«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021-ի նոյեմբերի 30-ին հայտարարեց՝ ջրի գինը թանկանում է 20 դրամով: Ըստ ՀԾԿՀ-ի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջուր 2022 թվականից վաճառվում է 200 դրամով: Սակագինը միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար չի փոխվել՝ մնալով 180 դրամ:
Իրականում, ըստ ավելի վաղ կնքված պայմանագրի, խմելու ջուրը դեռ 2018-ի դեկտեմբերին պետք է թանկանար, բայց նույն տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր. «Դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրը ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ի վիճակի եղանք, կարողացանք աշխատել ու պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»:
Այս հայտարարությունից մոտ 2.5 տարի անց, փաստորեն, Փաշինյանի խոսքերը օդում մնացին, ու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները, այս տարվանից սկսած, խմելու ջրի համար թանկ են վճարում:
Նիկոլ Փաշինյանն, իհարկե, իրեն բնորոշ ոճի մեջ հազար ու մի պատճառ կամ արդարացում կարող է բերել, թե իր ասած 2024 թվականը տիեզերական այլ չափումով է, իրականությունը, սակայն, այն է, որ նա հերթական անգամ ստել է։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում