Հունիսի 5-17-ը Բալթիկ ծովում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ՝ 16 երկրների մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ից 17-ը Բալթիկ ծովի տարածաշրջանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի ամենամյա Baltops 22 լայնածավալ զորավարժությունները՝ 16 երկրների մասնակցությամբ, հայտնում է LSM պորտալը՝ Լատվիայի զինված ուժերին հղումով։

«Հունիսի 5-ից 17-ը Բալթյան ծովի տարածաշրջանում կանցկացվեն Baltops 22 ամենամյա լայնածավալ միջազգային զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 14 անդամներ՝ ԱՄՆ, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Թուրքիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկու գործընկեր երկրներ՝ Շվեդիան և Ֆինլանդիան։

Նշվում է, որ Baltops-ը Հյուսիսային Եվրոպայի ամենախոշոր զորավարժություններից մեկն է, և այս տարի դրանց նպատակն է ավելի բարելավել տարբեր տեսակի ուժերի և սպառազինությունների փոխգործակցությունն ու փոխգործունակությունը ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլ նաև դաշինքի գործընկեր երկրների հետ միասին:

«Համատեղ զորավարժությունների ընթացքում մասնակիցները կցուցաբերեն Բալթյան տարածաշրջանում հավաքական պաշտպանություն ապահովելու իրենց պատրաստակամությունը՝ դրանով իսկ ամրապնդելով տարածաշրջանային անվտանգությունը և նպաստելով զսպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդվում է, զորավարժությունները կսկսվեն Ստոկհոլմում՝ ի պատիվ շվեդական նավատորմի 500-ամյակի, որին կհաջորդեն մարտավարական զորավարժություններ Բալթիկ ծովի ջրերում և օդային տարածքում, իսկ զորավարժությունները կավարտվեն Գերմանիայի Քիլ քաղաքում։




Լրահոս