ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապիկի ծաղկի դեպքերի մեծ մասը գրանցվել է նույնասեռական տղամարդկանց շրջանում. ինչ ախտանշաններ ունի հիվանդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությունն աննկատ է տարածվում՝ աշխարհում արդեն 550 դեպք է գրանցվել։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Ըստ մասնագետների՝ կապիկի ծաղկի վիրուսը նման է բնական ծաղկի վիրուսին:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով, այն առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների շրջանում, որոնք փորձերի նպատակով տեղափոխվել էին Եվրոպա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է նույնասեռական տղամարդկանց շրջանում: Ըստ ԱՀԿ-ի՝ ցանկացած մարդ կարող է վարակվել կապիկի ծաղիկով սերտ ֆիզիկական շփման դեպքում։

Այս հիվանդության դեմ հատուկ պատվաստանյութ չկա, բայց բնական ծաղիկի դեմ պատվաստումը պաշտպանում է վարակվելուց։ Ի դեպ, կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով, մկանացավով:

Մասնագետի խոսքով, բարձր ռիսկի խմբում են բուժաշխատողները, նաեւ՝ այն մարդիկ, որոնք մեկ վայրում ապրում են կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակված մարդու հետ:

Ի դեպ, զրույցի ավարտին հանրային առողջության մասնագետը հայտնեց, որ մինչ այս մեր հանրապետությունում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս