Կառավարությունը հավանություն է տվել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին եւ այն համարել անհետաձգելի: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարման խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որի կազմի մեջ են մտնում արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ իր տեղակալը, երեք դատախազ եւ երեք դատավոր։ Օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչները իրականացնում են Ակադեմիայի կառավարումը, սակայն տվյալ խորհրդի կազմում ներառված չեն Հակակոռուպցիոն կոմիտեից եւ Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ։
Հարկ է նշել, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում եւ վերապատրաստում են անցնում ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդներ, դատավորներ, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք եւ դատախազներ, այլ նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք եւ Քննչական կոմիտեի քննիչներ։ Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների ընդգրկվածությունը հնարավորություն կտա անմիջականորեն մասնակցելու խորհրդի գործունեությանը: Նրանք հնարավորություն կունենան նաեւ մասնագիտական տեսանկյունից կանոնակարգելու քննիչներին վերաբերող գործընթացները՝ նպաստելով ժամանակակից եւ իրավակիրառ պրակտիկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։ Միաժամանակ պետք է նշել նաեւ, որ ոչ միայն կարեւորվում է Ակադեմիայի կառավարման խորհրդում այդ երկու կառույցներից ներկայացուցիչներ ունենալը, այլեւ էական է համարվում յուրաքանչյուր կառույցից հավասար թվով ներկայացուցիչներ ունենալու հանգամանքը: Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ապահովել դատավորներ, դատախազներ, քննիչներ պատրաստող եւ վերապատրաստող կառույցի կառավարման խորհրդի կազմը ձեւավորելիս՝ նախատեսելով յուրաքանչյուր կառույցից երեք ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարության ներկայացուցչին թողնելով անփոփոխ։
Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն եւ Քննչական կոմիտեն հնարավորություն կունենան հավասար պայմաններով մասնակցելու դատավորներ, դատախազներ ու քննիչներ պատրաստող եւ վերապատրաստող մարմնի՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից կառավարման գործընթացի իրականացմանը։
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են օրենսդրության պահանջներին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանության ուսումնասիրությունները: Այդ շրջանակում ստուգվել է նաեւ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Գ. Գեւորգյանին պատիժը կատարելու համար մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշման օրինականությունը:
Արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 23-ից ամուսնության նպատակով կնոջ առեւանգելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գ. Գեւորգյանը պատիժը կատարելու համար տեղաբաշխվել է «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ուղղիչ հիմնարկ եւ կրել պատժի մեկ երրորդից ավելին: 2022թ. հունվարի 20-ին նա դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ, ինչի հիման վրա ՔԿՀ պետը միջնորդագրով դիմել է Տեղաբաշխման հանձնաժողովին:
Տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշմամբ, սակայն, խնդրանքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ պատիժը կրելու ընթացքում վերջինս բավարար մասնակցություն չի ունեցել վերասոցիալականացման աշխատանքներին: Հանձնաժողովը հաշվի է առել նրա չաշխատելու հանգամանքը եւ գտել, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը դեռեւս նպատակահարմար չէ: Ուսումնասիրելով Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման որոշումը, նյութերը եւ դատապարտյալի անձնական գործը՝ դատախազությունը գտել է, որ այն հակասում է գործող օրենսդրությանը: Մասնավորապես՝ հանձնաժողովը պատշաճ գնահատական չի տվել դատապարտյալի անձին, նախկինում դատապարտված եւ արատավորված չլինելու հանգամանքներին: Բացի այդ, պատիժը կրելն սկսվելուց գրեթե մեկ ամիս անց նրա մոտ նկատվել է վարքագծի դրական տեղաշարժ, որը կրել է շարունակական բնույթ. նա ընդգրկվել է ՔԿՀ-ում իրականացված համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտությունի, դեկորատիվ կիրառական արվեստի դասընթացներին եւ ստացել հավաստագիր, մասնակցել է ՔԿՀ-ում անցկացված շախմատի, շաշկիի, սեղանի թենիսի, բիլիարդի առաջնություններին, ընդգրկվել մարզական ինքնագործ միավորման կազմում:
Բացի այդ, ՔԿՀ-ն եւս տվել է դրական բնութագիր՝ արձանագրելով, որ Գ. Գ.-ն դրսեւորում է դրական վարքագիծ, նրա ուղղման գործընթացում առկա է դրական դինամիկա, կատարած հանցագործության համար զղջում է, ընդունում է մեղքը, պատիժը կրելու ընթացքում բացասական (ռիսկային) հաշվառումների չի վերցվել:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատախազությունը որոշմամբ միջնորդել է տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել Գ. Գեւորգյանին պատիժը կատարելու համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին իր որոշումը։ Չնայած տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ մերժել է միջնորդությունը, սակայն Գլխավոր դատախազությունը հանձնաժողովին կրկին համանման միջնորդություն է ներկայացրել:
ԴՐԱՄԱՊԱՆԱԿ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Անհայտ անձը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի տարածքից գողացել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ մայիսի 31-ին՝ ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երեւանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել են գումար, բանկային քարտեր եւ այլն։ ՌՈ օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։ Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, ՌՈ Երեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս ձեռնարկված լայնածավալ եւ տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երեւանի Անդրանիկի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ՌՈ Երեւանի բաժին բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ Վ. Ա.-ն, որը տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։ Դեպքի առթիվ ՊՆ ՌՈ Երեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են իրականացրել Արմավիրի մարզպետարանի դիմաց. նրանք ցանկանում են պարզել մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի դիրքորոշումը Դիմադրության շարժման ներկայացրած փասատաթղթի վերաբերյալ։ «Յուրաքանչյուր հայի համար արժանապատվության հարց է Արցախի խնդիրը։ Այսօր հասել ենք մի այնպիսի փուլի, որ նույնիսկ վիճարկվում է՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, թե ոչ»,- ասել են ակցիային մասնակիցները:
Մարզպետը, փոխմարզպետը մարզպետարանում չեն եղել, քաղաքացիները աշխատակազմի ղեկավարին փոխանցել են իրենց պահանջներով փաստաթուղթը։
«Անձամբ եմ ճանաչում մարզպետին, գիտեմ, որ հայրենասեր է, բայց մնացած մարզպետերի նման այսօր ինքն էլ է գերի վարչապետի ձեռքը։ Կխնդրեմ՝ ինքն այդ մոլորվածությունից դուրս գա, միանա մեր ժողովրդին, մեր պայքարին, ու միասին մեր երկրի անվտանգության հարցը լուծենք»,- ասել է քաղաքացիներից մեկը։ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկելով՝ քաղաքացիները հեռացել են մարզպետարանի շենքի մոտից։