Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարեւանությամբ, պոկվել եւ վնասել են մի քանի ավտոմեքենաներ։ Վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:
Լարիսա Կիրակոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Ալավերդյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
ՀՀ արդարադատության նխարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:
Վարսեր Մկրտումյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
1) փաստաթուղթը պատրաստել կա՛մ հաստատել, կա՛մ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը,
2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,
3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ,
4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,
5) անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,
6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,
7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը,
8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,
9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմում ներկայացնելու համար անհրաժշետ է ներկայացնել դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը, պետական տուրքի վճարման անդորրագիրը: