ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նուբարաշեն» պոլիկլինիկայի տնօրենը թերապևտներից պահանջել և ամեն ամիս ստացել է աշխատավարձների 30 տոկոսի չափով կաշառք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ Երևանի քաղաքապետարանի «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենը 2013-ից 2022 թվականների ընթացքում պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտից որպես կաշառք պահանջել և ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով։

Ավելորդ խնդիրներից խուսափելու և աշխատանքը չկորցնելու մտավախությունից ելնելով` թերապևտը համաձայնել է և մինչև 2022 թվականի ապրիլ` աշխատավարձից, հետո նաև հավելավճարներից կանխիկացրել ու տնօրենի աշխատասենյակում նրան որպես կաշառք առձեռն տվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 միլիոն 800 հազար դրամ։
Բացի այդ, տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, մի քաղաքացու տեղամասային թերապևտի ազատ հաստիքում աշխատանքի ընդունելու և հետագայում հովանավորչության համար, իր աշխատասենյակում առաջարկել է որպես կաշառք յուրաքանչյուր ամիս իրեն փոխանցել հատկացվելիք աշխատավարձի և հավելավճարների 30 տոկոսի չափով գումար: 2014 թվականի օգոստոսի 1-ին քաղաքացին ընդունվել է աշխատանքի և մինչև այս տարվա ապրիլ ամիսը տնօրենին առձեռն տվել է ընդհանուր ավելի քան 6 միլիոն 630 հազար դրամ։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:




Լրահոս