ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Լսումներին հրավիրված են Աժ բոլոր պատգամավորները և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումների մասին իրազեկված են նախագծում ներառված բոլոր միավորվող համայնքների ղեկավարները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 5 ծրագրեր:
Առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու են 5՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր և Սյունիքի մարզի Սիսիան համայնքները:
Նախարարությունից հայտնում են, որ ներկայացված 5 ծրագրերը չեն իրականացվել 2021 թվականին, քանի որ ՏԻՄ-երի մեծամասնության լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2022 թվականի նոյեմբերին, իսկ Կառավարության մոտեցումն այն է, որ միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների 5-ամյա ցիկլը նպատակահարմար չէ ընդհատել: