Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժման մասնակիցներից վերջին 35 օրվա ընթացքում տարբեր ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 2100 հոգի:Երևանի Ֆրանսիայի հրապարակում հունիսի 6-ին կայացած հանրահավաքի ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ դա ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալ է:
«Այս ընթացքում ձերբակալվել է 48 քաղաքացի, որից 27-ը ներկայում կալանքի տակ է: Կան հարուցված մի քանի գործեր, որոնց շրջանակում տարբեր քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել: Սա հնչեցնում եմ, որ բոլորը հասկանան, որևէ ճնշում, ձերբակալում մեր շարժումը չի կասեցնելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունը հայտնեց այն հանգամանքի կապակցությամբ, որ մինչ այժմ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նա նշեց, որ այդ հարցով դիմում է դատախազությանը:
«Դիմադրություն» շարժումը շարունակելու է իր պայքարը: Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները հանվում են ու շարժման մասնակիցները դադար են վերցնում:
«Դադար վերցնելու, հետ քայլի, նահանջի խնդիր չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Վրաններն ինքնանպատակ չենք տեղադրել, այսօր կարող եմ ասել, որ հրապարակից դուրս գալու որոշում չունենք: Վրանները տեղադրել ենք հրապարակում ու 24 ժամվա ռեժիմով պայքարում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ քննարկում են, թե ինչպիսի մարտավարություն ընտրեն, որ շարժմանը նոր թափ հաղորդեն ու այն ավելի ընդլայնվի: «Դիմադրություն» շարժումը շաբաթվա վերջում հանդես կգա ծրագրային դրույթներով՝ ուղղված շարժումն ավելի կազմակերպված դարձնելուն:
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ դատախազության շենք: