Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ: Արցախում իր ելույթներից մեկում Փաշինյանն առաջ էր տանում բազմիցս ներկայացված իր թեզերից մեկը՝ ինքն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից։ «…Շատ կարեւոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաեւ կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»։ 2018 թվականից մինչեւ օրս, այսինքն՝ չորս տարիների ընթացքում, Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղանին, Փաշինյանը շարունակեց բանակցել Արցախի անունից, եւ ավելին՝ Ժողովրդի ինքնորշման իրավունքի մասին հայտնի տերմինը եւս մոռացության մատնվեց: Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարությունում նշվում է ոչ թե «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» ձեւակերպումը, այլ այն փոխվել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձեւակերպմամբ: Ընդ որում՝ այս արտահայտությունից դժգոհել է նաեւ ղարաբաղյան կողմը: Ստացվում է՝ այս չորս տարիների ընթացքում Փաշինյանը այս հարցով եւս հերթական անգամ խաբել է քաղաքացիներին:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա Հայաստանից: Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։ Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրիքնի տեղակալն է կամ, այսպես ասած, փոխդեսպանը։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայում «մարտական մկրտություն» ստացած դիվանագետը դիվանագիտական առաքելություն է իրականացնելու Հայաստանում։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճը այն աստիճան է թեժացել, որ վերջիններս սկսել են անգամ միմյանց մեղադրել քրեական գործերի քննությունները տապալելու մեջ: Ավելին՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով «ինչ -ինչ խաղերի մեջ է մտել»: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացվել է որոշում Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին, եւ դա պայմանավորված է եղել նրանով, որ քննիչը, առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու, հայտարարել է նախաքննության ավարտ, եւ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ: Դատախազության այս հայտարարության դեմ դուրս եկավ կոմիտեն՝ հայտարարելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձեւակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու՝ դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»: Դատելով այս մտահոգությունից՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը քաղաքական իշխանություններին հրապարակային, բայց ոչ ուղիղ կերպով փորձում է հասկացնել, որ գլխավոր դատախազը նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործերով ինչ-որ քաղաքականություն է որդեգրել կամ, ինչպես իրենք ենք պնդում, քրեական գործերի քննությունները տապալում է: Ի դեպ, սա երկրորդ քննիչն է, որ հեռացվում է վարույթից: Առաջին քննիչը, որ հեռացվեց վարույթից, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով քննիչն էր: Այսպիսով, երկու կառույցները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, որի արդյունքում նախկին պաշտոնյաները ազատ վաճառում են իրենց՝ կասկածելի ծագմամբ ունեցվածքը կամ վայելում են ազատությունը:
Հայաստանի ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատն այս տարվա փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը հաշվեքննություն է իրականացրել ոստիկանությունում եւ որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել: Ուշագրավն այն է, որ ՀՀ ոստիկանության կողմից հավաքագրվել է 11 մլրդ 548 մլն դրամով ավելի եկամուտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամուտի ավելացումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ու անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից մատուցված ծառայություններից ու երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գերակատարումներով, նաեւ՝ պետական պահպանություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հավաքագրված եկամուտով: Բացի այս, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանման ընտրված աշխատողներին վճարվել է նախատեսվածից ավել աշխատավարձ: Ըստ Պալատի՝ «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են չպատվիրված ծառայություններ, իսկ ՀՀ ոստիկանությունը դրանց դիմաց կատարել է վճարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում 2021 թվականի համար ճանապարհային գծանշումների ձեռք բերման համար պետական բյուջեից նախատեսվել է 475 մլն դրամ, եւ ոստիկանությունը 2020 թվականի դեկտեմբերին հրատապ բաց մրցույթ է հայտարարել, ինչին մասնակցել է երեք ընկերություն, որից մեկը պետական գրանցում ստացել է հենց 2020-ի դեկտեմբերի 24-ին: Իհարկե, հաղթող ճանաչվել է նվազագույն գին առաջարկած ընկերությունը, սակայն մի քանի շաբաթ անց՝ 2021-ի հունվարի 14-ին մրցույթին մասնակցած մեկ ընկերության տնօրենը ստանձնել է մյուս մասնակից կազմակերպության տնօրենի պաշտոնը: