ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննչական կոմիտեն ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի եւ լրագրողի միջադեպով որոշում է կայացրել. 20 օրվա ուսումասիրության հետեւանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին լրացավ Քննչական կոմիտեում ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի միջադեպի մասով նյութերի նախապատրաստման ժամկետը եւ Armlur.am-ը դիմել էր Քննչական կոմիտեի լրատվական բաժին՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ որոշում կայացվեց, հարուցվեց քրեական գործ, թե ոչ, ի պատասխան լրատվական բաժնից մեզ հայտնեցին.

«ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և նրա աշխատակցի կողմից առևերույթ հակաօրինական արարքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ 2022թ. մայիսի 02-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գևորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի և մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջև միջադեպը սկսվել է այն պահից, երբ Ս.Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից և չնկարահանել, սակայն Նարե Գևորգյանն այդ պահանջին որևէ կերպ չի արձագանքել, ավելին՝ շարունակել են նկարահանել և հարցեր տալ, ինչից հետո միայն Սարգիս Հովհաննիսյանը Նարե Գևորգյանի ձեռքում առկա խոսափողը հրել է մի կողմ:
Միաժամանակ պարզվել է նաև, որ Էդգար Պապինյանը «MediaHub.am» լրատվական կայքի օպերատոր Արման Աշոտի Ղարաջյանի կողմից դեպի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը մոտենալն ու վերջինիս տեսանկարահանելը կանխելով, ցանկացել է բացառել Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքային բնույթի խոսակցության հրապարակումը, այսինքն՝ վերջինիս գործողությունները բացառապես հետապնդել են Սարգիս Հովհաննիսյանի՝ ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հեռախոսային խոսակցության գաղտնիությունն ապահովելու նպատակ:

ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք»:
ՀՀ սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ (…)»:
Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ սահմանադրության և դրանից բխող՝ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համատեքստում Սարգիս Հովհաննիսյանի և մյուս անձանց՝ իրենց չտեսանկարահանելու պահանջն անհրաժեշտ է դիտել բացարձակ իրավաչափ և արձանագրել, որ նման պահանջ ստանալուց հետո լրագրողը պարտավոր էր դադարեցնել իր գործողությունները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցազրույցի և նկարահանման նախաձեռնությունը եղել է միակողմանի:
Նման պայմաններում լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Ղարաջյանի գործողությունները եղել են ոչ օրինաչափ, հետևաբար Սարգիս Հովհաննիսյանի և Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները:
Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Հովհաննիսյանի կողմից Ա.Ղարաջյանին ոտքով հարվածելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, վերջինս հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ պատճառաբանելով, որ հարվածից մարմնական վնասվածք չի ստացել, իսկ համաձայն դատահետքաբանական և դատաապրաքագիտական համալիր փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված տեսախցիկի արտաքին մակերեսների հետազոտությամբ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին»:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին ծանուցում է ուղարկելու՝ նախաքննական մարմին ներկայանալու եւ միջադեպի մասով բացատրություն տալու համար:

Ինչպես տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում: Բացատրությունները լսելուց, ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրեական գործ դեպքի առթիվ, թե ոչ: ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի նախաքննական մարմնում. հանցակազմն ակնհայտ է:

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը»:

Քնար Մանուկյան




Լրահոս