ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 21

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։ «Առաջիկայում սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,- նշել էր նա։ 2021-ին, սակայն, նման պատմական ու ռեկորդային արդյունք չգրանցվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանն ասաց. «Դա կանխատեսվող ցուցանիշ էր, բայց մենք աննախադեպ հունիս ամիս ունեցանք, ու այդ ցուցանիշը, ցավոք սրտի, չգրանցվեց»: Ազիզյանի փոխանցմամբ՝ Սեւանա լճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2017-ի հունիս-հուլիս ու 2021-ի մայիս ամիսներին (1900.91 մ): Նիկոլ Փաշինյանի հերթական սենսացիոն հայտարարություն-խոստումը, փաստորեն, ընդամենը քաղցր սուտ էր: Հիշեցնենք, որ դեռեւս 2020-ին Փաշինյանի կաբինետը քննարկման էր ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սեւանա լճի մակարդակի բարձրացումն էր: Ծրագրի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց, դե իսկ Սեւանա լճի մակարդակը, փաստորեն, չբարձրացավ, ու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց քաղաքացիներին:

 

 

Պետական կառավարման ակադեմիայում քաղաքական վերադասավորումներից հետո եւս քաղաքական իրավիճակ է փոխվել: 2021-ից սկսած, երբ Խաչատուր Ղազեյանը սկզբից որպես ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց, ապա ռեկտոր ընտրվեց, ակադեմիայում իրավիճակ է փոխվել: Նախորդ տարի՝ 2021-ին, մի շարք դասախոսների հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է: Նրանք հիմնականում քաղաքական դեմքեր են՝ դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, եւ այլք: Ինչ վերաբերում է ակադեմիայում տիրող մթնոլորտին, ապա այստեղի հնաբնակները զարմացած են, թե ինչպես կարող էր Խաչատուր Ղազեյանը, որն ուսման վարձերի ստացականներն էր հավաքում ու լսարանային հարցերը կարգավորում, միանգամից ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, կամ ինչպես ստացվեց, որ ուսումնական գծով պրոռեկտոր նշանակվեց թեկնածուական չպաշտպանած Էդգար Առաքելյանը: Հայաստանում, ի դեպ, պետական երկրորդ բուհը դժվար թե գտնվի, որտեղ պրոռեկտորը կարող է չպաշտպանած լինել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ղազեյանը ռեկտորի պաշտոնին է անցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով ու օժանդակությամբ: Ակադեմիայից մեզ փոխանցեցին, որ նա վրեժխնդիր է լինում, գրավոր նկատողություններ անում բոլոր այն մարդկանց, որոնք մինչեւ ռեկտոր դառնալն իրեն փոքր-ինչ թարս են նայել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել են համաձայնության հասնել եւ հաշտվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել: Եվ, ահա, դեպքից գրեթե մեկ տարի անց կողմերին հաջողվել է համաձայնության հասնել, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էլ փորձում են ամեն ինչ անել քրեական գործին ընթացք չտալու եւ այն դատարան չուղարկելու համար: Հավելենք, որ այժմ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ նրա որդին ազատության մեջ է: Սա նշանակում է, որ իշխանության թիմում գտնվելու հանգամանքը կարող է քրեական գործ կոծկելու պատճառ հանդիսանալ:

 

 

Հայաստանում տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ. պատճառը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն է: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Կենտրոնական բանկի պահանջով բանկերը հրաժարվում են տնտեսվարողի ունեցած ՀԴՄ սարքերի վրա պոստ-տերմինալ ակտիվացնել եւ պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն թավշյա հեղափոխությունից հետո»։ Ըստ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ այսօր կա 61 հազար 921 նոր սերնդի ՀԴՄ, որոնցից 12 հազար 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն: «Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին եւ ակտիվացնել պոստ-տերմինալով վճարում ընդունելու հնարավորությունը: 49375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել, որ օրենքի խախտմամբ է, եւ ստիպված են լինելու տուգանել կամ այլ սանկցիոն միջոցներ կիրառել տնտեսվարողի նկատմամբ: Իսկ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը առաջարկում է պատկան կառույցներին խնդիրը մինչեւ հուլիսի 1-ը կարգավորել, հակառակ դեպքում տնտեսվարողները ստիպված են լինելու անհնազանդության ակցիաներ իրականացնել: «Հենց այդ ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100-150 հազար դրամ վճարել։ Ինքս երեք սարք եմ ձեռք բերել եւ ծախսել 450 հազար դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը եւ եւս 450 հազար դրամով ձեռք բերեմ նոր երեքը»,- վրդովվեց մեր զրուցակիցը։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է կողմնորոշվել՝ ինչ են ուզում պետական կառույցները, այլ ոչ թե ամեն ղեկավար իր քմահաճույքը թելադրի:

 

 




Լրահոս