ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած հայ-ադրբեջանական ակտիվ շփումներ են, սակայն փոխադարձ մեղադրանքները չեն դադարում: Եվ սա այն դեպքում, երբ արդեն տեղի են ունեցել Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցությունները, իսկ այս շաբաթ էլ արդեն Մոսկվայում նախատեսված է հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը:

 

Իսկ այժմ խոսենք փաստերով. մայիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել եւ դատապարտել  Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետեւանքով զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը, եւ կոչ էր արել Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից։ Պատասխան հայտարարությունը եւս չի ուշացել, եւ արդեն ադրբեջանական կողմն է Երեւանին խորհուրդներ տվել՝ ասելով, թե «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։

Հայկական կողմը նաեւ կարծում է, թե  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանացնի։ Եվ այս փոխադարձ մեղադրանքները հնչում են այն դեպքում, երբ սահմանին մեկ անգամ արդեն ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են: Ավելին՝ Երեւանը կառուցողական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին նիստը, որ կայացել է մայիսի 24-ին երկու երկրների միջպետական սահմանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ղեկավարում է Հայաստանի հանձնաժողովը։ Նրա խոսքով՝ այս հանդիպմանը քննարկել են հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ պայմանավորվածություն            դեռեւս չկա, բայց հստակ է, որ այն կայանալու է Մոսկվայում։

Հաջորդ շաբաթ կրկին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների՝ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը. հայտնել է Մհեր Գրիգորյանը։ Նա հավելել է, որ օրակարգում ներառված են երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, եւ դա սահմանազատման հետ կապ չունի։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, որ այժմ կողմերը աշխատում են երկու երկրների միջեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, ապա հավելել, որ քննարկումների ընթացքում Բաքուն ու Երեւանը կարողացել են մի շարք հարցերի շուրջ մոտեցնել դիրքորոշումները։

Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց Երեւանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։

Դրան հաջորդեց փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի սահմանին։

Հավելենք, որ հայկական կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կազմում ընդգրկվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԱԾ դեպարտամենտի տեղակալը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Այն ներկայացրել է գլխավոր դատախազությունը։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ հայցով պահանջում են դատարանից բռնագանձել Օհանյանին ու նրա հետ փոխկապակցված երեք անձանց պատկանող, Երեւանում գտնվող երկու հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը եւ մեկ տրանսպորտային միջոց։ Դատախազությունը պահանջում է գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում բռնագանձել դրանց միջին շուկայական գումարը՝ գրեթե 1,1 միլիարդ դրամ։ Բացի այդ, դատախազությունը հայցով պահանջում է բռնագանձել 477 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաեւ 600 միլիոն դրամ, որը չի հիկնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, բայց հնարավոր չէ բռնագանձել։ Ըստ օրենքի՝ սա այն գույքն է, որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է նույնականացնել։

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՊԵԿ-ԻՆ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի ընկերությունը դատի է տվել ՊԵԿ-ին։ Մասնավորապես, «Ֆլեշ» ՍՊԸ-ն դատարան է դիմել՝ ընդդեմ ՊԵԿ-ի՝ պահանջելով 05.05.2022թ. թիվ 3210608 արձանագրությունն անվավեր ճանաչել: Ըստ էության, ՊԵԿ-ը տուգանել է, ինչի հետ գործարարը համամիտ չէ։

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Ինքնասպանության փորձ՝ Ֆլորենս ռեստորանի մոտ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 35 տարեկան տղամարդը ռեստորանի մոտ խմել է 2 տուփ դիմեդրոլ տեսակի դեղահաբ: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, վիճակը գնահատվում է նորմալ: Հավելենք, որ վերջին օրերին շատացել են ինքնասպանության փորձերը, որոնք հաճախ ողբերգական ավարտ են ունենում, եւ այդ մարդկանց կյանքը փրկել չի հաջողվում:

 

 

 

ԵՐԹՈՒՂԻՆ ԿՍԿՍԻ

Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի իրականացնել ամառային ուղեւորափոխադրումներ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղով։ Ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ  Երեւանից երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Շաբաթվա մյուս օրերին Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով ուղեւորափոխադրում կիրականացնի Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով, ուղեւորությունը Երեւանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղեւորությունը Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին:

 

 

 

ԿԳՆԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Այսօր՝ մայիսի 31-ից, Ազգային ժողովում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Սպասվում է, որ վաղը խորհրդարան կայցելի եւ բացման խոսքով հանդես կգա նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջին օրը, այսինքն՝ վաղը, կքննարկվի զուտ ֆինանսական ոլորտը, ապա սպասվում է, որ խորհրդարան կգան նաեւ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Նիստերից մի քանիսը կլինեն դռնփակ:

 

 

 

 

ՊԵՏՔ Է «ՊԱՐԶԱՋՐՎԻ»

«Ի վերջո, պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի», հասարակության համար պետք է ընկալելի լինի, թե իրականում ով ինչի հետեւից է գնում»,- ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում արտահայտեն։ Ովքեր դիրքորոշում արտահայտել են, գիտենք, ովքեր շարունակում են աջակցել այս իշխանությանը, դրա մասին եւս հասարակությունը գիտի», – ասել է նա: Այն դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները հայտարարել են, թե «չեն տրվելու ընդդիմության սադրանքներին ու ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստին չեն մասնակցելու», Տիգրան Աբրահամյանն արձագանքել է. «Այս ընթացքում սադրանքներ միայն եղել է իշխանության կողմից. հիշե՛ք, մայիսի 1-ին ընդառաջ, երբ ակտիվ փուլ էին մտնում ընդդիմության հավաքները, տարբեր իրավապահ կառույցներ հայտարարում էին հնարավոր զինված բախումների, սադրանքների մասին։ Ժամանակը ցույց տվեց, որ դրանք բացառապես հրահրվում են իշխանության կողմից»։ Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սկսում են այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ ուղիղ պահանջով։ Նա նշել էր, թե եկել է ջրբաժանի պահը. Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը, երկրի բոլոր պետական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այն հիմնադրույթների վերաբերյալ, որոնք խորհրդարանական ընդդիմությունը ամբողջացրել է մեկ հայտարարության մեջ եւ հրապարակել այն։

 

 




Լրահոս