ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Փողոցում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը նաեւ այս ձեւակերպմամբ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ ընդունելու համար նախաձեռնում է արտահերթ նիստ։

 

«Այս հայտարարության հիմնական նպատակը պարզություն մտցնելն է` ի վերջո մենք գնում ենք մեր շահերը պաշտպանելու, թե սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Եթե այդ հայտարարությունը չեն ընդունում, նշանակում է` սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, սա կոչվում է ֆՍջՈՎպվ վՈ ՉՔՌՉՏրՑՖ, թարգմանաբար` «ոջլոտության ստուգում», որպեսզի հասկանանք` լակմուսի թուղթ է ի վերջո»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների հեղինակած նախագիծը արդեն շրջանառության մեջ է. նիստը կկայանա հունիսի 3-ին: «Քաղաքացիական պայմանագրից» չեն հստակեցնում՝ արտահերթին ընդհանրապես կմասնակցեն արդյոք ու կողմ կքվեարկեն այս ձեւակերպումներին։

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը պարզաբանեց. «Մենք կկորցնենք ամեն ինչ, եթե չենք պաշտպանելու մեր գոյության, լինելիության իրավունքը այս տարածաշրջանում եւ Արցախի, թե Հայաստանի հարցերի հետ կապված խնդիրները չենք լուծելու: Մնացածը երկրորդական է: Սա է մեր ասածը, հիմա ասում ենք` նախ սա լուծենք, մեր լինելիության հարցը ճշտենք, մեր ապագայի հարցերը ճշտենք, երաշխավորենք, նոր զբաղվենք մնացած երկրորդական, երրորդական հարցերով: Այսինքն` առաջնահերթ հարցեր կան, առաջնահերթ հարցերը եթե չլուծենք, իմաստը ո՞րն է մնացած բաներով զբաղվելու»:

Նիստի ժամանակ քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մշակված հայտարարության նախագիծը: Խմբակցությունների տարածած հայտարարության կետերից մեկում նշվում է, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը:  Կետերից մեկով էլ նրանք առաջարկում են ամրագրել, որ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը: Միեւնույն ժամանակ նշվում է, որ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

Տեւական ժամանակ է` ընդդիմությունը իշխանությունից պահանջում է հենց այս հայտարարությունը, որ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։

«Դա դեռ չի նշանակում, որ իրենք այդպիսի հայտարարությամբ են գալու, որովհետեւ ընդդիմությունը մի բան ասում է, 5 րոպե հետո ուրիշ բան է ասում: Դրա համար թող գան, նոր կհասկանանք, մենք արդեն ֆիքսել ենք, չէ՞, որ մենք տարբեր իրականություններում ենք ապրում: Դրա համար թող մի հատ այն իրականությունից գա այս իրականություն, մենք տեսնենք ու կարձագանքենք», – նշեց իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ծովինար Վարդանյանն էլ անդրադարձավ Իշխան Սաղաթելյանի «տղա են՝ թող գան» արտահայտությանը։ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը այս ձեւակերպմամբ իշխանությանը հրավիրել էր իրենց նախաձեռնած արտահերթին. «Նախ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե այդպես տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր այս ամբողջ ժամանակահատվածում եւ այդ թվում` այն օրը, երբ ծափողջյուններով «Քաղաքացիական պայմանագիրը» ճանապարհեց իրենց ընկերներին, այսինքն` իրենց ընկերները որոշեցին լքել դահլիճը, եկել էին ինչ-որ բուռն գործունեություն ծավալելու հերթական անգամ, որտե՞ղ էր Իշխան Սաղաթելյանը»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿԵՆ

Արեւմտյան երկրները հայտարարում են, թե ՌԴ-ն արգելափակում է Ուկրաինայի տարածքից Աֆրիկա եւ այլ պետություններ հացահատիկի մատակարարումները։ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ «Հակառակը` Արեւմուտքի երկրներն են մի շարք ապօրինի գործողություններ ձեռնարկել, որոնք էլ արգելափակման են հանգեցրել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են` արդյոք դա նշանակում է, որ Արեւմուտքի երկրները պետք է չեղարկեն պատժամիջոցները, որպեսզի հացահատիկի մատակարարումները վերականգնվեն։ «Նրանք պետք է չեղարկեն այն ապօրինի որոշումները, որոնք խոչընդոտում են նավով բեռնափոխադրումները, ինչն իր հերթին խոչընդոտում է հացահատիկի արտահանումը եւ այլն»,-պատասխանել է Պեսկովը։

 

 

 

ՀՈՒՍՈՎ ԵՆ

«Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի գործընթացին միջամտելու համառ փորձեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամի Ալիեւի բրյուսելյան հանդիպմանը։ «Այո, մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին միջամտելու համառ փորձեր, հուսով ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե ցանկանա, այլ ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ։ Իսկ մենք դա արդեն չենք ուզում»,-ասել է  նա:  «Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության եւ բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։ Այս ճանապարհին առանցքային խնդիրներից է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորումը կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Այս ոլորտում ջանքերը հիմնված են առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք, եւ որոնք հետեւողականորեն իրականացվում են»,- ասել է Զախարովան:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է

Երեկ հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Էդուարդ Մարտիրոսովը: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։

 

 

 

ՌԻՍԿԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրավանորմ, որի ուժով իրավունք է վերապահում պետական լիազոր մարմիններին զրկելու լրագրողին հավատարմագրումից, եթե լրագրողը գրավոր նախազգուշացվելուց հետո խախտում է աշխատանքային կանոնները: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը: Սույն իրավանորմը ռիսկեր է պարունակում։ Մասնավորապես, ի՞նչ ասել է աշխատանքային կանոններ, երբ տրված չէ դրանց լրիվ սահմանումն ու սահմանը։ Տվյալ օրինագծով հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնին դնելու իրեն ձեռնտու խաղի կանոնները, որով ուղղակի խոչընդոտ է հանդիսանալու լրագրողին իր մասնագիտական պարտականությունները լրիվությամբ կատարելու ուղղությամբ։ Լրագրողի նկատմամբ նման վարչարարությունն անթույլատրելի է, առավել եւս այն ավելորդ ծանրաբեռնելու է առանց այն էլ ծանրաբեռնված դատական համակարգը։ Արձանագրում եմ, որ ժողովրդավարական պետությանն անհարիր է սահմանափակել եւ դժվարացնել, կախման մեջ դնել լրագրողի բարդ եւ պատասխանատու գործունեությունը:

 

 

 

ԽԵՂԱԹՅՈՒՐԵՑ

ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մայիսի 24-ին նամակով դիմել էին ԱՀ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը եւ անելիքները: Նամակը ստորագրել էին «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», Արցախի ժողովրդավարական, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները: Մայիսի 25-ին Արայիկ Հարությունյանը հրավիրել է անվտանգության ընդլայնված խորհրդի նիստ։ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացրած անվտանգության խորհրդի նիստին, նշեց, որ որեւէ կերպ չեն հավատացել այն նախագահի ներկայացրած պնդումներին, թե ժողովրդի մեջքի հետեւում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի։ «Մարդն առնվազն պետք է միամիտ լինի, որպեսզի հավատա, թե որեւէ բան չի ստորագրվի, որովհետեւ դրա վառ ապացույցը Նիկոլ Փաշինյանի երեկվա հիստերիան էր ՀՀ ԱԺ ամբիոնից։ Նա իր ելույթում, ինչպես մեր պատմության չափորոշիչները գումարի դիմաց խեղաթյուրեց, հիմա էլ նույն բանն է անում՝ խեղաթյուրում է  արցախյան շարժման գաղափարը։ Նա այդ ամենն անում էր այնպիսի ոգեւորությամբ, որ տպավորություն է, թե նա իր ձեռքի տակ ունի ադրբեջանական վերլուծության փաստաթղթեր ու առաջնորդվում է դրանով»,-ասել է պատգամավորը։

 

 




Լրահոս