ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում ԼՂ հիմնախնդրի հարցով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, եւ ԵԽ նախագահը որոշել է հնչեցնել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից ձեւակերպումների շուրջ: Այս մասին նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել եւ աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում: Վարչապետը նաեւ հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող ՌԴ-ի նախագահի հետ երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով:

Բրյուսելում հիմնական քննարկվող թեման եղել է գերիների, այլ պահվող անձանց վերադարձի հարցը։ Վարչապետը հստակեցրեց՝ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Հատուկ ընդգծեց՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ արտացոլված հումանիտար այս խնդիրը պետք է տարանջատել քաղաքականից, քանի որ դա հայկական կողմի վաղուց ամրագրված դիրքորոշումն է. «Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիքորոշման հետ, եւ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք, ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն»։

Այս հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարությունն Արցախում այնքան էլ մեծ ոգեւորությամբ չի ընդունվել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որն այս օրերին Արցախում է:

-Տիկի՛ն Հովսեփյան, այս օրերին, երբ Դուք գտնվում եք Արցախում, զարկերակն ավելի լավ կհասկանաք:  Արցախում այս հայտարարությունն ինչպե՞ս են ընկալել:

-Արցախի Ազգային ժողովը միանգամից է արձագանքել հայտարարությանը՝ ասելով, թե անընդունելի են համարում հայտարարության մեջ տեղ գտած շատ կետեր, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքն այլ տերմինով փոխարինելու հանգամանքը: Բնականաբար եւ անընդունելի են տարանցիկ ճանապարհներ հասկացությունը, որոնց մասին խոսվում է: Եթե խոսում ենք Արցախի տարածքով տարանցիկ ճանապարհ սարքելու մասին, դա բավական վտանգավոր ճանապարհ է եւ փակուղի է  արցախահայության համար: Խոսքը նաեւ գնում է Սյունիքի ճանապարհով կոմունիկացիաների բացման մասին, եւ հիմա միայն տերմինը փոխելով են ցանկանում մարդկանց շեղել եւ ուղղակի անուն են տալիս:  Սա բավական վտանգավոր է Արցախում եւ Հայաստանում ապրող հայության համար եւ չի կարող նորմալ ընդունվել, սա անընդունելի բան է: Հայոց պատմության ամենաամոթալի պայմանավորվածությունն է, որ կարող են ձեռք բերել այսօրվա իշխանությունները

-Սակայն, ի վերջո, արցախցիների տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

-Արցախցիները դեմ են այդ հայտարարությանը եւ չեն ընդունում այն, ինչ տեղի է ունեցել: Արցախցիները վճռական են տրամադրված, որ առանց իրենց կարծիքը հարցնելու, ոչ մեկ իրավունք չունի ինչ-որ բան որոշել: Բնականաբար, Ազգային ժողովի հայտարարությունն արտահայտում է հենց քաղաքացիների կարծիքը, ոչ թե խմբակի:  Սա արցախահայության մոտեցումն է, եւ բոլորն են կիսում այս տեսակետը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԾՆՈՂՆԵՐԸ ԲԴԽ-Ի ՄՈՏ ԷԻՆ

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ հավաքվել էին 2020թ. պատերազմում զոհվածների ծնողներն ու Դիմադրության շարժման անդամները։ Վերջիններս սատարում են ծնողների պահանջը՝ վերանայել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երեկվա որոշումը, որով ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելվեց ներկա լինել դատական նիստին:

 

Ծնողները ԲԴԽ-ից պահանջում էին հանդիպել, խնդրին լուծում տալ, բայց այդ, բոլոր ցանկացող ծնողներին ներգրավել որպես տուժող։

«5165» շարժման առաջնորդ, պատերազմում որդուն կորցրած Կարին Տոնոյանը տեղեկացրեց, որ հանդիպել են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ եւս մի քանի անդամների հետ. «Խոսվեց ամեն ինչի մասին։ Մենք պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցվի, եւ այդ հոդվածով մենք տուժող ճանաչվենք։ Լսվեց մեր բողոքը, որ նիստերը լինեն դռնբաց, որ դատավոր Կարեն Բիշարյանի հետ կապված մենք տեսնում ենք բացահայտ բացասական վերաբերմունք մեր հանդեպ։ Մեզ ընդամենը խորհուրդ տվեցին այս ամենը դատավարական համապատասխան կարգով անել»,- ասել է նա:

Քանի որ ծնողները ճանաչված չեն որպես դատավարության երրորդ կողմ, միջնորդություն անելու իրավունք չունեն. «Պետք է ներկայացնեն Արծվիկ Մինասյանն ու փաստաբանը։ Նիստն ամսի 30-ին է, եւ նրանք միջնորդություն կներկայացնեն։ Ոնց հասկացանք, նախատրամադրվածությունը դրական է, բայց եթե մեր ցանկությունը չբավարարվի, ապա նորից գալու ենք այստեղ եւ բողոքելու։ Պարոն Ջհանգիրյանն ասաց՝ ինձանից պահանջում եք հրամայել, բայց ես դա անել չեմ կարող, չեմ կարող հրամայել, որ նիստերը դռնբաց լինեն։ Ասվեց, որ դռնբաց նիստ անելու համար դատախազն ու փաստաբանը պետք է միջնորդեն։ Բառացի պարոն Ջհանգիրյանն ասաց՝ եթե ձեր պահանջը չբավարարվի, համեցեք, նորից կլսենք։ Այստեղ ենթատեքստ կա, որ մեր պահանջները հաշվի կառնվեն։ Համոզված եմ, որ մեր այսօրվա գործողությունները դրական հետեւանք կթողնեն։ Ժողովուրդն է իշխանությունը»,- ասել է Տոնոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հայտարարեց, որ պարոն Ջհանգիրյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ իրեն սխալ են զեկուցել, որովհետեւ իրենք արդեն իսկ միջնորդել են դատավորին, որ բացարկ հայտնի, որովհետեւ կանխակալ մոտեցում են զգացել, սակայն այն մերժվել է։ Միջնորդել են նաեւ որպես երրորդ անձ ներգրավել ծնողներին, սակայն այդ միջնորդության քննության ժամանակ եղել է հիշյալ միջադեպը. «Ընդմիջումից հետո դատավորը եկավ եւ որոշեց փակ անցկացնել նիստերը։ Խնդիրն այն է, որ նույն պահին եւ դրանից հետո, երբ նիստը հետաձգվում էր մինչեւ երկուշաբթի, մենք միջնորդել ենք վերանայել դատավորի որոշումը, մերժվել է։ Այնպես որ, պարոն Ջհանգիրյանը կա՛մ մանիպուլացնում է իրականությունը, կա՛մ իրեն սխալ տեղեկություն են տվել»,- հայտնել է Ա. Մինասյանը:

Ն. Պ.

 

 

 

 

ՔՐԳՈՐԾԵՐ՝ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՎ

«Հերթական քրեական գործերն են հարուցվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ գրությունների հիմքով»,- հայտնել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Մայիսի 5-ին եւ 6-ին ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների դեմ բռնության կիրառման դեպքերի մասին գրություններ էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրություններին կցել էի առարկայական ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով, որտեղ երեւում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետեւանքով խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտման դեպքերը, ինչպես նաեւ անչափահաս երեխայի բերման ենթարկելու եւ պատգամավոր Արամ Վարդեւանյանի դեմ բռնություն կիրառելու դեպքերը։ Մայիսի 6-ին գլխավոր դատախազի քննությանն էի հանձնել ոստիկանի կողմից տարեց կնոջը հարվածելու դեպքը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություններ, համաձայն որոնց՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ 2 գրությունների հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ բռնությամբ զուգորդված անցնելու դեպքեր։ Արդեն 3 քրեական գործ է հարուցվել՝ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու իմ գրությունների հիման վրա։ Հետեւողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին եւ ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով»,-նշել  է նա:

 

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Կառավարության նիստում որոշում է ընդունվելու, որով ժամանակավոր արգելք է սահմանվելու Հայաստանից որոշ ապրանքների արտահանման համար:  ArmLur.am-ը տեղեկացավ, որ արգելքը տարածվում է սեւ եւ գունավոր մետաղների թափոնների, դրանց ջարդոնների ու կոնստրուկցիաների վրա: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

 




Լրահոս