ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 23

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 16-ին հերթական ասուլիսն էր տալիս: Ասուլիսի ընթացքում անդրադառնալով պետությանը հասցված վնասի հետ կապված քրեական գործերին՝ նախ՝ նշեց, որ այդ վնասի վերականգնման դինամիկան իրեն չի գոհացնում, ապա հավելեց. «Հանրությունն ասում է՝ բա թալանածը ինչի՞ չեք հետ բերում: Ճիշտ է ասում: Չէ, հետ բերում ենք, բայց ինչի՞ բավարար տեմպերով հետ չենք բերում: Որովհետեւ էդ կոռուպցիոն համակարգը որ ստեղծվել է, հո նենց չի՞ ստեղծվել. ինքը իր համար լիքը օրենքներ ու սահմանափակումներ է, չէ՞, դրել, որ դուք՝ որպես լրագրող, մենք բոլորս չկարողանանք հասանելիություն ունենալ եւ ամբողջական պատկեր տեսնել: Բա որ ասում էին՝ բա Սաշիկի փողերը ո՞ւր են, որի մասին ասում էինք: Չնայած էս վերջերս իրադարձություններ են ի հայտ գալիս, ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է: Կոռումպացված փողերը մինչեւ վերջին կոպեկը հետ են բերվելու Հայաստանի պետական բյուջե»:

Այժմ հիշենք, թե Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2019-ն ինչպես էր արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին: Ընդդիմադիր պատգամավորը 2018-ի հոկտեմբերի 8-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տնտեսությունը կախված է ոչ թե կառավարության, Կենտրոնական բանկի կամ որեւէ այլ գերատեսչության որոշումից, այլ նրանից, թե ինչքան գումար կուղարկվի արտերկրից:

«Գնեք շաքարավազ, թե բանան, նույն գրպանն է գնում: Այդ մարդիկ (խոշոր գործարարները) շատ մերձավոր կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ: Քանի դեռ Հայաստանում այսպիսի իշխանություն է, որի համար ամեն կոպեկի վրա կոնտրոլ ունենալը կարեւոր է, ազատ գործարարությունը Հայաստան չի գա: Իսկ Հայաստանում ամենահայտնի տնտեսական գործակիցը Սաշիկ Սարգսյանի գործակիցն է՝ իրենից բխող 50-տոկոսանոց հետեւանքներով»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով Հայաստանում տարածված այն զրույցները, որ Սերժ Սարգսյանի եղբայրը «տանիք է կանգնում» մի շարք գործարարներին՝ փոխարենը պահանջելով նրանց բիզնեսի 50 տոկոսը։

Օրվա քաղաքական իշխանության ղեկավարը, փաստորեն, տարիներ անց կտրուկ փոխել է տեսակետը Ալեքսանդր Սարգսյանի մասին ու խոստովանել, որ տարիներ ի վեր հնարավոր բոլոր հարթակներից Սարգսյանի մասին ոչ ճիշտ, մանիպուլյատիվ հայտարարություններ է արել, ու որ նա ամենաանմեղ դեմքն է:

 

 

 

 

Երեկ Երեւանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստի շրջանակում  հանդիպումներ եղան նաեւ  ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։ Նիստին մասնակցում էին 120-ից ավելի անդամներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամների համար ոչ պաշտոնապես ընթրիք էր կազմակերպված «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Հիշեցնենք,  որ այդ համալիրը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կամ, այլ կերպ ասած, «նախկիններին»։ Եվ այստեղ ուշագրավ է, որ հունիսի 4-ին այդ նույն ռեստորանում անցկացվել է ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանի թոռնուհու հարսանեկան արարողությունը, որի հարսանիքի քավորը նույն Կարեն Կարապետյանի որդին էր։ Ստացվում է՝ մեկ օր այնտեղ ընդդիմությունն է, մյուս օրը՝ իշխանությունը։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում: Մասնավորապես, նախաքննական մարմինն ակտիվ կերպով  հարցաքննության  է  հրավիրում Զինված ուժերի պաշտոնատար  անձանց: Տեղեկացանք, որ օրերս հարցաքննության են հրավիրվել ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին այլ պաշտոնյաներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը նաեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից զինվորական քննչական կտեղափոխի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ դարձյալ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը հարցաքննելու է պատերազմի հետեւանքով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանն արդեն մոտ 20 անգամ հրավիրվել է նախաքննական մարմին՝  հարցաքննության, իսկ Օնիկ Գասպարյանը մոտ 10 անգամ է հրավիրվել հարցաքննության: Առաջիկայում ուշագրավ  բացահայտումներ ու կալանավորումներ են սպասվում:

 

 

 

 

Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնի շուրջ դժգոհություններն ավելանում են: Եթե մինչ այս «Ժողովուրդ»  օրաթերթը սելիտրայի գնի փոփոխության հետ կապված դժգոհություններ ստանում էր Արմավիրի, Արարատի մարզերից, ապա հիմա նրանց են միացել Գեղարքունիքի բնակիչները: Այս անգամ «Ժողովուրդ»  օրաթերթին են դիմել Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, որոնց պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»  օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ. «Մեկ պարկ ռուսական սելիտրայի դիմաց գյուղի բնակիչները վճարել են 12000 դրամ, բայց հետո չեղարկվել է, ու սելիտրան Ռուսաստանից չի եկել Հայաստան»: Գյուղապետի խոսքով՝ ռուսական սելիտրայի՝ հայկական սահմանով չանցնելու պատճառը Վերին Լարսի ճանապարհի փակ լինելն է եղել: «Քանի որ գումարները հավաքվել էր, կառավարությունը որոշեց սելիտրան փոխարինել իրանական արտադրության կարբանիտով: Սելիտրայի մեջ պարունակող ազդող նյութը 34 տոկոս է, իսկ կարբանիտի մեջ՝ 46 տոկոս, բնականաբար, գումարն էլ ավելացել է: Նորից վերաբաշխում արեցինք, մարդիկ յուրաքանչյուր պարկի դիմաց 2000 դրամ ավելացրին… Կարբանիտն էլ ստացել ենք, բաշխել մարդկանց, եւ չկա մարդ որ չի ստացել»,- տեղեկացրեց գյուղապետը:

 




Լրահոս