Հայտնի է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից կհանվի Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը և Ալժիրը: Տեղեկացնենք, որ COVID-19 համավարակով պայմանավորված վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։
Օրինակ, ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք, որոնք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ պետական սահմանի անցման կետերում:
Ս.Հ.