Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց այն քրեական գործից, որում շոշափվում է իր եւ Տարոն Մարգարյանի անունը։ Մինասյանը նշեց, որ, ծանուցման համաձայն, նրան կանչում են հարցաքննության որպես վկա, սակայն նա չի պատրաստվում մասնակցել որեւէ գործընթացի։ Հավելենք՝ քրեական գործ է հարուցվել, որ Մինասյանն ու Մարգարյանը նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու համար։
-Ձեզ ու Տարոն Մարգարյանին ցույցերին մարդ բերելու եւ գումար առաջարկելու համար մեղադրանք է առաջադրվել: Մի փոքր մանրամասնեք՝ Ձեզ երբ հայտնի դարձավ այդ մասին, ինչ գումարների մասին է խոսքը:
-Նախ արձանագրեմ, որ մեղադրանք չի արձանագրվել, բայց ի սկզբանե գործի հարուցումը ապօրինի է: ԱԺ պատգամավորի նկատմամբ որեւէ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես Ազգային Ժողովի համաձայնությամբ: Տվյալ դեպքում հասկանում ես, թե ինչ նյութի հիմա վրա է. մի քանի օր առաջ ինչ-որ տեսանյութ էր տարածվել, որտեղ հստակ երեւում է՝ ոստիկանության պարեկային ծառայության մեքենայի միջից կատարված մի նկարահանում է, ակնհայտորեն նախապատրաստված եւ առանձին դեպքերում նույնիսկ խոշտանգման տարրեր պարունակող մի երիտասարդի են խոսեցնում, որն անհասկանալի ինչ-որ ձեւակերպումներ է տալիս եւ դրա հիման վրա, իբր, ես եւ ոմն Տարոն Մարգարյան մասնակցել ենք մի գործողության, որի թեման եղել է այն, թե, իբր, հավաքի մասնակցի ենք ապահովել նյութական շահագրգռվածությամբ:
Սա ոչ միայն կատարյալ հիմարություն է, սա արդեն իրավունքի, օրենքի, տգիտության բարձրագույն մակարդակ է, երբ քննչական մարմինը եւ նրանց հանձնարարական տված անձինք, այլեւս նվազագույն իրավական գիտելիքներ չտիրապետելեով, նման գործողություններ են անում: Զավեշտը նաեւ այն է, որ այս գործի շրջանակներում, երբ ուղիղ մատնանշված է իմ ու Տարոն Մարգարյանի անունը, ես ստանում եմ ծանուցում, որ որպես վկա եմ կանչվում հարցաքննության: Այս մադրիկ հավանաբար Սահմանադրությունն ու Քրեական դատավարության օրենսդրությունը չեն էլ հասկացել կամ չեն էլ կարդացել, որ երբ մարդու մասին դու արդեն նշում ես որեւէ գործի շրջանակներում, ապա այդ մարդն այլեւս ոչ թե վկա, արդեն իսկ կասկածյալի փաստացի կարգավիճակով է:
Բնականաբար, ես հրաժարվել եմ որեւէ գործի մասնակցելուց. համարել եմ, որ դա ապօրինություն է: Փաստաբան Բենիկ Գալստյանը տվել է հաղորդում հանցագործության մասին, այդ թվում՝ այդ երիտասարդի նկատմամբ ակնհայտ խոշտանգման դրսեւորումներով, պահանջվել է, որպեսզի քրեական գործ հարուցվի այս եւ նմանատիպ դրսեւորումներով: Ուզում եմ արձանագրել, որ այս օրերին, բռնության բազմաթիվ դեպքերի կապակցությամբ երբ մենք հաղորդումներ ենք ներկայացրել, արդեն հայտնի են մի շարք դեպքեր, երբ հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ իմ նկատմամբ, այսպես կոչված, բորենիների կեցվածքով հարձակումը, եւ ես այս գործում ներգրավված եմ որպես տուժող:
-Խոսեցիք վերջին օրերի բռնությունների մասին: Վերջերս խուզարկություններ են իրականացվում. ինչի՞ հետ եք կապում այս ամենը, իշխանություններն ինչո՞ւ անցան այդպիսի քայլերի:
-Նախ՝ արձանագրեմ, որ խուզարկությունները սկսվել են արդեն բավականին երկար ժամանակ. երբ Դիմադրության շարժումն իր գործողությունները լայն ծավալով սկսեց տարածել, սկսվեց խուզարկությունների մի մեծ ծավալ, որտեղ կենտրոնում «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն էր՝ գրասենյակներ, համակիրներ, կուսակցականներ:
Սա ուղղակի խայտառակություն է, երբ մարդկանց զբաղեցնելու, նրանց հանդեպ ապօրինի հետապնդում իրականացնելու, քաղաքական ճղճիմ հետապնդման փորձեր իրականացնելու միջոցով փորձ են անում կասեցնել: Եվ տեսնելով, որ Դիմադրության շարժումը չի մարում, հակառակը, կայուն, ոգեւորված ու վճռական տրամադրված մարդկանց թիվը ոչ միայն չի նվազում, այլ ավելանում է, նրանք որոշել են վերջին ճիգերը գործադրել, որպեսզի սահմանափակեն մարդկանց մասնակցությունը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱԿԱՅԻ ԿՈՂՔԻՆ
Հայաստանի առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորները տոնական միջոցառումների են մասնակցել հիմնականում Ապարանում ու Սարդարապատում:
ՔՊ-ի պատգամավորների հրապարակած լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նրանք, մայիսի 28-ի տոնական միջոցառումներից զատ, նաեւ հաճելի ժամանակ են անցկացրել տեղական պաշտոնյաների հետ:
Լուսանկարներից մեկում ՔՊ-ական պատգամավորների՝ Արփի Դավոյանի, Արմեն Խաչատրյանի կողքին Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարն է՝ Արկադի Փելեշյանը: 2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո իրավապահ համակարգի ներկայացուցիչները մեկ էլ հանկարծ հիշեցին, որ առավելագույն ձայներ հավաքած Մամիկոն Ասլանյանը կարող է իրավական թեմաների թիրախում հայտնվել, ու նրան զրկեցին ազատությունից:
«Եթե որեւէ մի համայնքում խնդիր կա, ապա հարցերը պետք է արտահերթ ընտրություններով լուծվեն»,- իշխանության գալուց անմիջապես հետո այսպես էր բարձրախոսում Փաշինյանը: Այժմ, սակայն, իրավիճակ է փոխվել իշխող քաղաքական թիմի մոտ, ու «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով մի շարք համայնքներում տարած պարտության հետ, անում է հնարավորը, որ յուրայիններն իշխանության անցնեն հատկապես խոշոր համայնքներում: Նախկին ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանի՝ Ակայի մասին «Շարմազանովի սանիկը՝ Վանաձորում կիսաքրեական համբավի տեր Ական՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու» 2016-ի հունիսի 2-ին Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածը վարչապետը, ըստ երեւույթին, կա՛մ մոռացել է, կա՛մ էլ փոխվել են նրա՝ «կիսագողական իշխանիկների» մասին պատկերացումները: Ու այժմ Փելեշյանը, փաստորեն, «նախկինների» արատավոր բարքերը մերժող, քրեական ենթամշակույթն ու կոռուպցիան արմատախիլ անող «հեղափոխական» ՔՊ-ականների կողքին է հայտնվում:
Արկադի Փելեշյանի անունը մի քանի անգամ հայտնվել է քրեական քրոնիկոնում: Նա 2008-ին մեղադրվել է խուլիգանության համար, ընդունել մեղքը ու, տուգանք վճարելով, ազատ արձակվել: 2016-ին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ըստ տարբեր հրապարակումների՝ ծեծի է ենթարկել ավետարանչական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկին, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ տուժող ճանաչված հոգեւորականը ներել էր Փելեշյանին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպում են ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախարարն ու պատգամավորները քննարկել են խաղաղության օրակարգին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող հարցեր։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը հենց ՔՊ-ական պատգամավորներն են նախաձեռնել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Արցախի շուրջ, եւ ինչ է բանակցվում: Բանն այն է, որ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքից հետո ՔՊ-ականները Փաշինյանի հետ չեն հանդիպել, իսկ նախկինում այցերն ու հանդիպումները հենց նրա հետ էին ամփոփվում: Վերջին շրջանում ակտիվ այցեր են. վարչապետը երկու անգամ ՌԴ, Բրյուսել է այցելել, Միրզոյանը եւս բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, սակայն այցերը Փաշինյանի հետ այդպես էլ ամփոփել չի հաջողվել: Դա է հանդիսացել պատճառը, որ ՔՊ-ականները որոշել են հանդիպում նախաձեռնել գոնե արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի հարցերի դեպքում կամ այլ իրավիճակում իրենք եւս տեղյալ լինեն եւ կարողանան ներկայացնել:
ՖՐԱՆՍԻԱ ԿԳՈՐԾՈՒՂՎԻ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ հունիս ամսին խորհրդարանից երկու անգամ Ստրասբուրգ պատվիրակություն կմեկնի: Մի այցով խորհրդարանականները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ կմեկնեն, մյուսն անհայտ է, թե ինչի համար: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի մայիսի 25-ի կարգադրության մեջ նշված է. «Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 8-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը»: Պատվիրակության կազմի մեջ են մտնում ԱԺ նախագահը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանն ու այլք: Կարգադրության մեջ, սակայն, չի մանրամասնվում, թե աշխատանքային այցն ինչ նպատակով է կազմակերպվում, ու 4 օրվա մեջ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ինչ հանդիպումներ է ունենալու: Ֆրանսիա երկրորդ այցը հունիսի 19-25 է նախատեսվում՝ ԵԽԽՎ նիստերի շրջանակներում:
Նշենք, որ ԵԽԽՎ նիստին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից կմասնակցեն Արուսյակ Ջուլհակյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Ռուբեն Ռուբինյանը: