«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ն ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: «Ամերիաբանկ»-ը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ.-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին:

 

Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային եւ տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով առավել կայուն ապագայի ստեղծմանը:

Հաղթողներն ընտրվում են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից ստացված հայտերի եւ իրականացված անկախ հետազոտության արդյունքների հիման վրա: Գնահատման չափանիշները ներառում են կառավարման քաղաքականություններն ու նպատակները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները: «Համաճարակը եւ էներգետիկ ոլորտի խափանումները բարձրացրել են կլիմայի փոփոխության ռիսկերի մասին իրազեկվածության մակարդակը, իսկ տեխնոլոգիական նորարարությունները վնասը նվազեցնելու եւ կայուն ապագա կառուցելու համար նոր հնարավորություններ են ընձեռում եւ նոր լուծումներ են առաջարկում: Global Finance ամսագրի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում շնորհվող մրցանակների միջոցով գնահատական է տրվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք աչքի են ընկնում նշված ոլորտում պահանջվող բոլոր նախաձեռնությունների բավարար ֆինանսավորմանն ուղղված ջանքերով եւ նշված երկարաժամկետ խնդիրների լուծման ստեղծարար առաջարկներով»,-նշել է Global Finance ամսագրի գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

««Ամերիաբանկ»-ի հեռանկարային ռազմավարության հիմքում կայուն զարգացման սկզբունքն է: Մենք շարունակաբար նոր հնարավորություններ ենք փնտրում եւ ներգրավում ենք միջազգային գործընկերների կայուն ֆինանսավորման մեր պորտֆելն ընդլայնելու համար: Կայուն ֆինանսավորման ոլորտում մենք առաջնորդվում ենք գլոբալ բնապահպանական խնդիրներով եւ կլիմայի փոփոխության ռիսկերով: Մենք պատասխանատու ենք նշված խնդիրների լուծման գործընթացքում մեր լուման ներդնելու համար: Global Finance ամսագրի կողմից շնորհված մրցանակը շատ մոտիվացնող է: Այն մեզ պարտավորեցնում է առավել շատ ջանքեր գործադրել պատասխանատու բիզնես վարելու եւ Հայաստանի կայուն ապագան կերտելու ուղղությամբ»,- ընդգծել է «Ամերիաբանկ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Մեր երկարաժամկետ պարտավորությունն է ստեղծել կայուն միջավայր եւ աջակցել մեր հաճախորդներին չեզոք ածխածնային տնտեսությանն անցնելու գործում: «Ամերիաբանկ»-ը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ (GBF), որը համահունչ է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA*) Կանաչ պարտատոմսերի ներկայիս սկզբունքներին եւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին (SDGs):

2009թ.-ից ի վեր «Ամերիաբանկ»-ը էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների եւ ազդեցիկ ներդրողների աջակցությամբ:

2020թ. «Ամերիաբանկ»-ը դարձավ կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկը Հայաստանում եւ նախատեսում է ընդլայնել նշված գործունեությունը` դառնալով կանաչ պարտատոմսերի թողարկման գծով տարածաշրջանի առաջատարը:

«Ամերիաբանկ»-ի մասին

«Ամերիաբանկ»-ը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է եւ ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ՝ «Ամերիաբանկ»-ն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ եւ բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ «Ամերիաբանկ»-ը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐ

Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխաատակիցներն  անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ։

 

ՊԵԿ-ից հայտնել  են, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողութան շրջանակում Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ուղեւորվող ավտոբուսի նկատմամբ իրականացրել են  մաքսային տեսազննում: Զննման արդյունքում ավտոբուսի տանիքում նախապես պատրաստված թաքստոցից, ինչպես նաեւ որպես գաղտնարան օգտագործված վառելիքի բաքից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 811 բլոկ   տաքացվող սիգարետի գլանակ եւ  67 հատ էլեկտրոնային ծխախոտի տաքացման սարք: Հայտնաբերվել է  նաեւ 15 կգ քաշով տեկիլայի շշերի համար նախատեսված խցաններ, խաղաքարտեր խառնելու սարքեր, պոկեր խաղի համար նախատեսված ֆիշկաներ ու մետաղյա քեյսեր։ Հատկանշական է, որ մաքսավորները ստիպված են եղել կիրառել հատուկ գործիքներ ավտոբուսում առկա թաքստոցները բացելու նպատակով՝ հաշվի առնելով, որ դրանք փակված են եղել եռակցման եղանականով։

Ծխախոտի մեկ այլ խոշոր խմբաքանակի անօրինական տեղափոխման դեպք էլ արձանագրվել է մայիսի 10-ին, երբ Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում առկա գաղտնարաններից հայտնաբերվել է 1097 տուփ  իրանական ծխախոտ։ Բացի այդ, նշված բեռնատարում առկա է եղել  նաեւ մաքսային հսկողությունից թաքցման եղանակով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծված 116 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։

Վերջին օրերին Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մեկ այլ իրավախախտում էլ են  բացահայտել: Իրանից ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերվել են չհայտարարագրված, 4,5կգ ընդհանուր քաշով տրյուֆել տեսակի սնկեր։ Նշված դեպքերի առնչությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 201 եւ 203-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ հայտնաբերված ապրանքները վերցվել են որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ: Հարավային մաքսատուն-վարչությունը հորդորում է Ագարակ պետական սահմանի անցման կետով ժամանող եւ մեկնող վարորդներին եւ ուղեւորներին զերծ մնալ ՀՀ մաքսային օրենսդրության պահանջները խախտելուց:

 

 

 

ՉՎԵՐԹՆԵՐ

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ-Երեւան-Վոլգոգրադ երթուղով չվերթները: Այս մասին տեղեկանում ենք ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

 

 

 

ՓԱԿ ԿԼԻՆԻ

Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ. Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը: Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայից (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) – Կոմիտասի պողոտա եւ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ. Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է:

 

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Մայիսի 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչեւ 0…-2 աստիճան ցրտի սահմաններում։ Հանրապետության տարածքում մայիսի 25-ի, 29-ի եւ 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում եւ Արցախում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի եւ 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: Երեւանում մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտնել է, որ 2021 թ. Արցախի բնազավթված տարածքներում, իբր, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվել։ Շարիֆովը նշել է, որ միայն Արցախի բռնազավթված քաղաքների համար 25 մլն մանաթ է հատկացվել գլխավոր պլանների համար։ Թե ինչ է նշանակում «քաղաքի վերականգնման գլխավոր պլան», պարզից պարզ է. վերականգնում անվան տակ օկուպանտ Ադրբեջանը հայկական բնակավայրերից արագ տեմպերով, մեկը մյուսի հետեւից վերացնում է նրանց հայկականությունը փաստող վկայությունները, պղծում եկեղեցիները։

 

 




Լրահոս