ՍԱՀՄԱՆԻՆ ԼԱՐՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱԶԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանային ցանկացած լարում բացասաբար է ազդում բանակցությունների վրա»,- ճեպազրույցում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպի մասին, երբ Սյունիքում սպանվեց շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը։

 

«Բնականաբար, ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, եւ դա նաեւ պատճառ է եղել, որ մենք դեռեւս սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի։ Ի դեպ, սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում, մենք կքննարկենք եւ հույս ունենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», – ասաց Գրիգորյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի՝ հայ-ադրբեջանական սահմանին առաջին հանդիպումից հետո սահմանազատման հարցով հանձնաժողովի հաջորդ հանդիպումը պետք է կայանա Մոսկվայում։ Այս հանդիպման օրն առայժմ հայտնի չէ, թեեւ, ըստ նախնական հայտարարությունների, այն պետք է տեղի ունենար այս շաբաթ, համենայնդեպս, այդ մասին նշել էր ե՛ւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ե՛ւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը եւ սահմանագծմանը կամ սահմանանշմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ առաջին հանդիպմանը որպես շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը շարունակեն քննարկել, թե ինչպես ենք մենք առաջ գնալու այս գործընթացում», – հավելեց Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նկատում է, որ բրյուսելյան վերջին՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։ Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից հետո Միշելը նշել էր. «Քննարկումը բաց էր եւ արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը եւ անհետ կորածների ճակատագրերը: Հետեւյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման եւ սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»:

Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիեւը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձեւաչափով եւս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը համաձայն է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Նաեւ պնդել էր, թե, ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների, «Զանգեզուրի միջանցքի» բացումը սարերի հետեւում չէ։

«Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ մենք ինչ բանակցում ենք, հրապարակային կոմունիկացնում ենք, որեւէ մեր գործընկերների կողմից հերքում չի եղել, ավելին՝ հաստատել են, որ քննարկվում է այն, ինչ մենք կոմունիկացնում ենք»։

Փաշինյան – Ալիեւ հանդիպումից 10 օր անց պարզաբանմամբ հանդես եկավ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը՝ հայտարարելով, որ երկու կողմերը Բրյուսելում հաստատել էին, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ «արտատարածքային պահանջներ չկան»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է

ArmLur.am-ին հասած տեղեկություննների համաձայն՝ 39 տարեկան տղամարդը ցանկացել է իրեն ցած նետել Արտաշատի մարզպետարանի շենքի տանիքից, սակայն, ըստ բնակիչների, ոստիկանները զրուցել են նրա հետ, համոզել են չգնալ այդ քայլին: Ոստիկանների գործողության արդյունքում կանխվել է ինքնասպանության դեպքը:

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է

Նախօրեին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Պարզվել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 23.30-ին՝ Հաղթանակի փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված երիտասարդին: Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել էին ոստիկանության Մալաթիայի բաժին: Պարզվել է դանակահարողի ինքնությունը: Հունիսի 1-ին 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Մալաթիայի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՏԻՎ Է

Վերջին 2 ամսում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տանում, քաղաքական եւ ռազմական հող նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար: Այս մասին նշել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ «Ադրբեջանի ՊՆ-ն հետեւողական պարբերությամբ կեղծ տեղեկատվություն է հրապարակում առ այն, թե հայկական կողմը պարբերաբար կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հիմնական «կրակվող» թեւը, իհարկե, դեպի օկուպացրած Քարվաճառն է, իսկ վերջերս՝ նաեւ Տավուշը: Ակնհայտ է, որ Քարվաճառի ուղղությունը պարբերաբար նշելով՝ ուղիղ թիրախավորում են ամբողջ Սյունիքը:  Բոլորովին էլ պատահական չէ, որ Ալիեւը իր բոլոր հանդիպումներին ժամանակ շեշտում է ուժ կիրառելու արդյունավետության եւ միջազգային իրավունքի չգործելու մասին: Եթե կարճ՝ նոր պատերազմի է պատրաստվում»,-ասել է նա:

 

 

«ԿՀԱՄԱՆԵՐՎԵՆ»

Օրերս Մոկսվայի քաղաքապետը որոշում է կայացրել, ըստ որի՝ «կհամաներվեն» բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմակ չդնելու համար տուգանվել են ոստիկանության կողմից։ Օրենքը կտարածվի ֆիզիկական ու իրավաբանական բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք նշված ժամկետներում համապատասխան փաստաթղթեր կներկայացնեն քաղաքապետարան։ Քաղաքային իշխանությունը ոչ միայն կչեղարկի դիմակ չդնելու համար նախապես կազմված արձանագրությունները, այլ նաեւ կվերադարձնի բոլոր այն քաղաքացիների գումարները, որոնք տուգանքը վճարել են։ Հետաքրքիր է՝ ինչ որոշում կկայացնի հայաստանյան իշխանությունը։ Կառավարությունը պատրաստակամ կլինի՞ չեղարկել տուգանքներն ու վերադարձնել գումարները, քանի որ փորձը ցույց տվեց, որ, անկախ դիմակ դնել-չդնելու հանգամանքից, մեծ թվով մարդիկ վարակվեցին կորոնավիրուսով։

 

 

 

Ի՞ՆՉ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նպատակով 570 միավոր հողամաս հանրության գերակա շահ կճանաչվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը նախատեսում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների եւ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում Սյունիքի մարզի տարածքում գտնվող 570 միավոր հողամաս, եւ առանց դրանց օտարման հնարավոր չէ այս ծրագրի իրագործումը: Ըստ կառավարության՝ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանա առեւտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղեւորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր, կստեղծվեն բարենպաստ տրանսպորտային պայմաններ հարակից բնակավայրերի բնակիչների համար, ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր, կմեծանա Հայաստանի տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների հոսքը: Ի դեպ, տեղեկացնենք, որ օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 30-ն է:

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ

Armlur.am-ի տեղեկություններով՝ ուշագրավ դեպք է գրանցվել Էրեբունի վարչական շրջանում։ Հունիսի 1-ին՝ ժ.18.00-ին, Մ. Իսահակյանը իրավապահներին է դիմել եւ հայտնել, որ իր քույրերը, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, իրենց հոր՝ Կ. Մնացականյանի կողմից պարբերաբար տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել են սեռական բնույթի բռնի գործողությունների: Այս հաղորդման հիման վրա երեկ իրավապահները գնացել են Էրեբունի վարչական շրջան, ժ.18.30-ին Կ. Մնացականյանին բերման են ենթարկել եւ ձերբակալել:

 

 

 




Լրահոս