Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցավոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Երկրի ղեկավարն իր ելույթում մանրամասն անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախում արժանավայել հասարակական կարգի և ներքին անվտանգության ապահովումը հանդիսանում է Արցախի Հանրապետության, մասնավորապես՝ արցախյան իրավապահ համակարգի գերակա խնդիրներից մեկը:
«Թեև Արցախում հասարակական կյանքը 2020թ. 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքով ծագած խնդիրների պատճառով նկատելիորեն փոթորկվել է, այդուհանդերձ, մենք պարտավոր ենք հաղթահարել բոլոր խնդիրները, և ոչ միայն որպես նշաձող ընդունել նախապատերազմյան Արցախի հանրային անվտանգության մակարդակը, այլև գերազանցել այն: Մենք կարող ենք նման խնդիր դնել և հասնել դրա լուծմանը, ինչի համար առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ հանրային պահանջ, պետական կամք, պատրաստակամություն և իրավապահ համակարգի միասնականություն»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Խորհրդակցության ընթացքում Հանրապետությունում ընթացիկ տարվա վերջին 5 ամիսներին արձանագրված հանցագործությունների և կատարված կանխարգելիչ աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել իրավապահ մարմինների պատասխանատուները, քննարկվել են օրախնդիր մի շարք հարցեր: Այդ համատեքստում անդրադառնալով Արցախում առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ պետության պարտավորությունների կատարման պարտադիրությունն ու իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով Հանրապետության Նախագահն իրավապահ մարմիններին տվել է հետևյալ հանձնարարականները՝
1. Հաշվի առնելով Արցախում ռազմական դրության իրավական ռեժիմը՝ օրենքի շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ անօրինական շրջանառության մեջ գտնվող զենքի, զինամթերքի, ռազմամթերքի հայտնաբերման ու դրանց առգրավման, ինչպես նաև դրանցից ծագող վտանգը կանխելու ուղղությամբ:
2. Ձեռնարկել օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հետպատերազմյան իրավիճակներին հատուկ հնարավոր հանցավոր խմբավորումների, հեղինակությունների, արտոնյալների՝ գերիշխող դեր ունենալու փորձերը կանխելու, նման արդեն իսկ ձևավորված անթույլատրելի երևույթները վերացնելու, հանցագործության դեպքերի բացահայտման դեպքում՝ նաև քրեական
հետապնդման գործիքակազմը կիրառելու համար:
3. Համայնք առ համայնք բացահայտել շրջանակն այն անձանց, որոնք վարում են հակահասարակական կյանք, հանրային վայրերում ցուցաբերում են ցինիկ ու հասարակական բարեկեցության կանոններին ակնհայտ հակառակ վարքագիծ, նրանց հետ տանել բացատրական աշխատանքներ և ձեռնարկել բոլոր վարչական միջոցները՝ ծագող հանրային վտանգը կանխելու
ուղղությամբ:
4. Առավելագույն ջանքերը գործադրել՝ միջանձնային հարաբերություններում ձևավորված խնդիրները ինքնիրավ, բռնության կամ անօրինական այլ գործողությունների զուգակցմամբ լուծելու դեպքերը վեր հանելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև այդպիսի երևույթները նախականխելու ուղղությամբ:
5. Ձեռնարկել վարչական պատասխանատվության ողջ գործիքակազմն առանց բացառությամբ՝ վարչական իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ բնականաբար, հաշվի առնելով արդարության և մարդասիրության սկզբունքները:
6. Հանցավորության դեմ պայքարելու լիազորությունների իրականացմանը զուգահեռ՝ նաև մշտապես աշխատել սեփական շարքերում պետական համակարգի հեղինակությունը նվաստացնող, ոստիկանին, պետական ծառայողին ոչ հարիր վարքագիծ ցուցաբերող անձանց բացահայտելու և նրանցից ձերբազատվելու ուղղությամբ, ինչպես նաև հատկապես հանրության հետ
մշտապես շփվող անձանց հետ անցկացնել բարեվարքության, պատշաճ խոսքի և դիմելաձևի ու դրանց զարգացման դասընթացներ:
7. Լիազորությունների իրականացման ընթացքում մշտապես մնալ օրինականության սահմաններում, անշեղորեն հարգել մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները, պատշաճորեն արձագանքել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավունքի խախտման մասին ներկայացվող ցանկացած ահազանգի:
Դատախազությանն ուղղված խոսքում Նախագահը կարևորել է դատախազության հսկողական և վերահսկողական լիազորությունների անշեղ իրացման անհրաժեշտությունը՝ հանցավորության դեմ պայքարը և քրեական քաղաքականությունը էլ ավելի վստահելի դարձնելու, ինչպես նաև հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս օրինականության լիարժեք պահպանության համար:
Հանրապետության Նախագահը գործադիր իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց հանձնարարել է՝
ա) պատշաճորեն քննարկել իրավապահ մարմինների կողմից ներկայացված ցանկացած միջնորդագիր կամ հաղորդում, անհետաձգելիորեն ձեռնարկել բոլոր միջոցները իրավապահների կողմից ներկայացված՝ հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու ծնող պայմանները վերացնելու ուղղությամբ, ցանկացած հարցման պատասխանել կամ պահանջվող ցանկացած փաստական տվյալ կամ հավանական ապացույց տրամադրել ամենակարճ ժամկետում,
բ) պատշաճորեն արձագանքել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ցանկացած հարցման, անհետաձգելի ու գործուն միջոցներ ձեռնարկել իրավունքի խախտումը վերացնելու յուրաքանչյուր առաջարկության,
գ) պատշաճ փոխգործակցությամբ, պետական ինստիտուտների միջև փոխադարձ հարգանքի ու փոխլրացնող հարաբերություններով, քաղաքացիների իրավունքների իրացմանն անմնացորդ ու հոգատարաբար օժանդակելու աշխատանքով ու մոտեցմամբ նպաստել պետական համակարգի հեղինակության բարձրացմանը, հանրային վստահության ձևավորմանն ու աճին, իրավակարգի ու պետականության ամրապնդմանը: