Հայաստանյան պարենի շուկայում ռեկորդային թանկացումներն են։ Իմ ամբողջ գիտակից կյանքի մեջ չեմ հիշում նման դեպք, երբ ամենաէժան՝ փտած, կիսանեխած հին կարտոֆիլի արժեքը 550, նորինը՝ նվազագույնը 700 դրամ լինի։ Տարվա այս սեզոնին, երբ բանջարեղենը էժանանում է, երևանյան խանութներում կանաչեղենի կապը 200-250 դրամից համառորեն չի իջնում, պոմիդորի նվազագույն գինը 700 դրամ է և այլն, և այլն։
Քաղաքական իշխանության ներկայացուցիչները՝ կառավարական կաբինետի անդամներն ու պատգամավորները, դարակազմիկ այս թանկացումների համար կգտնեն ու կներկայացնեն թեկուզ ամենաանտրամաբանական արդարացումը, միայն թե խուսափեն իրերին իրական անուն տալ։ Դե իսկ ելքեր փնտրելու ու գնային քաղաքականությունը ռելսերի վրա գցելու մասին ավելորդ է խոսել․ դրանով զբաղվելու կա՛մ հավես, կա՛մ բավարար կամք, կա՛մ, որ ամենասարսափելին է, գիտելիք ու հմտություններ չունեն։
Հետաքրքիր է՝ Ազգային ժողովի ամբիոնից ինչպե՞ս կարտահայտվեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եթե մեր օրերում 750 դրամ կարտոֆիլ գներ։ Նա, հիշեցնենք, հեգնելով ՀՀԿ-ի իշխանությանը, թե գնաբարձրացման համար բավարար ջանքեր չեն ներդնում, հեգնում էր «նախկիններին ու ասում․ «Ի՞նչ է եղել, ժողովուրդ ջան, միսը թանկացել է, խառը կանաչի կերեք»։
Հիմա, փաստորեն, ՀՀ «հպարտ» քաղաքացիներն անգամ խառը կանաչի գնելիս են դժվարանում, ու չգիտեն, թե ինչպե՞ս լուծեն օրվա հացի խնդիրը։
Սևակ Վարդումյան