ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ 5 ԱՄԻՍ Է՝ ԴԵՌ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերի պահանջներին. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

 

Մարզային հերթական այցելություններիս ժամանակ՝ ս.թ. հունվար ամսին, եղել եմ  Գեղարքունիքի Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերում։ Բնակիչները տեղում հրատապ խնդիր էին բարձրացրել առ այն, որ Գեղամասար եւ Սոթք համայնքներին սպասարկող՝ «Տերտերի ձոր» կոչվող հատվածով անցնող, 2002թ. կառուցված ջրատարը, Նորաբակ համայնքի ջրային ակունքի տարածքը, Գեղամաբակ եւ Ջաղացաձոր համայնքների ջրային ակունքը թշնամու ներխուժման հետեւանքով գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բնակիչները խմելու ջրից թունավորման մտավախություններ ունեին, ինչի համար ջուրը բերում էին հարակից համայնքներից, որն էլ բազում անհարմարությունների պատճառ էր դարձել։

Այսպիսով, նախորդ տարվա մայիսի 13-ից ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման արդյունքում մարդիկ զրկված են կենսական իրավունքներից, ուստի խնդրի լուծման ուղղությամբ հետեւողական քայլերի անհրաժեշտություն կար։ Պաշտոնական գրություններիս ի պատասխան քանի դեռ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում էր, որ վերջին անգամ ս.թ. հունվար ամսին եւ փետրվար ամսվա 1-ին տասնօրյակում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել, Ջրային կոմիտեն էլ նշում էր, որ այդ բնակավայրերը չեն գտնվում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում եւ առաջարկում էր դիմել լիազոր պետական մարմնին, աշխատեցի ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ:

Եւ, ահա, տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ի պատասխան իմ գրության, հայտնում է, որ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւելյան տարածքային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ, Ջաղացաձոր համայնքների ջրամատակարարման համակարգերի զննում, որի արդյունքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի Կարգադրագրով կասեցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր բնակավայրի մի մասի եւ ամբողջ Գեղամաբակ բնակավայրի ջրամատակարարումն ապահովող եւ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը։

Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ եւ Ջաղացաձոր բնակավայրերի խմելու ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողություն չի իրականացվում, իսկ մանրէաբանական եւ սանիտարաքիմիական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Սոթք բնակավայրի «Զավենի ձոր» աղբյուրի ջրի ծորակից, Նորաբակ բնակավայրի գյուղամիջյան սկզբնամասի խմելու ջրի ծորակից, Ջաղացաձորի գյուղամիջյան առաջին աղբյուրի ծորակից վերցված ջրի նմուշները չեն համապատասխանել նորմերի պահանջներին:

Իմ կողմից բարձրացված խնդրի լուծումը մոտ 5 ամիս է՝ դեռ չկա: Տեղեկացա, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Վարդենիս համայնքի ղեկավարին տրվել է Կարգադրագիր 30-օրյա ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար։ Հետեւողական կլինեմ, որպեսզի ՀՀ սահմանամերձ շրջանի բնակիչների կենսական խախտված իրավունքները վերկանգնվեն, եւ մարդկանց առողջությունը չվտանգվի միայն ծորակից ջուր խմելու պատճառով»:

 

 

 

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։ Վերահսկողության ընթացքում խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ վաֆլի «Նեժնիյե» (2 հատ, 125գ, «Սովռանո» ՍՊԸ), լուծվող թխվածքաբլիթ (1 հատ, 180գ.) ծամվող մարմելադ «Յոգուրտային» (140գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող կոնֆետ «Մարմա թթու» (70գ 3 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող մարմելադ «Մարմարա ֆրումելադիկ» (70գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), բլղուր (0,5 կգ, 2 հատ, «Ալեքս & Հոլդինգ» ՍՊԸ), շոկոլադ ջնարակապատ «ըպսՏփՍՈ» (250գ, 1 հատ, «Մեգա ֆուդ» ՍՊԸ), կլոր բրինձ 1 կգ, «Անուշ լինի» ՍՊԸ), պանրիկ «President» 400գ (1 հատ, «Լակտալիս Արմա» ՍՊԸ)։ Վերը նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից եւ ոչնչացվել։

 

 

 

«ՔԵՇ» ՓՈՂՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկն է։ Կառավարության հունիսի 2-ի հերթական նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ հիշեցնել, որ մեր նպատակադրումը եւ պլանավորումը այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլեւս բնակարանների եւ ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Իհարկե, մենք ենթաօրենսդրական ակտերով պետք է այս ամենը ապահովենք»,- ասաց Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ ներդրվելու է այնպիսի կարգավորում, որ եթե որեւէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չարձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ։ «Այնպես որ, խնդրում եմ ուշադիր լինել։ Խնդրում եմ, որ որեւէ մեկը չմտածի, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել։ Ընդհակառակը, մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել, նաեւ սրա հետ մենք լրջագույն հարակից էֆեկտներ կստանանք՝ սկսած ֆիսկալ էֆեկտից, ավարտած հակակոռուպցիոն էֆեկտով։ Այնպես որ, սրա հետ կապված բոլոր ենթաօրենսդրական ակտերը շատ արագ պետք է մշակել, որպեսզի մեր նպատակադրումներին հասնենք»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 3-րդ խմբի հաշմանդամ, Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի նորոգման վաշտի  ավտոմոբիլային եւ զրահատանկային դասակի մեխանիկական աշխատանքների եւ ընթացիկ նորոգման ջոկի ավտոփականագործ, կոչումով շարքային, 1975թ. ծնված Լորիս   Չոբանյանն իր բնակության վայրում՝ Տավուշի մարզի Ն. Կ. Աղբյուր բնակավայրի 9-րդ փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տանը, ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող թվով 380 հատ 7.6 մմ տրամաչափի գնդացրի, 2 հատ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի եւ  120 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ:

Նշված փամփուշտները 2022թ. հունվարի 25-ին հայտնաբերվել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչ Արսեն Բագումյանի կողմից Լորիս Չոբանյանի տանը զենքի հերթական ստուգումներ կատարելու ժամանակ:  Լ. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ՝ 1993թ. ապրիլի 16-ին՝ հայկական հողում կառուցված ադրբեջանական դիրքը ետ վերցնելու ընթացքում, գետնատնակից գտել եւ վերցրել է նշված փամփուշտները, տեղափոխել իր տուն, ինքը  հանդիսանում է որսորդմիության անդամ, ունի «Մոսին» տեսակի հրացան, որի համար օգտագործվում է 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, նշված փամփուշտները չի օգտագործել, ոչ մեկին չի տվել, չի նվիրել, ինչպես բերել է տուն, այդպես էլ մնացել է, այսքան տարի պահել է ինքնապաշտպանվելու նպատակով, քանի որ ապրում է սահմանամերձ գյուղում, մտածել է, որ երբեւէ պետք է գալու:  Պատիժ նշանակելիս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Լ. Չոբանյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնմող հանգամանք է  դիտել այն, որ նա երրորդ խմբի հաշմանդամ է, 1992-1994թթ. մասնակցել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանների՝  Ներքին Կարմիրաղբյուրի սահմանային հատվածի պաշտպանության համար մղված  մարտերին, բնութագրվում է բավարար, ընդունում է մեղքը եւ զղջում կատարածի համար։

2022թ. մայիսի 2-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը   վճռել է Լորիս  Չոբանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման երեք ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ  նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով  մեկ տարի ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս