44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան տարիուկես անց սահմանների կահավորման հարցը մինչ օրս էլ Զինված ուժերի թերեւս ամենակարեւոր ու հրատապ հարցն է: Տարբեր պաշտոնյաներ առաջնագիծ մեկնելուց հետո տարատեսակ ու մտահոգիչ արձանագրություններ են անում: Իհարկե, անվտանգային նկատառումներից ելնելով՝ շատ մանրամասներ չեն հայտնում, բայց առանց դրանց էլ պարզ է, որ մեր սահմանների վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Պատերազմից հետո Հայաստանի՝ Ադրբեջանի հետ երկարած ու չկահավորված սահմանի մասին առաջին բարձրաձայնողներից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր: Դեռեւս 2021 թվականի մայիսի 3-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց, թե կահավորվում է առաջնագիծը, պարզապես մենք չենք տեսնում, եւ լավ է, որ չենք տեսնում: Այս հայտարարությունից ընդամենը 9 օր անց ադրբեջանական զորքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք միանգամից երկու մասից: Այդ մասին հայտարարեց հենց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Վերջերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դիրքապահներին էր այցելել, ու դատելով ՊՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից՝ սահմանն այժմ էլ կահավորված չէ. խրամատներ չկային, անվադողերի ներսում անգամ ավազ ու քար չէր լցված, իրար վրա դրված անվադողերն էլ դիրքապահին ամբողջությամբ չէին ծածկում: Պատերազմից անմիջապես հետո, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե սահմանները կահավորվում են, ամեն բան կարգին է: Պապիկյանի մասնակցությամբ լուսանկարը, փաստորեն, հերթական անգամ ապացուցում էր՝ Թովմասյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ: Վարչապետի հերթական սուտը, փաստորեն, իր իսկ թիմակից Պապիկյանն է բացահայտում: Նկատենք՝ պատերազմի ավարտից հետո, երբ նոր բնագծեր են ավելացել, սահմանային կահավորման հարցը պետք է այս իշխանությունների համար առաջնային լիներ, սակայն իշխանությունների համար այլ հարցեր են կարեւոր՝ պաշտոնների փոխատեղում, սպորտային ու երաժշտական միջոցառումներին մասնակցություն, «վոյաժների» մեկնում եւ այլն, եւ այլն:
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին: Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին է։ Գործը քննվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն հիմա զինվորական քննչական բաժնում է, եւ նրան այս անգամ կոմիտեն է կանչել հարցաքննության: Մեկ կարեւոր հանգամանք եւս. 2020 թվականին Վահան Ավետիսյանը կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Նրա այս ահազանգից մեկ տարի անց Գալստյանը կալանավորված է կրկին չարաշահումների գործով, Արտակ Դավթյանը նույն գործով մեղադրյալի աթոռին է, սակայն ազատության մեջ է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործով հարցաքննվածներն իրավապահներին պնդել են, թե զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքը այն չի կարողանում որսալ ու ոչնչացնել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով հարցաքննվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Տիրան Խաչատրյանը, Ստեփան Գալստյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագիծ է մշակել, որը վերաբերում է դատավորներ ընտրելու կարգին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ-ն առաջարկում է դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն: Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Վերաքննիչ քրեական դատարանում ծագել են մի շարք խնդիրներ՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված: Նշված տեսակի գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ենթադրում են անհապաղ քննության իրականացում, ինչը հաճախ հնարավոր չի լինում իրականացնել նմանատիպ գործեր քննող դատավորների սահմանափակ թվակազմի պատճառով: Հետեւաբար անհրաժեշտություն է ծագել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի միայն քրեական գործեր քննող գործող դատավորների թվակազմից անհրաժեշտության դեպքում այլ դատավորների եւս ներգրավելու քննարկման առարկա գործերի քննությանը: Չի բացառվում, որ այս անհրաժեշտությունը ծագել է ընդդիմադիրների քայլերից հետո, երբ ավելի շատ քրեական գործեր են հարուցվում, ու դատավորները չեն հասցնում քննել դրանք:
Հունիսի մեկից Մոսկվայում «կորոնավիրուսային համաներում» կմեկնարկի. կորոնավիրուսի հետեւանքով տուգանված քաղաքացիներն ու բիզնեսը կարող են վերադարձնել պետբյուջե մուծած գումարները, բացի այդ, նշանակված, բայց դեռեւս չվճարված տուգանքները կարող են չեղարկվել: «Կորոնավիրուսային համաներման» մասին համապատասխան որոշում է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Միջոցառումն իրականացվում է քաղաքացիներին ու բիզնեսին համընդհանուր պատժամիջոցների շրջանակներում օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք դիմակ չդնելու պատճառով տուգանվել են ու վճարել (կամ դեռեւս չեն վճարել) այդ գումարը, հնարավորություն կունենան հետ ստանալ այն»,- ասված է համապատասխան որոշման մեջ: Քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, պատրաստվում է 13.6 միլիարդ ռուբլի չեղարկել: Պետության կողմից սուբսիդիա կարող են ստանալ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք՝ մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Դրանց մեջ են մտնում անձնագիրը կամ իրավաբանական անձի գործունեության համար պահանջվող հավաստագիրը, տուգանք նշանակելու մասին ոստիկանների կողմից կազմված արձանագրությունը, տուգանքը մուծելու ստացականը: Տուգանքի վերադարձ չի կարող լինել այն քաղաքացիների կամ իրավաբանական անձանց համար, որոնք տուգանվել են ինքնամեկուսացման ժամանակ, այսինքն՝ խախտել են համաճարակային ռեժիմը, ինչպես նաեւ Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետությունների քաղաքացիներ են կամ «օֆշորային գոտիներում» հաշիվներ ունեն: