«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՆԱԿԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը, թե հայ գերիների թիվը 39 է։

 

«Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում  եւ պաշտոնականացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնականացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասել է նա: Վերջինիս  խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։

«Օրինակ՝ մենք ունենք անհատական տեսանյութ՝ Արսեն Կարապետյանի, որը եղել է Կովսականում, որտեղ ադրբեջանցի զինծառայողին հենց բացահայտում է իր ինքնությունը։ Տեսանյութի արժանահավատությունը ստուգված է, տեղանքը համապատասխանում է տեղակայման վայրին, կա ձայն, որի միջոցով նույնականացվում է անձը, նրան ճանաչել են ընտանիքի անդամները, այսինքն՝ չկա վիճելիություն։ Եվ սա միայն մեկ օրինակ է։ Մեր ներկայացրած 80 դեպքերի 60 %-ը տեսանյութերով եւ լուսանկարներով հիմնավորված են։ Այլ օրինակ՝ Ալեքսանդր Եղիազարյանի վերաբերյալ կա տեսանյութ, եւ ականատեսները տեսել են ռազմական ոստիկանությունում, որոնք վերադարձել եւ տեսել են»,- ասել է նա:

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհիմնվի ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ներկայացված փաստերի վրա, սակայն, այնուամենայնիվ, միջազգային հարության մեջ հայկական կողմը հակասության մեջ կհայտնվի։

«Իհարկե, Ադրբեջանը գործի կդնի իր կեղծարարությունը՝ փորձելով հերքել հայկական կողմի տրամադրած տվյալները եւ, որպես ապացույց, հղում կանի Նիկոլ Փաշինյանին, բայց պետք է տխրեցնեմ Փաշինյանին. փաստաբանական թիմը պրոֆեսիոնալ աշխատանքով հերքելու է Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը եւ պետք է խոսի իրական թվերի մասին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել, ԵՄ-ի եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցներն պետք է վերադարձվեն: «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն», – հայտարարել է նա:  Ըստ Ն. Փաշինյանի՝ մինչեւ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

Ն. Պ.

 

 

 

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՑ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել։ Չալաբյանի պաշտպանական խումբն այդ երաշխավորագրերով մայիսի 25-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս տեղեկությունը փոխանցել է Չալաբյանի պաշտպանական խումբը։ «Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանը, ազատության մեջ գտնվելով, կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությունը եւ չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց»,- նշված է հայտարարության մեջ։ Հավելենք, որ օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես են եկել հրապարակային կոչով եւ հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։ Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։ Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Այս գործով Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։ Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։

 

 

 

 

ՓՈՐՁԱԳԵՏԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Կոկա-Կոլայի անունով մրցույթ է տարածվում, որն իրականում կեղծ է, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիայի» անունից ներդրումների առաջարկի գովազդ է պտտվում համացանցում, որը եւս խաբեություն է: Փորձագետը զգուշացնում է, որ եթե List.am-ում ինչ-որ բան եք վաճառում, ձեզ հետ WhatsApp հավելվածի միջոցով կապնվում են ու ասում, թե, իբր, այլ երկրում են ու հանդիպելը հնարավոր չի, իսկ հետո հղում ուղարկում վճարային համակարգի, որ քարտի տվյալները լրացնեք. «Մի՛ հավատացեք, որովհետեւ խաբեություն է»:

 

 

 

ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԱԱԾ

Մայիսի 17-ին Մետրոպոլիտենում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու պահին Ոսստիկանության մետրոպոլիտենի բաժին բերման էին ենթարկվել 15 եւ 17 տարեկան երկու անչափահաս տղաներ, ուր վերջիններս ծեծի էին ենթարկվել:

Դեպքից երեք օր անց փաստաբաններ Միքայել Շխիմյանն ու Արթուր Պիվազյանը ստանձնել էին տղաների շահերի պաշտպանությունը: Ներկայացվել էր հանցագործության վերաբերյալ հաղորդում, քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները:

Միքայել Շխիմյանի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայության՝ Հակակոռուպցիոն կոմիտե դառնալուց հետո խոշտանգումների բլոկը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտ, եւ այդ պատճառով է գործը տեղափոխվել ԱԱԾ: Նա տեղյակ չէ՝ արդյոք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ կա, թե ոչ՝ նշելով՝ հավանաբար առերես հարցաքննության ժամանակ կիմանան:

«Երեխաները հայտնել են՝ ովքեր են եղել իրենց խոշտանգողները, փոխանցել են տվյալները: Երեխաների վնասվածքները ֆիքսված են, եղել են դատաբժշկի մոտ. թեպետ դեռ եզրակացությունը չկա, սակայն պարզվել է, որ առնվազն արյունազեղումներ ունեցել են աչքերի տակ»,- ասել է խոշտանգված անչափահասների շահերի ներկայացուցիչը:

Ըստ Միքայել Շխիմյանի՝ երեխաները մետրոյում իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիա: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել, տարել են ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին, որտեղ առգրավել են անչափահասների հեռախոսները: «Երեխաներից մեկն ասել է՝ ես տիրապետում եմ իմ իրավունքներին, գիտեմ, որ զանգի իրավունք ունեմ, պետք է զանգեմ ծնողիս, տեղեկացնեմ, որ բերման եմ ենթարկվել, ու պահանջել է հեռախոսը: Այս ամենը լսել է տղաներին խոշտանգող ոստիկաններից մեկը, մտել է ներս, հոխորտացել նրանց վրա, թե՝ ինչ իրավունքներ ես հիմա այստեղ շահարկում: Խոսել է բավականին կոպիտ, «արա»-ով: Տղաներից մեկը պահանջել է նորմալ խոսել, չգոռալ ու չհոխորտալ, ինչին արդեն հետեւել են հայհոյանքներն ու ծեծը: Ընկերն է միջամտել, որ պաշտպանի, երկուսին էլ ծեծել են»,- ասել է Միքայել Շխիմյանը:

«Դեպքի հանգամանքները միայն երեխաների պատմածով չեն հաստատվում: Կան ականատես վկաներ՝ 3 հոգի, որոնք նույնպես բերման ենթարկված են եղել: Չափահաս անձինք են, նրանք նույնպես տեսել են՝ ինչ է տեղի ունեցել: Նրանք նույնպես պետք է հարցաքննվեն: Ի դեպ, երեխաները պատմում են, որ բերման ենթարկված անձանցից մեկի ականջն էին պոկել ոստիկանները բերման ենթարկելիս, արյունոտ ականջով նույն սենյակում է նստած եղել, բժիշկները կարեր են դրել: Նա նույնպես պետք է ցուցմունք տա»,- ասել է Շխիմյանը:

 

 




Լրահոս