Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ: Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի ընտանիքում այս տարի ամառային հանգիստը վաղը է սկսել: Դերասանը կնոջ եւ երեխաների հետ իր ամառային հանգիստն անցկացրել է Եգիպտոսում:
ArmLur.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է եգիպտոսյան հանգստի մասին: Դերասանի խոսքով՝ ամառային հանգիստը շուտ կազմակերպելը կապված է եղել աշխատանքի եւ կլիմայի հետ:
«Ամառային հանգիստը մենք մի քիչ շուտ ենք սկսել: Իրականում շուտը կապված էր, առաջինը, որ Հայաստանում այս տարի շատ աձրեւառատ է, եւ կարող ենք ամռան տապին հանգիստ կազմակեպել մեր երկրում, այլ որ թե դրսում, բացի դա, ամառվա շրջանում աշխատանքային գաֆիկս շատ խիտ է, ունենք շատ նկարահանումներ, դրա համար որոշեցինք օգտվել այս շրջանից եւ մեկնել մի փոքր հանգստանալու եւ վերադառնալ ակտիվ աշխատանքայի գրաֆիկին: Շատ աշխատանքներ ունենք պլանավորած, պատրաստվում ենք նոր ներկայացումների: Հետաքրքիրն այն է, որ Եգիպտոսից վերադառնալուց երկու օր անց սկսեցինք նկարահանումները»,-ասաց նա:
Անդո Հարությունյանի խոսքով՝ առհասարակ նա ակտիվ հանգստի սիրահար է, բայց եթե ընտանիքի հետ է, ապա նախընտրում է պասիվ հանգիստ. «Ընտանիքիս հետ, բնականաբար, նախընտրում եմ պասիվ հանգիստ, իսկ ընկերներիս հետ՝ ակտիվ: Իրականում շատ լավ եւ լիարժեք հանգիստ ենք ունեցել, անկեղծ կլինեմ, բուրգերի մոտ չենք գնացել, որովհետեւ երեխաներս փոքր են, եւ ես չէի կարող տասժամյա ավտոբուսով ճանապարհ անցել նրանց հետ, քանի որ շատ կհոգնեին, իսկ ես այդքան դաժան լինել չէի կարող: Երբ մի քիչ կմեծանան, արդեն հանգիստ կարող ենք շրջել»,-հավելեց նա:
Ադրադառնալով Հայաստանում ամառային հանգիստը անցկացնելուն՝ դերասանն ընդգծեց, որ ցանկացած վայր հայրենիքում նրա համար յուրահատուկ է եւ սիրելի:
«Անպայման ազատ ժամանակ հանգիստ կկազմակերպենք նաեւ Հայաստանի ներսում, իհարկե, սկսած իմ սիրելի ծննդավայրից՝ Դիլիջանից»,-ընդգծեց նա:
Հարցին, թե որքան գումար է ծախսել եգիպտոսյան հանգստի վրա, Անդոն ասաց, որ հանգիստն իր վրա արժեցել է ընդամենը 4000 դոլար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԹԱՏՐՈՆ ԿԱՅԱՐԱՆԸ»՝ «ԱՆԱՀԻՏ» ԲԵՄԱԿԱՆԱՑՄԱՄԲ
Բարոյական, ազգային, քաղաքացիական, հոգեւոր գաղափարների եւ արժեքների մասին հիշեցնելու, դրանք պահպանելու նպատակով մի խումբ էնտուզիաստներ ստեղծել են «Թատրոն կայարանը», որը գործում է Տիգրան մեծ 80/1 հասցեում՝ Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ:
Թատրոնի փոխտնօրեն Անդի Սողոմոնյանը նշում է՝ ձգտում են խոսել ներկայի, ապագայի մասին՝ չմոռանալով անցյալը, որում ապրել են մեր նախնիները:
«Նման թատրոն ստեղծելու մտահղացումը վաղուց կար, բայց այն հիմնվել է 2021-ի նոյեմբերին: Ամեն բան ստեղծել ենք զրոյից՝ ձգտելով համապատասխանել ժամանակակից թատրոնի չափանիշներին: Դեկտեմբերից մանկական ներկայացումներ ենք բեմադրել: Փոքրիկների դատին ենք հանձնել «Տոնածառ» ամանորյա ներկայացումը, «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները» բեմադրությունները: Մայիսի 14-ին կայացավ մեծահասակների համար նախատեսված «Սեր՝ ֆրանսիական ձեւով» ներկայացման առաջնախաղը: Ուրախալի է, որ այն դրական արձագանք ստացավ»,- պատմում է Սողոմոնյանը:
Անդրադառնալով թատրոնի տոմսերի գներին՝ նա նշում է՝ գնային քաղաքականությունը նույնն է, ինչպես այլ թատրոններինը: Սողոմոնյանի խոսքով՝ թատրոնը զարգացնելու նպատակով պատրաստ են համագործակցել մասնավոր ներդրողների հետ:
«Թատրոն կայարանն» առաջիկայում հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի մարզերում: Հուլիսի 2-ին կլինեն Հրազդանի դրամատիկական թատրոնում, հուլիսի 7-ին՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի թատրոնում, եւ հուլիսի 9-ին՝ Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում:
ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ՄՐՑԵՑԻՆ
Ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Ռոմա»-ն եւ «Ֆեյենորդ»-ը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանիայում կայացած եզրափակիչ խաղի առաջին կեսում երկու թիմերից գնդակին առավել շատ տիրում էր «Ֆեյենորդ»-ը, սակայն իր պահն օգտագործեց «Ռոմա»-ն: Դիպուկ հարվածով 32-րդ րոպեին աչքի ընկան Զանիոլոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց: Հայ ֆուտբոլիստ երկու շաբաթ առաջ էր վնասվածք ստացել, եւ հիմա վնասվածքը կրկնվեց: Երկրորդ կեսում «Ֆեյենորդ»-ը տիրում էր նախաձեռնությանը, իսկ «Ռոմա»-ն միայն երբեմն-երբեմն էր հակագրոհում: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: «Ռոմա»-ն դարձավ պատմության առաջին թիմը, որը նվաճեց Կոֆեներցիաների լիգայի գավաթը: Ի դեպ, «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միակն է, որ տիրել է երեք եվրագավաթներին՝ Չեմպոնների լիգա, Եվրոպա լիգա եւ Կոնֆերենցիաների լիգա։ Հենրիխ Մխիթարյանն էլ 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Մոուրինյոյի գլխավորությամբ դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող։
ՆՎԻՐՎԱԾ Է ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Ղազախստանի մայրաքաղաքում Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել: Միջոցառումը նվիրված է եղել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, Ռուսաստանի եւ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: «Սիրո դար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Ռուսական տան «Ավելի քան 30» նախագծի շրջանակում: Տեղեկությունը հայտնում է Նուր Սուլթանի Ռուսական տան մամուլի ծառայությունը։ «Միջոցառումը նվիրված էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, Ռուսաստանի եւ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Համերգին մասնակցել են ղազախստանցի ականավոր բժիշկ եւ երգիչ Սերիկ Տոկպանովը, Նուր Սուլթան քաղաքի «Աստանա» էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի մենակատարներ Սուրեն Պլատոնովը, Էլգիզ Կարաժանովան, Տատյանա Կիմը եւ այլք»,- տեղեկացրել են Ռուսական տան մամուլի ծառայությունից: Համերգի ընթացքում հնչել են տարբեր սերունդների կողմից սիրված «Ոսկե տանգո», «Քո հետքերը», «Շնորհակալ եմ քեզ», «Գեղեցկության թագուհի», «Սիրո տարի», «Հարսանիք», «Վերադարձրո՛ւ ինձ երաժշտությունը» ստեղծագործությունները։