«ԹԵՐԻ ԱՇԽԱՏԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ». Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատում ենք Jaqett բրենդի շուրջ, որպեսզի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դիզայներ Արեւիկ Ալավերդյանը՝ անդրադառնալով բիզնես գործունեությանն ու նորություններին:

 

«Երբեմն շատ են խոսում, որ Հայաստանում բրենդը չի երեւում, քանի որ ես հատուկ գովազդային արշավներ չեմ անում եւ կատեգորիկ դեմ եմ այդ ոճին. դա ինձ համար չէ: Ես ցանկանում եմ տեսնել իմ հագուստն այն, կանանց հագին, ում ես  պատկերացրել եմ իմ բրենդը ստեղծելիս: Ես իմ թիմով շատ դանդաղ, բայց հստակ եւ ճիշտ քայլելով առաջ ենք գնում, եւ մեր նպատակն է բրենդը ներկայացնել եվրոպական շուկայում, որպեսզի այն ավելի շատ դրսում անուն եւ ճանաչում ձեռք բերի: Իսկ Հայաստանում, կարծում եմ, ով գիտի, գիտի, քանի որ, չնայած նրան, որ ասում են՝ թանկ է, բայց ես այդ կարծիքին չեմ: Ինչու՝ որովհետեւ շատ վաճառք է իրականացվում Հայաստանում, պարզապես մարդիկ տեսնում են լավ որակ, լավ պրոդուկտ եւ ցանկանում են կրել, իրենց համար կարեւոր չէ՝ դա Jaqett-ն է, թե այլ հայտնի բրենդ: Նրանք պարզապես տեսնում են լավ ապրանք եւ ուզում են գնել: Բրենդի պիտակը նրանց համար նշանակություն չունի. դա շատ կարեւոր է: Ինձ համար շատ ուրախալի է, որ իսկապես դրսում այն պահանջարկ ունի»,- պատմեց Արեւիկը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ առաջիկայում շատ նորություններ են սպասվում, որոնց մասին նա նախընտրում է չխոսել, այլ աշխատանքով ցույց տալ:

Անդրադառնալով երգչուհու կարիերային՝ Արեւիկ Ալավերդյանը ընդգծեց, որ շոու-բիզնես վերադառնալու միտք ամենեւին չունի, ժամանակ առ ժամանակ ինչ-որ գեղեցիկ աշխատանքով հանդես կգա:

«Հավատացե՛ք, ես գտել եմ իմ աշխատանքը, որով ես պետք է զբաղվեմ, եւ որտեղ ես ինձ լիարժեք եմ զգում: Ես թերի աշխատել չեմ կարող. եթե ինչ-որ բան պետք է անեմ, ապա պետք է անեմ լավ: Ես ուզում եմ եւ նպատակ ունեմ Հայաստանում արտադրված ապրանքը Եվրոպայում ներկայացնեմ, եւ որպեսզի այն հայտնի բրենդների կողքին չզիջի»,-նշեց նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արգենտինայի ազգային տոնի առթիվ, որը նշվում է մայիսի 25-ին, Հայաստանը հյուրընկալել է հանրահայտ բանդոնեոնահար Վալտեր Ռիոսին եւ երգչուհի Մարիել Դյուպետին, որոնք Օպերային թատրոնի նվագախմբի եւ «Կադանս» անսամբլի հետ հանդես կգան համերգային ծրագրով:

 

Համերգը, որը տեղի կունենա մայիսի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կղեկավարի դիրիժոր, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը: Կհնչեն Աստոր Պjացոլայի «Տարվա եղանակները», որի գործիքավորումն իրականացրել է կոմպոզիտոր Կարեն Անանյանը, Անիբալ Տրոյլոյի, եւ այլ հեղինակների գործեր:

Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը «Կադանս» անսամբլի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը հիշեցրեց՝ 2013 թվականին կազմակերպել են համերգ, որի շրջանակում Օպերային թատրոնի նվագախմբի հետ, որը ղեկավարել է դիրիժոր Կարեն Դուրգարյանը, նվագել են Պjացոլայի «Տարվա եղանակները»: «Դա գեղեցիկ փորձ էր, եւ մենք որոշեցինք կրկնել այն: Ռիոսի եւ Դյուպետիի հետ վաղուց ենք աշխատում. 2009 թվականին ԱՄՆ-ում ենք համերգներով հանդես եկել, հետո՝ Արգենտինայում, իսկ այնուհետեւ՝ Հայաստանում»,- նշեց նա:

Մայիսի 27-ին կայանալիք համերգի նախաձեռնության հեղինակը ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարան է, որի խոսքով՝ Արգենտինայի ազգային տոնը հրաշալի առիթ է Երեւանում ընդունելու այնպիսի փայլուն աստղերի, ինչպիսիք են Վալտեր Ռիոսն ու Մարիել Դյուպետին:  «Վալտեր Ռիոսն արգենտինական տանգոյի պատմության կենդանի լեգենդներից է, իսկ Մարիել Դյուպետին՝ տանգոյի հանճարեղ կատարող: Այն, ինչ նրանք պատմում են տանգոյի մասին, կարելի է գրի առնել: Իմ հիացմունքը պետք է արտահայտեմ նաեւ «Կադանս» անսամբլի հանդեպ: Նրանք այնպես են նվագում արգենտինական տանգո, որ չի տարբերվում արգենտինացի երաժիշտների կատարումներից: Ուղղակի հրաշալի են»,- շեշտեց դեսպանը:

 

 

 

 

ՄԻԱՅՆ ԱՆՎՃԱՐ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձը ՊՍԺ-ից կատալոնական ակումբ հնարավոր է համարում միայն անվճար։ «Ո՞վ չի հավանում Նեյմարի խաղը։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է, բայց պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, մնացել է 4-5 տարի։ ՊՍԺ-ի նման ակումբի հետ պայմանագիր կնքած ֆուտբոլիստները համաձայնել են ստրկության։ Փարիզյան ակումբի թիկունքին պետություն է, նրանք շատ փող ունեն։ Հեռացած ֆուտբոլիստները «Բարսելոնա» կարող են վերադառնալ միայն անվճար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդքան թանկ տրանսֆերներ։ Նույնիսկ միջոցներ ունենալու դեպքում՝ մենք չէինք անի այդպիսի ծախսեր»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։ Ֆրանսիական մամուլը գրել էր, որ ՊՍԺ-ն մտադիր է այս ամռանը վաճառել Նեյմարին՝ ակնկալելով 80-90 միլիոն եվրո։

 

 

 

5 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Մոնակոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա հենակետային կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի համար կառաջարկի 80 միլիոն եվրո. հաղորդում է RMC Sport-ը։ Արքայական ակումբը նրան կառաջարկի 5 տարվա պայմանագիր։ Տչուամենին ֆրանսիական «Բորդոյի» սան է, որին «Մոնակոն» 2020 թվականին ձեռք է բերել 18 միլիոն եվրոյով։ Ավարտված մրցաշրջանում Տչուամենին «Մոնակոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

 

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին պատրաստվող իտալական «Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին խոստովանել է, որ մրցաշրջանի սկզբում անլուրջ վերաբերմունք են ունեցել նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցաշարին։ «Անկեղծ ասած,  մրցաշրջանի սկզբում մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգայում հեշտ կլինի խաղալը, հաղթելը։ Իհարկե, մեր նպատակը եզրափակիչն էր։ Կարծում էինք, որ խմբային փուլում ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինի։ Մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգան «կատակների գավաթ» է, բայց «Բուդյո-Գլիմտից» կրած ծանր պարտությունից հետո կենտրոնացած էինք ամեն հաջորդ խաղի վրա։ Մնացել է վերջին քայլը բացառիկ նվաճման հասնելու համար։ Սա իմ կարիերայի ամենակարեւոր հանդիպումն է։ Խաղացել եմ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում, բայց եվրագավաթային մրցաշարում այլ է, ավելի բարդ է հասնել եզրափակիչ»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

 

 




Լրահոս