«ՄԱ՛Մ ՋԱՆ, ԿԼՍԵՍ ՏՂՈՒԴ ՄԱՍԻՆ, ԿՀՊԱՐՏԱՆԱՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28֊ին Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնն իր հերոսածին ծնունդով եւս մեկ անգամ կարեւորում է 44֊օրյա արցախյան երկրորդ պատերազմի անմահ հերոս Նարեկ Աղոյանը։ Մայիսի 28֊ին` բոլորիս համար խորհրդանշական օրը, մերօրյա հերոսը դարձավ 21 տարեկան։

 

Նարեկին օրվա կապակցությամբ շնորհավորելու ու նրա հիշատակի առթիվ խաչքարի բացմանը ներկա էին նրա մարտական ընկերներն ու ծառայակիցները, հարազատներն ու նրա սխրանքը գնահատողները։

«Նարեկն իր տեսակով բացառիկ էր, բացառիկ հայրենասեր ու հայրենանվեր մարդ տեսակ էր, որը քչերին է բնորոշ։ Ամեն ինչում չափված էր, թե՛ խոսքով, թե՛ պահվածքով։ Լավ եղբայր էր եւ լավ ավագ զավակ իր ծնողների համար»,- մեզ հետ զրույցում այսպես բնութագրեցին հարազատները հերոսին։

Նշենք, որ կրտսեր սերժանտ, «Մարտական ծառայության» մեդալակիր Նարեկ Ջիվանի Աղոյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 28-ին Վարդենիս քաղաքում, սակայն Նարեկի ողջ մանկությունն ու պատանեկությունն անցել է Երեւանում: Դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում իր խիզախ ու համառ բնավորությամբ:

2019 թվականին մեկնել է ծառայության նախ Գյումրիում, ապա տեղափոխվել է Ջաբրայիլ: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում: Զոհվել է հոկտեմբերի 6-ին՝ թեժ մարտերից մեկի ժամանակ, սակայն ընտանիքը հերոսին կարողացել է հուղարկավորել միայն օգոստոսի 19-ին Եռաբլուրում:

Նարեկը, երբ վերջին անգամ խոսել էր մոր հետ, ասել էր. «Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս»։ Այդպես էլ եղավ։ Նա դարձավ բոլորիս հպարտությունն ու հերոսը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի տասնինին Պեյո Յավորովի անվան 131 դպրոցում, որտեղ սովորել էր 44-օրյա պատերազմի հերոս Նարեկ Աղոյանը, տեղի ունեցավ նրա ու մյուս բոլոր քաջ հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ո՞ՐՆ Է ԿԱՊԻԿԻ ԾԱՂԻԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Աշխարհում տարածում է գտել նոր վիրուս: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է Կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում:

 

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները եւ պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան եւ այլն):

Վիրուսի ինկուբացիոն (գաղտնի) շրջանը տեւում է 5-21 օր, հիմնական ախտանշաններն են ջերմությունը, մեջքի, գլխի, մկանների ցավը, դողը եւ հոգնածությունը։

Հանրության շրջանում Կապիկի ծաղիկ եւ Կորոնավիրուս համավարակները բավականին մեծ արձագանք են գտել: Հետաքրքիր է, թե այս երկու հիվանդություններից որն է ավելի ագրեսիվ եւ ինչ տարածում կարող է այն գտնել: Օրինակ՝ Կապիկի ծաղիկը, ի տարբերություն Կորոնավիրուսի, չի համարվում վարակիչ մինչեւ ախտանշանների զարգացումը, այն համեմատաբար ավելի թույլ վարակիչ է, քան Բնական ծաղիկը կամ Կարմրուկը։

Հետաքրքրական է, որ Կապիկի ծաղիկ վարակի վերջին բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն, սակայն վարակը նոր չէ եւ պատկանում է հարուցիչների այն խմբին, որոնք Ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։ Բնական ծաղիկը, որը պատվաստումների արդյունքում այլեւս չի հանդիպում, ուներ մահացության մինչեւ 30 տոկոս ցուցանիշ, իսկ վերջին տարիներին Կապիկի ծաղկի դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացությունը միջինում 3-6 տոկոս է, ավելի վաղ գրանցված դեպքերի պարագայում այս ցուցանիշն անցնում էր 10 տոկոսը։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄՐՑԱՆԱԿԸ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ

Ուկրաինական Kalush Orchestra խումբը, որն այս տարի հաղթել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, աճուրդում իր մրցանակը վաճառել է 900 հազար դոլարով։ Նրանք որոշել են վաստակած գումարն ուղղել Ուկրաինայի զինված ուժերին։ «Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել այս աճուրդին, եւ հատկապես շնորհակալ ենք Whitebit-ի թիմին, որը գավաթը գնեց 900?000 դոլարով եւ այս պահից մեր գավաթի իրավատերն է»,- սոցիալական ցանցերում հայտնել են երաժիշտները։

 

 

 

 

ՉԻ ՀԱՐՄԱՐՎԵԼ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատմել է, որ անցած ամռանը «Բարսելոնայից» հեռացած 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դեռ չի հարմարվել փարիզյան ակումբում։ «Մեսին երկար տարիներ է անցկացրել «Բարսելոնայում»։ Նրա համար բարդ է հարմարվելը նոր թիմին, նոր քաղաքին։ Հեշտ չէ ակումբն ու քաղաքը փոխել։ Նա դեռ չի հարմարվել այստեղ։ Շատ են շեղող հանգամանքները։ Լեզուն նույնպես այլ է։ Տեղափոխվել է ընտանիքի հետ։ Այդ ամենը խանգարում է։ ՊՍԺ-ն ունի այլ խաղաոճ, թիմի շատ խաղացողներ չեն հասկանում՝ ինչպես է խաղում Մեսին։ Այդ ամենը վնասում է։ Ինձ, Լեոյին, Կիլիան Մբապեին միշտ դատում են խաղամակարդակով, վիճակագրությամբ եւ նվաճած տիտղոսներով»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Canal Football Club-ը։ Ավարտված մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

 

 

ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ

Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի Ferrari California ավտոմեքենան հանվել է վաճառքի Շվեյցարիայում: Խոսքը 2009 թվականին արտադրված սպորտային մեքենայի մասին է: Շումախերը մեքենայի դիզայնի մեջ որեւէ փոփոխություն չի կատարել։ Կաբրիոլետի գինը չի նշվում, սակայն հայտնի է, որ «շատ բարձր է»։ Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4,3 լիտր աշխատանքային ծավալով, 460 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով:

 

 

 

51-ՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի 51-րդ երկրի ներկայացուցիչը, ով հանդես կգա «Ինտերում»: Նշենք, որ մինչ այդ Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ հանդես չի եկել միլանյան ակումբում (Յուրի Ջորկայեֆը Ֆրանսիայի ներկայացուցիչ է)։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը միլանցիներից ծանուցում է ստացել հայ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու մասին։ Մխիթարյանն արդեն բանավոր համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխությանը. հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։




Լրահոս