Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ պայմանագիր կկնքվի 20 տարի ժամկետով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Այդ փոփոխություններից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը կսահմանվի 20 տարի:

Դրանից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն է սահմանվում, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, սահմանվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, սահմանվում են անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաեւ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները, նախատեսվում է, որ բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը եւ պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Սահմանվում է նաեւ, որ համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Բանն այն է, որ վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության եւ նախարարության գործուղմամբ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության քանակական եւ որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ եւ որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի եւ ներկա դրությամբ դրանց արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության եւ սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ:

Բացի այդ, եթե մինչեւ 2018 թվականը գործող նախկին «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված էր բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զինծառայողների համար ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովության իրավունք, գործող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով այն փոխարինվեց արտոնյալ եւ երկարաժմկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում պետական ֆինանսավորումը սահմանափակվում է առավելագույն 28,5 մլն դրամի 10 տոկոսի չափով կանխավճարի եւ վարկի տոկոսագումարների առավելագույնը 3 տոկոսի չափով ամսական սուբսիդավորման հատկացմամբ:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարեւորվել եւ ամրագրվել է զինվորական ծառայության շահադրդման նյութական եւ բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, արհեստավարժ զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացումը, որի շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության եւ կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար բնակարանային ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողների համար լուծել ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովությանը հարցը:

Ն.Հ.




Լրահոս