամ 10-րդ դասարանի ատեստատ:

 




Լրահոս