26 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից եւ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա, ուսումնասիրվել է Covid 19 համավարակով պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովման եւ սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը:

 

Ոսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 28.03.2020թ. որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերություններից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ:

ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշման հիման վրա՝ վերը նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա: Նշված ընկերությունների կողմից 2020թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս են գրվել ընդհանուր թվով 23 հարկային հաշիվներ եւ հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում «Գոլդեն փելես», «Զարթոնք», Ծաղկաձոր գրողների տուն, Ծաղկաձորի «Նաիրի», «Մարիոթ», «Մինոտել», «Նարե», «Նորք Ռեզիդենս», «Սպորտ Բազա» հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր շուրջ 32.000 անձի տրամադրվել են շուրջ 149.000.000 ՀՀ դրամի սնունդ: Հարկային հաշիվները եւ հաշիվ-վավերագրերն ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից: Մինչդեռ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առկա տվյալների համաձայն՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է շուրջ 26.000 մարդ, այսինքն` վերը նշված հյուրանոցներում մեկուսացած անձանց վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների եւ դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ-վավերագրերի համեմատությամբ պարզվել է, որ պետությունը շուրջ 6.000 անձի հաշվարկով շուրջ 23.000.000 ՀՀ դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց: Այսպիսով, ստացված փաստաթղթերը տվյալներ են պարունակում այն մասին, որ նշված ընկերությունների պատասխանատու անձինք, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել եւ դուրս են գրել հարկային հաշիվներ եւ հաշիվ-վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում շուրջ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ: Դրանք ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 23.000.000 ՀՀ դրամի վերը նշված բացակա անձանց համար նախատեսված սննդի գումարները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով, առանց ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հարկային հաշիվներն ու հաշիվ-վավերագրերն ընդունել են՝ անզգուշությամբ պետության համար առաջացնելով ծանր հետեւանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Մայիսի 16-ից սկսած՝ իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիներից պարբերաբար ստանում էի ահազանգեր, որ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք եւ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետներում չեն վերադարձվել սեփականատերերին։

 

Ընդ որում, ոստիկանության աշխատակիցների կողմից որեւէ արձանագրություն չէր կազմվել, կամ կազմելու դեպքում էլ վարորդներին այդ արձանագրության օրինակը չէր տրամադրվել, մինչդեռ օրենքով սահմանված է, որ իրավասու պաշտոնատար անձը պետք է կազմի արձանագրություն եւ օրինակը տրամադրի ինչպես վարորդին, այնպես էլ հատուկ պահպանվող տարածքում պահպանությունն իրականացնող անձանց մինչեւ դրա պահպանությունը ստանձնելը։

Վերոնշալ խնդիրների կարգավորման վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանապետին, պահանջել էի բացատրություն եւ քաղաքացիների տրանսպորտային միջոցների անհապաղ վերադարձ:

Ստացել եմ պատասխան, ըստ որի՝ մայիսի 16-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տարածք է տեղափոխվել ավտոերթ իրականացնող քաղաքացիների 53 տրանսպորտային միջոց, որոնց՝ հատուկ տարածք տեղափոխելու կամ բերման ենթարկելու պատճառներից է եղել երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելը կամ կայանումն արգելված տեղերում կանգնելը, որից 50-ը հանվել են արգելանքից եւ հանձնվել են վարորդներին (սեփականատերերին), 2-ը դեռեւս արգելանքի տակ են, քանի որ գտնվում են հետախուզման մեջ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, իսկ մեկի վարորդը հրաժարվել է տրանսպորտային միջոցը հանել հատուկ տարածքից, քանի որ համաձայն չէ, որ իր նկատմամբ կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ոստիկանության ուղիղ նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե նրանց պատժելը՝ զանց առնելով ՀՀ օրենքը եւ վերջիններիս իրավունքները, այս դեպքում՝ ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված սեփականության իրավունքը»։

 

 

 

ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դիլիջան քաղաքում հաշվառված, Երեւան քաղաքում մշտապես միայնակ բնակվող Սարգիս Գուլանյանը, համաձայն մեղադրյալ ներգրավվելու մասին 2022թ. մարտի 21-ի որոշման, մեղադրվում է, որ նա, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 04:23-ին, հաղորդակցության տեխնոլոգիա հանդիսացող «Ֆեյսբուք» սոցկայքի՝ իր կողմից շահագործվող «Սարգիս Մեսրոպի Գուլանյան» անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության համար լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, Արայիկ  Հարությունյանի լուսանկարի  տակ կատարելով հայհոյախառն գրառումներ եւ այդկերպ տարածելով արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով նվաստացնող նյութեր, դիտավորությամբ ծանր վիրավոանք է հասցրել Արցախի նախագահ Ա. Հարությունյանին։

Ընկերություններից մեկում որպես էլեկտրիկ աշխատող Ս. Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված»):

Սույն հոդվածը, որպես պատիժ, նախատեսում է տուգանք՝ 500 հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով։ Ս. Գուլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Տեղեկատվական տեխոնոլոգիաներն օգտագործելու միջոցով Ս. Գուլանյանի կողմից նշված գրառումը կատարելու վայրը պարզելու համար նախաքննությամբ նրան այդ մասին հարց չի տրվել։ Քանի որ նա  իր տված ցուցմունքում հայտնել է, որ մշտապես բնակվում է Երեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը 2022թ. ապրիլի 6-ին  որոշել է իր վարույթում գտնվող վերոհիշյալ քրեական գործն ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության։ Ապրիլի 18-ին Երեւանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշել է դիմել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին Երեւան քաղաքի եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների միջեւ ընդդատության վեճը լուծելու համար։ Ս. Գուլանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ է նշանակված  մայիսի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս