ՖՈՏՈ. «Երևանը արցունքներին հավատում էր». հոկտեմբերի 27-ը` թաքնված դետալների ու կոդերի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի «Երեւանը արցունքներին հավատում էր» ֆիլմի պրեմիերան։ Գեղարվեստա-վավերագրական ժանրի այս ֆիլմը հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին է: Ի դեպ, սա առաջին ֆիլմն է, որը գեղարվեստորեն անդրադառնում է Հայաստանի ամենաարյունալի էջերից մեկին:

«Հոկտեմբերի 27-ն իմ կյանքի, մանկության ամենադառը վիզուալ պատկերներով օրն է: Այնքան էի դիտել այդ կադրերը, որ առաջին դասարանում աշակերտական սեղանին նստած ինձ թվում էր շուտով դռան ետևից դուրս կգան ինչ-որ զենքերով մարդիկ և կսկսեն կրակել մեզ վրա…Անգամ արդեն որոշել էի, որ հենց ահաբեկիչները ներս մտնեն, պառկելու եմ…Այս ամենն այնքան էր տարիների ընթացքում կուտակվել իմ մեջ, որ մի օր պայթեց և դարձավ ֆիլմ»,-Armlur.am-ի հետ զրույցում նշում է ռեժիսոր Հայկ Բաբայանը:

Նրա խոսքով` առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆիլմը չունի դրամատուրգիա, մինչդեռ դրամատուրգիան բավական ամուր մեխված է ֆիլմի ամեն մի դետալում:

«Իմ ռեժիսուրան իր մեջ կրում է անհնազանդության մասնիկ: Ռեժիսորը մտածող մարդ է: Մտածել`նշանակում է կասկածել, իսկ կասկածամտությունը բխում է անհանգստությունից: Ֆիլմում սկզբից մինչև վերջ փոթորկվում է իմ անհանգիստ հոգին: Բազմաթիվ բաներ թաքնված են դետալների, կոդերի, երկխոսությունների մեջ»,-ասում է ռեժիսորը:

Հայկ Բաբայանը նաև հավելում է, որ բավական նուրբ այս թեման ստիպել է իրեն և ստեղծագործական թիմի մյուս անդամներին անընդհատ փոխել սցենարը, իսկ վերջաբանը փոխվել է ավելի քան 20 անգամ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս