ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը, օր, որը խորհրդանշում է անհոգ եւ ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով: Ի՞նչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար. երգ, պար, խաղեր, վառ գույներ եւ անկեղծ ժպիտներ:

 

Այս առիթով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները իրենց սոցիալական էջերում շնորհավորել են փոքրիկներին տոնի առթիվ եւ հրապարակել իրենց երեխաների լուսանկարները:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը հրապարակել է որդու լուսանկարը եւ գրել. «Կարենս, շնորհավոր լինի տարեդարձդ։ Արդեն 13 տարեկան ես, ինչպես դու ես ասում՝ teenager: Ես միշտ խնդրում եմ Աստծուն, որ դու առողջ լինես, իմ կյանքի ամենամեծ սե՛ր»։

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել եւ երջանկություն մաղթել բոլորին. «Երջանկությունը միասին լինելն է: Վայելե՛ք ձեր մանկությունը, ուրախացե՛ք եւ ուրախացրե՛ք ձեր ծնողներին»:

Երգչուհի Աննա Դովլաթյանը ամուսնու եւ դստեր լուսանկարն է հրապարակել եւ գրել. «Այսօր աշխարհի ամենաբարի եւ ամենագեղեցիկ տոնն է, հրեշտակների օրն է: Թող երկրի բոլոր մանուկները լինեն առողջ եւ ունենան անհոգ մանկություն, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ունենան ամենաերջանիկ, ուրախ եւ խաղաղ մանկությունը: Շնորհավո՛ր Հունիսի 1»:

ՀՀ վաստակավոր դերասան Աշոտ Ղազարյանը թոռնիկների հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել աշխարհի բոլոր մանուկներին. «Շնորհավո՛ր ձեր տոնը աշխարհի փոքրիկներ, առողջ մեծանաք, երջանիկ եւ կյանքում միշտ հաջողակ լինեք»:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է իր հետեւորդների հետ որդիների լուսանկարով եւ գրել. «Աստված օրհնի աշխարհի բոլոր բալիկներին»:

Դերասանուհի Ալլա Սահակյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել եւ գրել. «Երեք բան մնաց դրախտից՝ գիշերվա աստղերը, օրվա ծաղիկները եւ երեխաների աչքերը: Կարեւոր չէ՝ ինչպիսի մանկություն ենք մենք ունեցել, կարեւոր է, թե ինչ մանկություն ենք մենք տալիս մեր երեխաներին»։

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը հրապարակել է երեխաների լուսանկարը եւ հետաքրքիր գրառում արել. «Ես չծնվեցի այն պահին, երբ պետք է ծնվեի. ինն ամիսները բոլոր հաշվարկներով վաղուց անցել էին… Իմ  ես-ը հետ էր ընկել, նա իր հատուկ օրն ուներ։ Փաստը մնում է փաստ, որ ծննդյանս օրից ի վեր ես վազում եմ, որպեսզի վերադարձնեմ մորս արգանդում կորցրած իմ ժամանակը: Ազնավուրի այս պարզ փիլիսոփայությունը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու, որ մենք օրորոցից վազում ենք, անդադար վազում ենք եւ շատ հաճախ կորցնում կյանքի ամենաերջանիկ պահերը, երեխաներին նվիրելու, նվիրվելու ժամանակը:  Երեխայի հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանն այս իրականության ամենաիրական մասն է, ամենաազնիվն ու ամենաանշեղը։ Նրանց երջանկությունը մեր երջանկությունն է, նրանց խաղաղությունը մեր ձեռքերում է: Հիշենք այս պարզ բանաձեւը եւ առանց բարդացնելու վայելենք մեզ տրված  օրերը: Մենք կանք, որպեսզի դուք լինեք, իսկ դուք պիտի լինեք երջանիկ, որովհետեւ դա  է մեր առաքելությունը:

Մանկան շուրթերով աղոթենք ամեն օր, որպեսզի ավարտվեն պատերազմները: Այլեւս խաղաղ պետք է լինի մանկան երկինքը: Եվ, այո, կեցցե՛  այն կյանքը, որտեղ երջանիկ ու պաշտպանված են երեխաները»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՆՈՐ ԱԼԻՔ» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի օգոստոսին Սոչիում, հետաձգվել է: Այն նախատեսվում է անցկացնել 2023-ին:

 

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել  մրցույթի «Վկոնտակտե» կայքի պաշտոնական էջում:

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը, որին մշտապես մասնակցում են ռուսական եւ համաշխարհային ճանաչում ունեցող հանրահայտ աստղեր, անցկացվում է 2002 թվականից: Մրցույթի գլխավոր հերոսները երիտասարդ արտիստներն են, որոնք տարբեր երկրներ ու աշխարհամասեր են ներկայացնում:

Մրցույթի անցկացման ժամկետների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ արտերկրի մասնակիցների եւ հյուրերի համար բարձր մակարդակով ապահովել հարմարավետ պայմաններ, տեխնիկական եւ կազմակերպչական գործընթացները:

Հայաստանը պարբերաբար մասնակցել է «Նոր ալիք» մրցույթին՝ արժանանալով բարձր գնահատականների: 2021 թվականին մրցույթում հաղթել է Հայաստանը, որը ներկայացրել է երիտասարդ երգիչ Սարո Գեւորգյանը:

 

 

 

 

ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Լոնդոնի «Չելսին» կփորձեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ռահիմ Ստերլինգին: Նրա պայմանագիր կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Համագործակցությունը երկարաձգելու ցանկություն կողմերը չունեն։ Ռահիմ Ստերլինգը ցանկանում է այս ամռանը փոխել ակումբը եւ մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը լավագույն մարզավիճակում մոտենալու համար։

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալից կրած պարտությունը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում։ Երկրպագուները բացահայտ աջակցել էին իսպանացի թենիսիստին, որն առավելության էր հասել 6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4) հաշվով։ «Կարծում եմ՝ երկրպագուները չորրորդ սեթում զգալի դերակատարում ունեցան։ Նրանք 99,9 տոկոս Նադալի կողմն էին։ Վճռական պահերին երկրպագուներն աջակցեցին մրցակցին եւ օգնեցին նրան գտնել իր էներգիան»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։ Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, որը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել աշխարհի 6-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

 

 

 

ԴՐՎԱՏԱՆՔՈՎ Է ԽՈՍԵԼ

Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումից առաջ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին դրվատանքով է խոսել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։ «Կարծում եմ՝ հիմա էլ Մեսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Ավարտված մրցաշրջանում նա շատ գոլեր չխփեց, բայց 20 տարի «Բարսելոնայում» խաղալուց հետո թիմ փոխելը բարդ է։ Երբեմն ժամանակ է պետք փոփոխություններին հարմարվելու համար։ Ես հնարավորություն եմ ունեցել մի քանի տարի Իտալիայում հետեւելու Մարադոնայի խաղին։ Կարծում եմ՝ Մեսին նման է նրան։ «Ֆինալիսիմայում» պետք է ուշադիր հսկենք Մեսիին. նա կարող է մի վայրկյանում փոխել խաղի ընթացքը»,- Մանչինիի խոսքը մեջբերում է L՚Equipe-ը։

 

 




Լրահոս